Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ԽՄԲԱԳԻՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք

Օգոստոս 26,1998 00:00
mamul

ՀՅԴ մամուլի 5-րդ խորհրդաժողովի (օգոստոսի 23-28) շրջանակներում երեկ «Հայկական մամուլի դիմագրաված դժվարությունները» թեմայով կլոր սեղան անցկացվեց։

«Իհարկե, շա՜տ հաճելի է առավոտ վաղ ձեր դժվարությունների մասին լսել» «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության Երեւանի գրասենյակի համակարգող Վաչե Սարգսյանի այս կատակախառն դիտողությունը խիստ տեղին էր։

Կլոր սեղանն սկսվեց առավոտյան ժամը 9-ին եւ չնայած դաշնակցական պատասխանատուներն արդարանում էին, թե «մեր նպատակը բարի էր» (ենթադրել էին, թե ավելի ուշ լրագրողներն առավել բազմազբաղ կլինեն), այնուամենայնիվ, ընտրված ժամն էր գուցե պատճառը, որ հայաստանյան թերթերի խմբագիրներից եւ ոչ մեկը չէր արձագանքել հրավերին։ Տարբեր երկրների դաշնակցական 21 լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծամասնությանն էլ այդ ժամն առանձնապես հարմար չէր եկել եւ «Ասպարեզի» գլխավոր խմբագիր Ժան Գոսագյանը մի քանի անգամ ստիպված էր այս կամ այն խմբագրի մասին ասել «կը քնանա կոր», «կը հանգստանա կոր»։

Ի դեպ, հանդիպումն անցավ ՀՅԴ ժողովրդավարական կանոնների համապատասխանությամբ՝ ելույթներն ըստ 1-ին կամ 2-րդ ցանկի, հարցումները՝ լուսաբանական եւ այլն։ Այնպես որ, անկուսակցականներս մեզ բավական օտար էինք զգում «ընկերական» այս հավաքում։

«Այս սփյուռքահայ թերթերն ավելի շատ դժվարություններ ունեն, քան մենք»

Գործընկերս այսպես ամփոփեց իր տպավորությունները, երբ հանդիպման շուրջ 1,5 ժամվա ընթացքում միայն սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հիմնախնդիրները ներկայացրին։ Այս իմաստով կարելի է արձանագրել, թե «ճանչնանք իրար» նպատակը, որ հավաքի սկզբում հռչակել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ քարոզչական աշխատանքների պատասխանատու Աբո Պողիկյանը, միակողմանի կերպով իրականացավ։ Պատճառը նաեւ Հայաստանի մամուլի ներկայացուցիչներիս բավական պասիվ մասնակցությունն էր, չնայած բազմիցս հնչած կոչերին. «Ձեր կարծիքներով եւ առաջարկություններով օգնեք մեզ», «Եթե առհասարակ ըսելիքներ ունիք ՀՅԴ մամուլի մասին՝ խնդրեմ, ազատ զգացեք եւ Ձեր տեսակետները փոխանցեք, այստեղ մենք կուզենք լսել բոլոր տեսակի քննադատությունները»։

Նույն Վաչե Սարգսյանը դեռ հանդիպման սկզբում էր ասել. «Դուք ձեր դժվարություններն ասեք, իսկ մենք հավանություն կտանք»։ Ինչեւէ։ ՀՅԴ Կանադայի ԿԿ «Հորիզոն» պաշտոնաթերթի խմբագրապետ Կիրո Մանոյանը, իբրեւ դժվարություններից գլխավորը, նշեց հայերեն թերթերի ընթերցողների թվի աճի բացակայությունը։ Ե՛վ փոքր տպաքանակները, ե՛ւ լեզվի խնդիրները մանրամասն քննարկումների առիթ դարձան։ «Սփյուռքի մեջ այսօր կդիմագրավվի լրագրողի եւ հրապարակագրի զգալի պակաս»,- իբրեւ զուտ սփյուռքյան խնդիր նաեւ այս մեկը մատնանշեց Եգիպտոսի «Հուսաբեր» պարբերականի խմբագիր Խաժակ Մկրտչյանը։

Իսկ Իրանի «Ալիք» թերթի խմբագիր Սեդա Գրիգորյանը կարեւորեց, որ թերթերը հետաքրքիր դառնան նաեւ երիտասարդների համար։ «Ահավոր ճիգ է պետք ոսկե միջինը գտնելու եւ մեր երիտասարդներին հրապուրիչ թերթ, հրապուրիչ եթեր ներկայացնելու համար»,- նրան երկրորդեց Աբո Պողիկյանը։ «Ասոնք տելեվիզիոնի սերունդ են։ Առնելիքը հեռատեսիլից կառնեն»,- սա էլ Կանադայի «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանն էր։

«Մամուլը շատ քաղաքականացած է», «հայերեն լեզվով լրագրային ժանր չկա»՝ այս կարգի արտահայտություններն ապացույց էին, որ Սփյուռքի եւ Հայաստանի մամուլները բավական նման դժվարություններ ունեն։

Չկայացած ելույթիցս. «Դեղին մամուլը ոչինչ, դուք գորշությունից զգուշացեք»

Նախ ՀՅԴ Բյուրոյի «Դրոշակ» պաշտոնաթերթի խմբագիր Նազարեթ Բերբերյանն էր, որ առանց հասցեատերերին հստակեցնելու սկսեց դժգոհել, թե զգայացունց սկանդալային հրատարակությունները փոխարինում են բուն տեղեկատվությանը, իրազեկմանը։ («Մի լուսաբանական հարցում կարելի՞ է։ Ուրեմն ի՞նչ անենք»,- անմեղագույն ձայնով հետաքրքրվեց Վաչե Սարգսյանը)։ Թեման շարունակեց Աբո Պողիկյանը, որը խոսելով այն մասին, թե «ինչպե՞ս պիտի զանազանենք սենսացիան, գռեհկությունը»՝ չգիտես ինչու՝ «Առավոտի» այն լուրերի օրինակը բերեց, որոնք վերաբերում էին ՀՅԴ Գերագույն ժողովի անցկացման վայրին (երեւի իրոք ավելի գռեհիկ բան չկա, քան այդ մասին գրելը)։ Ավելի ուշ պրն Պողիկյանից հետաքրքրվեցինք, թե «Առավոտին» հայհոյելու, պախարակելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե իրենց պաշտոնաթերթից պահանջեին այնպես լուսաբանել կուսակցության գործունեությունը, որ որեւէ այլ թերթի համար այս առումով ասպարեզ չմնար։ Թե չէ ժողովի վայրն ի՞նչ է, որ այլ թերթից պիտի հայտնի դառնար։

Աբո Պողիկյանը նախ չհամաձայնեց «հայհոյանք» որակման հետ, եւ հետո ասաց. «Չէ, ես չէի ասի, որ մեր մամուլը համապարփակ ձեւով է ներկայացնում կուսակցության գործունեությունը։ Եվ միշտ մեր ժողովների քննարկման նյութն է դա՝ թե ինչպես պիտի անենք, որ կարողանանք ՀՅԴ գործունեությունն ավելի լավ, ավելի համապարփակ ձեւով ներկայացնել։ Դեռ չենք հասել դրան։ Եվ հուսանք, չենք հասնի, որ մյուս թերթերն էլ գործ ունենան»։ …Խորհրդաժողովի ընթացքում այս հարցերի նկատմամբ առավել լայնախոհ վերաբերմունքը «Ասպարեզի» խմբագրինն էր, որ նախ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պիտի ՀՅԴ անդամներին վերաբերող լուրերի մասին այլ թերթերից իմանա («Օրինակ, որ Վարդան Աղվանյանը ծեծ է կերել»,- ասաց նա։ Վրիպակն էլ իրենն է)։ «Մեկը մի տեղեկությունը մի տեսակետից կլուսաբանի, մյուսն՝ այլ, իրար ամբողջացնում են լուրջ քաղաքականն ու սկանդալայինը,- ասում էր Ժան Գոսագյանը։ – Մնացածը ոճի եւ ընթերցողների շրջանակի հարց է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31