Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. «Կարծես, ավտորիտար ռեժիմի ամրապնդման ծրագիր է իրականացվում»

Օգոստոս 26,1998 00:00
Ara Sahakyan

Ազգային ժողովի եւ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Արա Սահակյանը նորից Երեւանում է՝ շուրջ եռամսյա բացակայությունից հետո։ Այդ ընթացքում քաղաքական հետնախորշի խոսակցություններում ԱԺ նախկին փոխնախագահն ակտիվորեն որոնվում էր՝ մերթ ասում էին Չեխիայում է, մերթ թերթերը գրում էին, որ Գերմանիայում է, մերթ էլ խոսվում էր, թե Բուլղարիայում նրան տեսնող է եղել։

Վերադարձից անմիջապես հետո նախկին փոխխոսնակն «Առավոտին» պարզաբանեց, որ իր երկարատեւ բացակայությունը վաղուց պլանավորված էր։ Ինքը Չեխիայում էր, ուր ընդունելության քննություններ էր հանձնում ավագ որդին։ Արդեն հրապարակել ենք, որ վերջինս բարեհաջող հաղթահարել է իր առջեւ դրված խնդիրը. միաժամանակ ընդունվել է Պրագայի համալսարանի քաղաքագիտության եւ Պլզենի համալսարանի իրավագիտության բաժինները։ Իսկ թե որտեղ ուսանելը նպատակահարմար կդիտվի, դեռեւս անհայտ է, մանավանդ որ, երրորդ բուհի հետ եւս պարզվելիք հարցեր դեռ կան։ Հիշեցնենք, որ իր բացակայությամբ Արա Սահակյանը ՀՀՇ վարչության նիստում հետ կանչվեց կուսակցության փոխնախագահի պաշտոնից։ Հենց այս հարցով էլ սկսեցինք մեր զրույցը Արա Սահակյանի հետ։

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակը նախ հարկ համարեց նշել, որ ՀՀՇ վարչության փոխնախագահը երբեք խոշոր քաղաքական դեր չի կատարել. «Նա միշտ եղել է ոչ առաջին կարգի աստղ, կատարել է ածանցյալ ֆունկցիա եւ վարչության նախագահի նախընտրությամբ ընտրվել կոնսենսուսով։ Իմ դեպքը կապված էր որոշակի խնդիրների հետ, որը ձախողվեց 98-ի փետրվարյան եւ հետագա զարգացումներով»։ Խոսքը, ինչպես Արա Սահակյանը ձեւակերպեց, «Հանրապետություն» միավորման ատաղձով, գաղափարական մերձ սկզբունքներ դավանող կուսակցությունների մեկ միության կամ նոր կուսակցություն ստեղծելու մասին է։

Նախկին փոխխոսնակը համարո՞ւմ է, արդյոք, որ ինքն այդ գործը ձախողել է։ Ո՛չ, չի համարում, որովհետեւ «իրականում ավելի ուժգին գտնվեցին դեզինտեգրատիվ եւ ոչ թե ինտեգրատիվ միտումները։ Հասկանալի է, որ դրա պատճառը չի կարող լինել մեկ անհատը կամ անհատների խումբը»։ Այս խոսքի իմաստը կարող է եւ անհասկանալի մնալ, եթե չասենք, որ Արա Սահակյանին իրենից հեռացնելուց հետո Վանո Սիրադեղյանը նրա գործունեությունը ՀՀՇ փոխնախագահի պաշտոնում ոչ թե բացասական կամ դրական, այլ կոշտ բնորոշումների էր արժանացրել։

Ինչեւէ, անցնենք հաջորդ հարցին։ Արա Սահակյանն ընդառաջ գնաց նաեւ քաղաքական ներկա վիճակը գնահատելու մեր առաջարկին. «Լավ եւ հուսադրող բան քիչ կա։ Նախորդ՝ «մեր» շրջանի նեգատիվ միտումները խորանում եւ դառնում են որոշիչ։ Դրականը դուրս է մղվում»։ ԱԺ նախկին փոխխոսնակի խոսքերով, քաղաքական իրականությունը հարկավոր է գնահատել դինամիկայի մեջ՝ աչքի առաջ ունենալով «ուր ենք գնում» հարցադրումը։ «Կարծես թե հետեւողականորեն իրականացվում է ավտորիտար ռեժիմի ամրապնդման ծրագիր», ինչն արվում է նախկինում իշխանությամբ չօժտված կուսակցական գործիչների ձեռքերով։ Իսկ թե երբ կերեւան արդյունքները եւ կսկսենք պտուղները վայելել, Արա Սահակյանին պատկերանում է այսպես. «Ծրագիրը կավարտվի այն իրականացնողների անհրաժեշտության վերացմամբ»։

Անշուշտ, ինչպես զրուցակիցս մատուցեց, 1985-ից սաղմնավորված ազատության մթնոլորտը, ժողովրդավարության թույլ, բայց առկա ավանդույթները կարող են արգելք լինել այս ծրագրի իրականացման ճանապարհին. «սակայն հիասթափության եւ անտարբերության կորը դեռեւս անկման շրջանում է։ Ի տարբերություն շատերի, ես մոտ ապագայում այլ ընթացք չեմ տեսնում»։ Հազար անգամ տրված հարցը՝ որն է ելքը, ուղղեցինք նաեւ Արա Սահակյանին։ Նա ասաց, թե ճիշտ գործելու համար հարկավոր է իրականությունը տեսնել առանց պատրանքների, չխաբել միմյանց, չսերմանել չարություն, հասկանալ, թե որքան խոցելի ու թույլ են պետական ինստիտուտները եւ այս ամենը նկատի առնելով փորձել համախմբել հայության, ժողովրդավարության ապագայով մտահոգ բոլոր ուժերին «ստանալով նրա անվտանգության, հզորության եւ հեղինակության կերտման սեփական պատասխանատվությունը»։

Ասենք նաեւ, որ հիմա եւս Արա Սահակյանը գրեթե ամբողջ օրը Ազգային ժողովում է։ «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության սենյակում։ Իսկ այնտեղ գլխավոր դեմքը ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31