«Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Լեւոն Ղալումյանին խնդրեցինք ճշտել «Առավոտի» ունեցած այն տեղեկությունը, թե նախագծային թերությունների պատճառով առաջարկվում է դադարեցնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի շինարարությունը։ «Որեւէ նման բան չկա։ Սա այն հին խոսակցության արտահայտությունն է, որ շենքը ոմանց դուրը չի գալիս։ Իսկ նախագծումը դեռ վերջնականորեն ավարտված չէ»։ Մինչդեռ Երեւանի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանն «Առավոտի» թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում իր տեսակետը հայտնեց, որ տաճարի նախագծողները փակուղու առջեւ են կանգնել. «Ժամանակ շահելու համար են ասում, թե նախագծումը դեռ շարունակվում է։ Փորձեր են անում այդ վիճակից դուրս գալ, բայց չի հաջողվում։ Սա ձախողված գործ է»։
Մանրամասն՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։
ՉԵՌՆՈՄԻՐԴԻՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Վիկտոր Չեռնոմիրդինի վարչապետ նշանակվելու առիթով մատնանշենք հայկական շրջանակներում նրա ունեցած մտերմությունները։ Գլխավորելով «Գազպրոմը», Վիկտոր Չեռնոմիրդինը շատ լավ հարաբերությունների մեջ է եղել «Հայգազարդի» տնօրեն Գեորգի Թաթարյանի հետ։ Մի քանի տարի շարունակ նա ընտանիքով հյուրընկալվել է Հայաստանում, մի քանի օրից ինքը մեկնել Մոսկվա, իսկ ընտանիքին հյուրընկալել են Թաթարյանները։ Անձնական ծանոթություն է եղել նաեւ Հրանտ Բագրատյանի հոր եւ Չեռնոմիրդինի միջեւ։ Նախկին վարչապետի հայրը շինարար է եւ մասնակցել է Մոսկվայի օլիմպիական ավանի շինարարությանը։ Դրանից հետո Բագրատյանի հայրը շարունակել է աշխատել Մոսկվայում՝ այս անգամ արդեն Չեռնոմիրդինի ղեկավարության ներքո։
Կարդացեք նաև
ԿԱՍՅԱ ԱԲԳԱՐՅԱՆՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
Նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանն ինքը նկատեց, որ մյուս խորհրդականներին լրագրողներն ավելի շատ են դիմում, քան իրեն։ Չգիտեմ, 6 խորհրդականների մեջ միակ կինը լինելու հանգամա՞նքն է պատճառը (չմոռանանք, որ լրագրողներիս մեջ կանայք շատ ավելին են), թե՞ տեղեկատվության հանրային կապերի գծով խորհրդականի գործունեությունն այնքան էլ հետաքրքիր չէ. նման ինստիտուտը՝ իր բոլոր հետեւանքներով, նորություն է լինելու մեր իրականության մեջ։ Մինչդեռ ասում են, որ Կասյա Աբգարյանը նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանի գլխավոր իմիջմեյքերն էր…
Կասյա Աբգարյանի հետ հարցազրույցը՝ 4-րդ էջում: