Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՈՒՄ ԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՆԱԽԱԳԻԾԸ

Օգոստոս 26,1998 00:00
orensgirq

Օրերս «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը հանդես գալով «Առավոտ» թերթում, ներկայացրել էր, թե ինչ հստակություններ են մտցվել իրենց տեսակետներում ընտրական օրենսգրքին առնչվող երկու վիճահարույց հարցերի կապակցությամբ։

ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ – Մեր տեսակետներն ընտրական օրենսգրքի առանցքային խնդիրների շուրջ մնացել են նույնը։ Այն, ինչն առաջարկվում է «Երկրապահ» պատգամավորական խմբի կողմից, որն, ըստ էության, հանրապետության նախագահի պաշտպանությանն է արժանացել, մասնավորապես՝ հանձնաժողովների կազմավորման սկզբունքը, ապա ասեմ, որ մենք կտրականապես դեմ ենք այդ նախագծին՝ հատկապես նշված լուծումներով։ Ըստ էության, նրանց ներկայացրածը շատ քիչ է տարբերվում Արա Սահակյանի հայտնի նախագծից։ Դրույթները գրեթե նույնությամբ պահպանված են։ Իշխանությունը նորից փորձում է թեթեւակի փոփոխություններ կատարելով հանձնաժողովներում ունենալ մեծամասնություն, ինչը ենթադրվում էր նաեւ Արա Սահակյանի տարբերակով։ Եթե հանձնաժողովի 1/3-ը նշանակում է կառավարությունը, ապա կուսակցությունների ներկայացուցիչներից ընդամենը 3 մարդ է պետք, որպեսզի հանձնաժողովներում ձեւավորվի մեծամասնություն։

Որեւէ խնդիր չկա այդ երեքին գտնելու հարցում։ Իշխանությունը նորից հանձնաժողովներում կարող է մեծամասնություն ունենալ, իսկ ինչպես հայտնի է, ընտրակեղծիքները, ընտրությունների ոչ նորմալ ընթացքը միշտ էլ հենց կառավարությունն է «ապահովել»։ Ելնելով դրանից, կարելի է ասել, որ նախապատրաստվում է նույնպիսի վատ ընտրությունների անցկացում 99-ին, որպիսիք տեղի են ունեցել անցյալում։ Մենք չենք կարող հավանություն տալ այդպիսի օրինագծին։

Այն ուժերը, ովքեր Հայաստանում ուզում են ժողովրդավարություն հաստատել, իմ կարծիքով, պետք է համախմբվեն ժողովրդավարական ընտրություն գաղափարի շուրջ, մշակեն ընտրական օրենսգրքի միասնական նախագիծ, այն առաջարկելով Ազգային ժողովին։ Բնական է, որ օրինագիծը չի անցնի, սակայն, անկախ դրանից, այդ նույն ուժերը ընտրություններից առաջ եւ ընտրությունների օրը պետք է համախմբեն ժողովրդին՝ ընտրական գործընթացները վերահսկելու համար։ Հույս ունենալ, որ այս իշխանությունները կգնան ժողովրդավարության հաստատման ուղիով՝ անիմաստ է։ Նրանք գնում են ամեն գնով իշխանությունը պահպանելու եւ այն ամրացնելու ճանապարհով։

Այս հարցում իշխանության կամ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության վրա հույս դնել չի կարելի, նրանք չեն գնա ժողովրդավարական ճանապարհով։ Վկայությունը՝ «Երկրապահի» վերջին մոտեցումներն են ընտրական օրենսգրքի առանցքային հարցերի նկատմամբ։ Բոլորովին կարեւոր չէ, որ համախմբելիք ուժերը գաղափարական միասնություն ունենան կամ ընտրական միավորում կազմեն եւ ձեւավորեն միասնական ցուցակներ։ Սակայն մեկ հարցում՝ ժողովրդին ոտքի հանել, որպեսզի ընտրությունները վերահսկելի լինեն, իմ կարծիքով, քաղաքական միջավայրի գլխավոր ուժերը պարտավոր են։ Դա նրանց պարտքն է։

Ասեմ նաեւ, որ «Երկրապահի» հետ մենք ընդհանրապես չենք քննարկել մեծամասնական-համամասնական մանդատների հարաբերակցության հարցը։ Խոսքը եղել է զուտ հանձնաժողովների ձեւավորման կարգի մասին ու ես դեմ եմ արտահայտվել գործադիր իշխանության կողմից դրանցում ներկայացուցիչներ ընդգրկելու գաղափարին։ Փաստորեն չի կայացվել որեւէ համաձայնություն։ Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, լուրջ քննարկում հանձնաժողովների խնդրի վերաբերյալ էլ չի եղել։ Պարզապես տեղի է ունեցել երկու պատգամավորի զրույց, մտքերի փոխանակություն, որի արդյունքում որեւէ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում առավելությունը պետք է տալ համամասնական համակարգին։ Այդ սկզբունքով պետք է ընտրվի առնվազն 100 պատգամավոր։ Իսկ ընդհանրապես՝ ավելի ճիշտ կլինի, որ բոլորն ընտրվեն համամասնական մանդատներով։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների կազմին, ապա պետք է ասեմ հետեւյալը. եթե իրոք շահագրգռված ենք, որ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ տեղի ունենան, որոնց արդյունքների նկատմամբ ընտրողների մեջ վստահություն կլինի, ապա գործադիր իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես պետք է հեռու պահել հանձնաժողովներից։ Կարծում եմ՝ լուրջ սխալ թույլ տրված կլինի, եթե գործադիր իշխանությունն ի դեմս կառավարության կամ նախագահի՝ ընտրական հանձնաժողովներում լիազորված անդամներ ունենա։

Դա լուրջ անվստահություն կձեւավորի առ կայանալիք ընտրությունները։ Կարծում եմ, որ «Երկրապահի» այդ առաջարկն այնքան էլ շրջահայաց չէ, ինչն անվստահություն կառաջացնի ընտրական հանձնաժողովների նկատմամբ։ Գործադիր իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի ընտրությունների կազմակերպման եւ ապահովման համար՝ հեռու մնալով արդյունքների ամփոփմանը մասնակցելուց։ Իմ փաստարկն այն է, որ այդ պարագայում ուժային միջամտությունները եւ ճնշամիջոցները կնվազեն։ Կմեծանա վստահությունը ընտրված խորհրդարանի նկատմամբ։ Անցած տարիների փորձը մեզ համոզել է, որ մեծամասնական ընտրատարածքի գոյությունը թերահավատություն է ստեղծում ընտրությունների արդարության նկատմամբ։ Պետք է հեռու մնալ այդ գայթակղությունից եւ հնարավորություն տալ ժողովրդին, որպեսզի իր կամքի արտահայտությունը դրսեւորելու իրական հնարավորություն ունենա համամասնական ընտրակարգով։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31