Հովհ. Թումանյանի թանգարանի շուրջ վերջերս եւ կրկին ծավալված խոսակցությունների շուրջ հրավիրված «սեղան-ասուլիսին» ներկա ավագ սերնդի ակադեմիկոս-գրականագետ-դոկտորներին տեսնելով անմիջապես հիշեցի Հայաստանի Գրողների միությունում վերջին ամիսներին գրական ֆոնդի շուրջ ստեղծված աղմուկը։ Այն ժամանակ էլ նույն անունները՝ Սիլվա Կապուտիկյան, Էդվարդ Ջրբաշյան, Լեւոն Հախվերդյան, Ազատ Եղիազարյան (եւ այլն) բաց նամակով դիմեցին հայ ժողովրդին՝ թե փրկեք Գրողների միությունը։ Տարբերությունն այն էր, որ այն ժամանակ աղմուկը սկսել էր Արեւշատ Ավագյանը, իսկ այս անգամ՝ Հովհ. Թումանյանի թոռնուհիներից մեկը՝ Իրմա Սաֆրազբեկյանը։
Այսինքն՝ թանգարանին վերաբերող այս համառ պայքարը Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի դեմ սկսված եւ տապալված պայքարի շարունակությունն է, որի հեղինակները հենց ավագագույն սերնդի ակադեմիկոս-դոկտոր-գրականագետներն են։ Ասուլիսի ընթացքից կարելի էր կարծել, թե Իրմա Սաֆրազբեկյանը Հովհ. Թումանյանի միակ թոռնուհին է, թեեւ նրա մոր՝ Սեդա Թումանյանի անունն ամենաքիչն էր (ըստ ներկաների բերած փաստերի) կապվում թանգարանի ստեղծման եւ պահպանման հետ։
Ընդ որում, որքանով հայտնի դարձավ, Ի. Սաֆրազբեկյանը նման բուռն գործունեություն սկսել է ծավալել հատկապես Թամար Թումանյանի մահից հետո։ Պարզ դարձավ նաեւ այն, որ վերոհիշյալ ժամանակից սկսած, մշակույթի ամեն մի նոր նախարար նշանակվելուց հետո Ի. Սաֆրազբեկյանը կռիվ է տվել թանգարանի բոլոր տնօրենների հետ։ Այս անգամ նրան հաջողվել է իր հարցին ավելի մեծ, հասարակական հնչեղություն տալ, քանզի թանգարանի ներկայիս տնօրենը մեծ արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի կինն է, եւ, հետեւաբար նրան են միացել Սիլվա Կապուտիկյանը, Էդվարդ Ջրբաշյանը եւ այլոք։ Ի. Սաֆրազբեկյանը դիմել է «Մարդու իրավունքներ-96» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանին, որը մամուլի էջերից հայտնի է իբրեւ ասպարեզում իր անունը թարմացնելու համար բազում կազմակերպություններ ստեղծելու վարպետ։
Պրն Թորոսյանը բացման խոսքում նշեց, որ այս հարցը կազմակերպության կազմակերպած միջոցառումների ծրագրին խիստ հարմար է երկու թեմայով. 1) մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ձեւերը ու նրանց կանխումը հանրապետությունում եւ 2) գիտամշակութային կյանքին մասնակցելու իրավունքը։
Կարդացեք նաև
Թանգարանի շուրջ այս աղմուկը, փաստորեն, վերսկսվեց «Մեր Բակ-2» կինոնկարից, որի նկարահանումներից մի քանի կադր արվել է Օլգա Թումանյանի ննջասենյակում։ Թանգարանի տնօրեն Վերժինե Մովսիսյանը երեք անգամ մերժել է նկարահանող խմբին, սակայն մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախկին նախարար Արմեն Սմբատյանի բանավոր կարգադրությամբ նրանց թույլատրվել է նկարահանումներն անցկացնել։ Մեծ գրողի թոռնուհին եւ բոլորը միաբերան աղաղակում էին՝ ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման սրբապղծություն, «Այժմ»-ը գրեց՝ «Լավ տղերքը Թումանյանի անկողնում»։ Բոլորը ասում են՝ «անկողնում», այնինչ անկողին եւ մահճակալ բառերը նույն իմաստը չունեն։ Եվ հետո, ինչո՞ւ են Թումանյանի մահճակալին հենվելուց այսպիսի մեծ բարդություններ ստեղծում։ Այդ նույն թումանյանագետները, որ այդքան խոսում են Թումանյանի ոգուց, ինչո՞ւ գիտական աշխատանքը թողած, մանր հարցերով են զբաղվում։
Կարելի է կարծել, թե մեծն Թումանյանը իրենց հուշերում միայն այդ թանգարանի գույքով է պահպանվում։ Որքա՞ն անվանի գրողների բնակարաններում են նկարահանումներ կատարվել։ Ավագ սերունդն անշունչ իրերի մեջ է փնտրում մեծն Թումանյանին՝ քարացած արժեքի ընկալումով։ Գրում են. «Պետք է տարրական նրբանկատություն ունենալ եւ գոնե բանաստեղծի հիշատակը հարգելու համար հրապարակային խոսակցության նյութ չդարձնել այն հարցը, թե Թումանյանի թոռներից ով ինչ բաժակ կամ ափսե է վերցրել, իբրեւ թանկագին մասունք…» («Ազգ», 22 օգոստոսի), եւ հենց իրենք մասնակիցը դառնում Ի. Սաֆրազբեկյանի սկսած գույքատիրական ընդվզումների։
Եվ, եթե բաց նամակների տակ ստորագրելու հատկություն ունեցող մեր մտավորականները կոչ են անում չխառնվել Հովհ. Թումանյանի թոռների անձնական հարցերին, սրբապղծության մասին են խոսում, ապա ինչո՞ւ են խառնվում նաեւ Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքի անդամների անձնական խնդիրներին, քննարկում անձնական, ընդհուպ Հ. Մաթեւոսյանի ամուսնությանը վերաբերող հարցեր (Ի. Սաֆրազբեկյանի եւ Ս. Կապուտիկյանի սեղանին մոտ նստելս թույլ տվեց լսել, թե ինչպես թոռնուհին, որը քիչ առաջ հուզախառն ձայնով պաշտպանում էր թումանյանական ընտանիքի հիշատակը, այժմ Ս. Կապուտիկյանի հետ կիսաձայն քննարկում էր թանգարանի տնօրենի կանացի արժանիքները)։
Ասուլիսի նախաձեռնողները երկար ժամանակ հանդիմանում էին Մշակույթի նախարարության Կերպարվեստի, թանգարանների եւ գրադարանների վարչության պետ Վարդան Վարդանյանին՝ վերջերս տեղի ունեցած ասուլիսում Ի. Սաֆրազբեկյանի՝ թանգարանից տարած գույքի մասին արած հայտարարության համար։ Ի. Սաֆրազբեկյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը փորձեց հարցի իրավական կողմի մասին խոսել։
Ըստ փաստաբանի, տիկին Իրման, որպես Օլգա եւ Հովհաննես Թումանյանների աղջկա ուղղակի ժառանգ, հանդիսանում է այդ գույքի սեփականատերը, եւ պետք է խնդրել նրան որոշել՝ հանձնե՞լ այդ գույքը թանգարանին սեփականության իրավունքով, թե՞ ոչ։ «Մեր Բակ-2» ֆիլմի մասին թոռնուհու փաստաբանն ասաց, որ նման պահը թոռնուհու մոտ առաջ է բերել հոգեկան տանջանքներ, իսկ դա բարոյական վնասի չափանիշներից մեկն է։ Փաստաբանը մոռանում է, որ այդ նույն թոռնուհին, որը խոսում է սրբապղծությունից, բարոյականությունից, մեկ ուրիշ թերթում Հ. Մաթեւոսյանի ընտանիքին անվանում է «նոմենկլատուրային»։ Քարացած մտածողության վառ արդյունք, ըստ որի, եթե մեծ գրողը ապրում է մեր կողքին, ուրեմն կարելի է վարկաբեկել նրան եւ նրա ընտանիքին, իսկ մահացած դասականի մահճակալին չի կարելի հենվել կամ աթոռին նստել (ի դեպ, նույն ձեւով Հովհ. Թումանյանի կյանքը թունավորում էին Դրամբյանի պես մանր գրչակներ)։
Ասուլիսին ներկա էր նաեւ Ազգային արժեքների պահպանման վարչության պետ Դայան Նորան, որը նախկինում մշակույթի նախարարությունում աշխատել է որպես թանգարանների գծով մասնագետ։ Ն. Դայանը հիշեց մի դեպք, երբ Ի. Սաֆրազբեկյանը մտել է թանգարան՝ որոշակի իրեր տանելու նպատակով։ Դիմել է երեք վարչապետների, նախարարությանը։ Նախարարությունից Ի. Սաֆրազբեկյանին պատասխանել են՝ «Դիմեք դատարան, որպեսզի կարողանաք ստանալ այդ գույքը։ Եթե կա այդպիսի օրենք, որով պետք է Թամար Թումանյանի ունեցվածքը տրվի Հովհաննես Թումանյանի թոռնուհիներին, ապա դատարանը պետք է վճռի, որոշի, որ դա պատկանում է բոլոր ժառանգներին»։ Այսինքն՝ Թամար Թումանյանի ունեցվածքը եղել է իր հոր ժառանգությունից իրեն անցած գույքը։
Մշակույթի նախարարի խորհրդական Կարեն Արիստակեսյանը ճիշտ պահին ընթերցեց Թամար Թումանյանի մահից հետո Թումանյանի ընտանիքի ունեցվածքին պատկանող որոշակի իրերը 1992 թ. Ի. Սաֆրազբեկյանին հանձնելու մասին ակտը, որում վերոհիշյալ թոռնուհին գրել է. «… ՀՀ Մշակույթի նախարարության 01.06.92 թ. N 170 հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով ինձ եւ քույրերիս համար, որոնց կողմից լիազորված եմ, Թումանյանի թանգարանից ստացա Թամար Թումանյանի մահից հետո մնացած Թումանյանների ընտանիքի ունեցվածքի մեջ պատկանող որոշակի իրերը։ (Կից ներկայացվում է հանձնված իրերի ցուցակը։- Ս. Ս.)։ Թումանյանների ընտանիքի ունեցվածքի նկատմամբ ոչ մի գույքային պահանջ չունեմ»։
Ի վերջո, Թումանյանի թանգարանը հատկապես վերջին 10 տարիներին Երեւանի ամենակենսունակ թանգարանն է։ Այս թանգարանը, ի տարբերություն մյուսների, որոնք զուտ պատմական հուշարձանի նշանակություն ունեն, ծառայում է նաեւ արվեստի մի շարք բնագավառների։ Այդ թանգարանն իր բազմաթիվ միջոցառումներով ձեռք է բերել արդի, նոր նշանակություն։ Գրականագետ Ազատ Եղիազարյանը (որը խոսելուց բացի նաեւ ասուլիսի ընթացքում շոգից տեղ-տեղ նիրհում էր բազկաթոռին հենված, ապա կեսից կրկին միանում խոսակցությանը) բողոքեց, թե այդ ի՞նչ ցուցահանդեսներ են լինում այնտեղ, «Ֆալոս են ցուցադրում…» (խոսքը անցյալ տարի կազմակերպված կին արվեստագետների ցուցահանդեսի եւ հատկապես Ադա Գաբրիելյանի ներկայացրած՝ կարպետներով պատրաստված աշխատանքի մասին էր)։
Սիլվա Կապուտիկյանը, որ ամբողջ ասուլիսի ընթացքում ծանոթանում էր մամուլի հրապարակումներին, մեկ-մեկ արձագանքում, ելույթները լսում, հանկարծ հարցրեց՝ «Ի՞նչ է Ֆալոսը»… Ազատ Եղիազարյանն, իհարկե, չբացատրեց, իսկ ասուլիսի մասնակիցները չկարողացան զսպել իրենց ծիծաղը… Լեւոն Հախվերդյանը ընթերցեց «Ազգ» թերթում տպագրելիք իր հոդվածը՝ ամրագրելով մի պարզ ճշմարտություն, թե թանգարանի իրերը հենց մաշված են լինում։
Իսկ երբ պրն Հախվերդյանն իմացավ, որ 1993 թ.-ից հետո, ինքը եւ մի շարք ակադեմիկոսներ, ինչպես Սիլվա Կապուտիկյանը եւ Վարազդատ Հարությունյանը (եւ այլք) այլեւս թանգարանի գիտխորհրդի անդամ չեն, զարմացավ. «… Այդ գիտխորհուրդը դուք գոլորշիացրե՞լ եք… առանց ինձ ասելու իմ անունը հանե՞լ եք… ո՞վ մեզ գոլորշիացրեց, ո՞ւմ էինք մենք խանգարում…»։
Սիլվա Կապուտիկյանը բողոքեց Օլգա Թումանյանի հուշասենյակի հաշվին նախասրահը ընդարձակելու գաղափարի դեմ. «… Այդպիսի վայրենություն իսկի աֆրիկյան ցեղերը չեն կարող թույլ տալ, էլ ուր մնաց Մատենադարան ունեցող երկիրը»։ Ճնշումը բարձրանալու պատճառով ճիշտ է, քիչ խոսեց, բայց չմոռացավ «հանուն հայ ժողովրդի պատվի, ամոթ է…» ասելով, բանաստեղծական հնչերանգով Կերպարվեստի, թանգարանների եւ գրադարանների վարչության պետին խորհուրդ տալ «հեռացվե՛լ աշխատանքից»։
Նշեմ նաեւ, որ ո՛չ թանգարանի տնօրինությունը, ո՛չ վերոհիշյալ վարչությունը չէր էլ պատրաստվում առանց թանգարանի գիտխորհրդի կարծիքի եւ որոշման նախասրահն ընդարձակելու գաղափարն իրականացնել։ Լավ է, որ ասուլիսում գտնվեցին մի քանի մարդիկ, որոնք լուրջ առաջարկ արեցին, այն է՝ ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ասուլիսում բարձրացված հարցերով, գիտխորհրդի նոր կազմ հաստատել, նիստ անցկացնել եւ պարզել, թե որ գույքը ում է իրականում պատկանում։ Թեեւ ասուլիսը ավարտվեց, սակայն հայտնի չէ, թե Ի. Սաֆրազբեկյանը դեռ որքան կշարունակի իր գործունեության այսօրինակ ընթացքը։ Տիկին Իրման հայտարարեց, թե թանգարանը «թումանյանաթափ» է լինում եւ միաժամանակ ասաց. «… մենք իրավունք ունեինք ամբողջը վերցնելու այնտեղից։ Ինչ որ թողել ենք, թողել ենք, որպեսզի տատիկի հիշատակը այնտեղ լինի…»։
Ո՛չ, որեւէ կոնկրետ անձի տատիկի եւ պապիկի հիշատակը պահելու համար չէ ստեղծվել այդ թանգարանը, թանգարանը նրանցն է, ովքեր իսկապես ապրում են Թումանյանով, մտահոգ են եւ Թումանյանին հիշում են ոչ միայն հիշատակի օրերին…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ