Լուրերն այն մասին, թե Ջավախքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով դժվարություններ են ստեղծվել մեր հանրապետություն մուտք գործող բեռների համար, մաքսային վարչության աշխատակիցների կողմից չհաստատվեցին։ Լրատվական ծառայությունից պարզաբանեցին, որ, ճիշտ է, իրենք նույնպես առանձին ահազանգեր ստացել են, սակայն առ այսօր դրանցից եւ ոչ մեկը չի հաստատվել։ Մաքսակետերից հաղորդված տվյալների համաձայն, ապրանքաշրջանառության ծավալները մնում են նույնը ինչպես ներմուծվող, այնպես էլ արտահանվող բեռների հաշվով։ Եվ եթե նույնիսկ արձանագրվել են խոչընդոտման դեպքեր, ապա դրանք մաքսավորների հետ կապ չունեն, սակայն չեն բացառվում սահմանապահների միջամտությունները։
Մեր հարցմանը ԱԳ նախարարության հասարակության հետ հարաբերությունների վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ սահմանային այդպիսի միջադեպի մասին իրենց անպայման կտեղեկացնեին, սակայն որեւէ հիմք չկա անհանգստանալու համար։ Հայ-վրացական սահմանով փոխադրումներն ու տեղաշարժերը կատարվում են բնականոն ընթացքով։
Հ. Չ.