Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ ԵՎ ՄԵՂՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 26,1998 00:00
javaxq

Պաշտոնական աղբյուրները շարունակում են համառորեն պնդել, թե օրերս Ջավախքում տեղի ունեցած հայ-վրացական միջադեպը լիովին սպառվել է։ Շատ լավ։ Համարենք, որ քաղաքական գործիչներին հաջողվեց հարթել հերթական կնճիռը։ Բայց մինչ կթերթենք այս էջը, արժեր մեկ անգամ եւս հարց տալ. իսկ ի՞նչ էր կատարվել Ջավախքում։ Կա՞ մեկը, որ ամբողջական տեղեկություն ու պատկերացում ունի միջադեպի մասին։

Հազիվ թե։ Այն, ինչ իմացանք, հաջորդ պահին կամ հերքվեց, կամ ներկայացվեց բոլորովին այլ գույներով։ Եվ հիմա էլ հանուն մերձավոր հարեւանի հետ հարաբերությունների պահպանման, փորձ է արվում լիովին մոռացության տալ խնդիրը, որն ըստ էության, լռեցվել է, այլ ոչ թե լուծվել։ Թբիլիսիից վերադարձած արտգործնախարար Վ. Օսկանյանն իր հետ բերել է համատեղ հայտարարության մի տեքստ ու բարձր տրամադրություն։ Մինչդեռ վրացական մամուլը ողողված է զանազան մեկնաբանություններով եւ, իհարկե, ոչ միշտ հայերի օգտին։ Նույն այդ ընթացքում մենք՝ հայերս, դեռ հարցեր ենք տալիս եւ ջանում կռահել կատարվածի մասին։ Ո՞վ է մեղավոր Օգոստոսի 13-ին վրացական 224 հոգուց կազմված մի բանակային ստորաբաժանում շարժվում էր դեպի Ախալքալաք։

Ռուսական բանակի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, 15-րդ ռազմական բազայի տարածքում համատեղ հրետանային զորավարժություններ պիտի անցկացվեին։ Բայց Ախալքալաք չհասած, գեներալ Չաչուայի զորախումբը ճանապարհին հանդիպում է «Ջավախք» կազմակերպության առաջնորդ Սամվել Պետրոսյանի մեքենային։ Ըստ վրացական աղբյուրների, Պետրոսյանը պահանջում է զորքից հետ վերադառնալ, քանի որ ռուսները Ախալքալաքում պատրաստվում են դիմել սադրիչ գործողությունների։ Այնուհետեւ ճանապարհը փակում են զինված բնակիչները՝ ներկայանալով իբրեւ «Ջավախքի» անդամներ։

Մեկ այլ աղբյուրի համաձայն, արգելափակողները եղել են 20 հոգի՝ ավտոմատներով ու հրացաններով զինված եւ պահանջել նույնը, ինչ Պետրոսյանը։ Այդ ժամանակ գեներալը հրամայել է զորքին հետ դառնալ ու ժամանակավոր ճամբար խփել Ախալքալաքից ոչ հեռու։ Հայկական դիվանագիտական աղբյուրները այս առնչությամբ հայտնեցին, որ Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ հենց Վրաստանի նախագահ Է. Շեւարդնաձեն է հերքել բնակիչների զինված լինելու փաստը։ Եթե դա այդպես է, ապա բնական հարց է ծագում, այդ ինչպե՞ս քանակով անզեն մարդկանց 10 անգամ գերազանցող կանոնավոր զորքը ընկրկեց նրանց խոսքերից։ Գուցե պետք է պատասխանը փնտրել Վրաստանի պաշտպանության նախարարության տեքստո՞ւմ, ուր ասվում է, որ դեռ օգոստոսի 10-ին Աբուլի կրակադաշտում Անդրկովկասում ռուսական զորախմբի հետ պիտի անցկացվեին հրետանային զորախաղեր, սակայն ռուսական կողմը չէր ապահովել անցկացման տեխնիկական մասը։ Քանիսի՞ն են ձերբակալել Առաջին հայտարարությունն այն մասին, թե միջադեպի առթիվ հայազգի քաղաքացիներ են ձերբակալվել, հնչել է Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Բարամիձեի շուրթերից։ Ռուսալեզու «Ռեզոնանսի» թերթին վերջինս տեղեկացրել էր, որ ձերբակալվել են զինված խմբի 2 անդամներ։

Մեկ այլ աղբյուր՝ «BLACK SEA PRESS» լրատվական գործակալությունը միանգամայն այլ բան է հաղորդում։ Ըստ վերջինիս, ճանապարհը փակած զինյալների հետ բանակցություններից հետո միջադեպը հարթվել է, սակայն նրանցից 5-ին տեղում ձերբակալել են ու տեղափոխել անվտանգության տարածքային վարչություն։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նրանք սկզբից մինչեւ օրս շարունակում են պնդել, որ Ջավախքում որեւէ հայ կատարվածի առնչությամբ չի ձերբակալված։ Ովքե՞ր են տեղյակները Հասկանալի է, որ ճշմարիտ պատասխաններ նախեւառաջ պետք է ակնկալել նրանցից, ովքեր ուղղակիորեն առնչվել են միջադեպին կամ պատասխանատու են դրա հանգուցալուծման համար։ Մինչդեռ վրացական աղբյուրները տարօրինակ պատկեր են հրամցնում։ Դեպքի անմիջական մասնակից գեներալ Չաչուան շարունակում է պնդել, որ Ախալքալաքում իր եղած ժամանակ որեւէ մեկին չեն կալանել։ Ախալքալաքի դատախազ Գարիկ Ռաիսյանը հայտնում է, թե իրեն ոչինչ հայտնի չէ ինչ-որ մեկի ձերբակալության մասին։

Քաղաքի ոստիկանության վարչության պետ Մխիթար Աբաջյանը մամուլին տված հարցազրույցում նշում է, որ դեպքի օրն ինքն ընդհանրապես քաղաքում չի եղել ու միաժամանակ անկեղծորեն տարակուսում է, որ իր քաղաքում զինված խմբավորումներ են գործում, իսկ ինքը դրանից բոլորովին անտեղյակ է։ Թվարկվածներից հետ չի մնում նաեւ քաղաքային իշխանության ղեկավար Գենո Մուրադյանը, որն այդ ամենը ոչ տեսել է, ոչ լսել։ Նույնիսկ անվտանգության նախարար Մալխազ Կոշտարիան, որ կարող է գլուխ գովել դեպքի վայրում լինելու համար, դարձյալ ժխտում է ձերբակալությունների փաստը։ Էլ չենք խոսում «Ջավախքի» անդամների մասին, որոնք անկասկած կարձագանքեին, եթե իրենց համակիրներից որեւէ մեկը հայտնվեր ճաղերի հետեւում։ Տարօրինակ հակասություն է։ Ստացվում է, որ միայն Բարամիձեն գիտի արգելափակվածների մասին։ Գուցե նաեւ կասի՞, թե որտեղ են նրանք եւ ովքեր են։

Քանի՞ պայթյուն է եղել

Նույն օգոստոսի 13-ին գիշերվա ժամը 4-ին հզոր պայթյուն որոտաց Ախալքալաքի վարչական շենքում։ Առավոտյան մասնագետները ճշտեցին, որ ռումբը տեղադրված է եղել շենքի նկուղում եւ պայթյունից հիմնովին ավերվել են հարկային տեսչության 2 սենյակները։ Անմիջապես դեպքը կապեցին Ախալքալաքի ճանապարհին կատարված միջադեպի հետ, իբրեւ վերջինիս տրամաբանական շարունակություն։ Վրացիները գտան, որ դա դարձյալ հայերի ձեռքի գործն է, հայերը պնդեցին, թե վրացիներն այդպես հատուցում են միջադեպի համար, առավել զգուշավորները բավարարվեցին «անհայտ անձինք» ձեւակերպմամբ։ Եվ չգիտես ինչու որեւէ մեկը չցանկացավ լրջորեն լսել հարկային տեսչության պետի համոզված պնդումներն այն մասին, որ պայթյունը կարող էին կազմակերպել տեղի գործարար աշխարհի ներկայացուցիչները հարկերի վճարումներից խուսափելու համար։

Էլ ավելի սենսացիոն էին դատախազ Գարիկ Ռաիսյանի հայտարարությունները։ Վերջինս տեղեկացրեց, որ վերջին օրերին Ախալքալաքում 3 համանման պայթյուններ են եղել ու բոլորն էլ ճիշտ գիշերվա ժամը 4-ին։ Այս փաստերի առթիվ քրեական գործեր են հարուցված, հետաքննություն է տարվում, բայց դրանցից եւ ոչ մեկն առ այսօր բացահայտված չէ։ Դատախազն էլի բաներ ասաց։ Օրինակ, այն մասին, որ դժգոհ է իր ոստիկաններից, քանի որ իր քաղաքի մասին ինֆորմացիան ստանում է Թբիլիսիից։ Նա բոլորից ուշ է իմացել վարչական շենքի պայթյունի մասին, թեեւ ապրում է դեպքի վայրից ոչ այնքան հեռու եւ պայթյունի գիշերը տանն է եղել։ Ռաիսյանի մի դարձվածք առանձնապես տպավորիչ է. «Վրաստանում հնարավոր են ամեն տեսակ ֆոկուսներ»։ Իր խոսքերի համար դատախազը հեշտ չվճարեց։

Հաջորդ օրը վրացական թերթերից մեկը գրեց, թե Ռաիսյանից ողջ Ախալքալաքն է դժգոհ եւ, որ նա մեծ թվով կառույցներ է սեփականաշնորհել՝ շատերին թողնելով առանց աշխատանքի։ Թե այս ամենն ինչ կապ ունի միջադեպի հետ, դժվար է գլխի ընկնել։

Էլ ի՞նչ են ասում

Օգոստոսյան հայ-վրացական միջադեպը ոմանց համար հակահայ հիստերիա ծավալելու հարմար պատրվակ դարձավ։ Սկսեցին նկատել, որ Ջավախքում հայերը թբիլիսյան համարանիշներով ավտոմեքենաներին կասկածանքով են նայում, որ քաղաքային վարչական շենքի ցուցատախտակը հայերեն է, որ «Ջավախք» կազմակերպության անդամներն ինքնավարություն են պահանջում ու հայտարարել են, թե իրենց ստրուկներ են զգում հատկապես այն պահից, երբ Շեւարդնաձեն տարածքը միացրեց Ախալցխային։ Գրեցին, որ «Ջավախքի» առաջնորդներից Էդվարդ Շիրինյանի խոսքերով, հայերը մի փոքր էլ կսպասեն, իսկ հետո կստեղծեն իրենց իշխանության մարմինն ու կկառավարեն Ախալքալաքը։ Միջադեպից հետո Վրաստանի ՊՆ-ը հաղորդեց, թե կատարվածի պատճառը «որոշ անձանց կողմից տեղի հայ բնակչությանը ապատեղեկացնելն է»։

Բայց ՊՆ մամլո կենտրոնը ձեռնպահ մնաց մեկնաբանել ապատեղեկատվության էությունը, մինչդեռ այլ՝ ոչ պաշտոնական աղբյուրները նշում էին, թե խոսքը հայերի բռնի տեղահանման մասին է։ Ասենք նաեւ, որ այսօր բանակի ղեկավարությունը իրավիճակի հետագա բարդացումից խուսափելու նպատակով որոշել է զորավարժությունների անցկացման վայրը տեղափոխել մեկ այլ կրակադաշտ՝ Ախալցխայի շրջան, որտեղ տեղակայված է վրացական մոտոհրաձգային բրիգադը։

Վերադառնալով Օսկանյան-Շեւարդնաձե հանդիպմանը՝ տեղեկացնենք, որ Վրաստանի նախագահը ողջ մեղքը բարդել է ոչ թե բնակիչների, այլ տեղի ղեկավարության վրա։ Վրացի պաշտոնյաները խոստովանել են, որ դեռ չեն գտել Ջավախքի կառավարման արդյունավետ մոդուլը։ Այլ արդարացումներ էլ են հնչել։ Ասենք այն, որ Շեւարդնաձեի հայրենի գյուղում մարդիկ աշխատավարձ չեն ստանում արդեն 7-8 ամիս, իսկ Ջավախքում՝ ընդամենը 2։ Կամ ասենք այն, որ եթե վրացական որեւէ դպրոցում ընդամենը 10 աշակերտ է լինում, այդ դպրոցը փակում են, իսկ հայկականը՝ ոչ։ Բայց Շեւարդնաձեի խոսքերի բարձրակետը Հայաստանի համար պիտի համարել այն, որ իր երկիրը անիմաստ է համարում տարածքային համագործակցության այն բոլոր դեպքերը, ուր երկրներից մեկը դուրս է մնացել։ Այսպես սկի՞զբն է դրվում, թե՞ շարունակվում է եղածը։ Ժամանակը կասի։

Բա ռուսնե՞րը

Ասվածն ուզում ենք եզրափակել ոչ անկարեւոր մի դիտարկմամբ եւս։ Այլեւս ակնհայտ է, որ ոմանց չի բավարարում դրամայի խաղարկումը ընդամենը 2 դերակատարներով։ Եվ չափազանց ձեռնտու է տեսնել ռուսների ներկայությունը։ Վրացական մի թերթ իբր վկայակոչելով ախալքալաքցի հայերին՝ գրել էր, թե վրացական զորքի ճանապարհը փակել էին այլազգի զինված քաղաքացիներ։ Իսկ ահա «Ռեզոնանսի» պարբերականը օգոստոսի 17-ի իր մի հրապարակումն ավարտում է այսպիսի տողերով. «Ռուսական բազաների հարցը դառնում է աղետալի պրոբլեմ։ Ախալքալաքում տեղակայված ռուսական բազաները վաղուց են դինամիտի դեր խաղում ու ոչ ոք չգիտի, թե երբ պայթյունը տեղի կունենա»։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31