Մեծարգո խմբագիր
Ոչ մեկը, համոզված եմ, դեմ չի լինի, եթե մեր երաժշտական եւ մշակութային կյանքին վերաբերող հարցերը անաչառ լուսաբանվեն պարբերական մամուլում, ենթարկվեն արդարացի քննադատության, լինեն շահագրգիռ քննարկումներ եւ բանավեճեր։ Բայց «Առավոտի» օգոստոսի 14-ի համարում տպագրված հոդվածը՝ ստորագրված է «Լուիզա Ակոպովա, հայ մտավորական, որը ԱՄՆ-ում գտնվում է ոչ մշտական բնակության», զարմացնում է նույնիսկ ամեն ինչի արդեն սովոր, շատ-շատ բաներ տեսած ու լսած ընթերցողներին։ Պարկեշտության, ամոթի, գրագիտության, տարրական դաստիարակվածության դեֆիցիտը, ավելի ճիշտ՝ իսպառ բացակայությունը ակնհայտ է այդ «հոդվածի» յուրաքանչյուր տողում։
Կա մարդկանց մի տեսակ, որոնց համար ճանաչված եւ վաստակաշատ անհատների հասցեին զրպարտանքներ տարածելը, նրանց վրա ցեխ շպրտելը, անձնական վիրավորանքներ հասցնելը ինքնահաստատման կամ սեփական ճղճիմ անձը կարեւորելու միակ ձեւն է։ Եվ եթե այսօր այդպիսիներից մեկն իր կրակոցների թիրախ է ընտրել Զավեն Վարդանյանին, Լորիս Ճգնավորյանին կամ նույնիսկ տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանին, ապա վաղը նույն հաջողությամբ թիրախ կարող են դառնալ ցանկացած ուրիշ ճանաչված գործիչներ։
Այդպիսիների, այդ իրոք չկայացած մարդկանց համար կարեւորը ամեն գնով, միջոցների մեջ խտրություն չդնելով իրենց անունները հայտնի մարդկանց անունների հետ հոլովվելն է, որը նրանց հետ չափվելու, համեմատվելու կամ նույնիսկ հավասարվելու պատրանք ստեղծելով, կարող են հագեցնել իրենց հիվանդագին փառասիրությունը։ Առանց այն էլ շատ ծանր վիճակում գտնվող մեր հասարակության առողջացման ու բարոյական մաքրման շահերը պահանջում են հնարավորին չափ սահմանափակել եւ փոքրացնել մարդկային այդպիսի եւ այլ բնույթի արատների դրսեւորման դաշտը։
Կարդացեք նաև
Եվ կարծում եմ, որ լայն ժողովրդականություն վայելող «Առավոտ» թերթը իր էջերը չպետք է տրամադրի նման չարամիտ, ամբարտավան, բարոյական եւ էթիկական նորմերը ոտնահարող «հայ մտավորականին»։
Հարգանքներով՝ ՋՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ