Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ, ՈՐ ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ»

Օգոստոս 25,1998 00:00
dat

Արմավիրի հացի գործարանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց տրամաբանական հանգուցալուծումը գտնելու փոխարեն ավելի են խճողվում՝ պաշտոնատար անձանց շահագրգռությունների վերաբերյալ ենթադրությունների տեղիք տալով։ Ոգեւորված հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատարի պաշտոնում իր նշանակմամբ, Ժիրայր Խառատյանը, ըստ բողոքավորների, փորձում է բացահայտ հովանավորչություն իրականացնել՝ արհամարհելով 470 անդամ ունեցող կոլեկտիվի իրավունքները։

Այս խնդրին վերաբերող մեր նախորդ հրապարակումից հետո խմբագրություն այցելեցին գործարանից հեռացված չորս աշխատակիցներ՝ Գնել Հակոբյանը, Գեւորգ Գեւորգյանը, Ֆելիքս Ծատուրյանը եւ Վազգեն Նազարյանը։ Նրանք բողոքեցին մեր նախորդ հոդվածի անաչառության դեմ՝ փաստարկելով տնօրենի կողմից Ռուսաստան կոնյակ արտահանելը եւ այն յուրացնելը, ինչ-որ բետոնախառնիչ չափազանց թանկ գնելը եւ այլ փաստեր։ Ըստ բողոքողների, ձեռնարկությունում ստուգումներ անցկացրած ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունը հայտնաբերել է 301 խախտման դեպքեր, որոնք Բաղրամյանի դատախազության ավագ քննիչ Արմեն Թամազյանի կողմից ոչ միայն հաշվի չեն առնվել, այլ Գեւորգ Գեւորգյանի եւ Ֆելիքս Ծատուրյանի նկատմամբ քրեական գործեր են հարուցել, ըստ որոնց վերոնշյալ անձինք գործարանից ստացել եւ յուրացրել են մոտ 500-ական դոլար։

Մեր հարցմանն ի պատասխան, թե իրոք հայտնաբերվե՞լ են նման խախտումներ, որոնք թաքցվել են քննության կողմից, ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Միշա Գեւորգյանը սկզբում պատասխանեց. «Իհարկե, ոչ»։ Սակայն հետո խնդրեց, որ իրեն որեւէ հարց չտրվի, քանի որ դա առավելապես վերաբերում է իրավապահ մարմիններին։

Բաղրամյանի դատախազությունում մեզ չհաջողվեց հանդիպել դատախազի հետ, իսկ ավագ քննիչ Արմեն Թամազյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ, քանի որ «չունի իր ղեկավարության թույլտվությունը»։ Պրն Թամազյանը մեր տասնյակ հարցերին ընդամենը պատասխանեց, որ բողոքողները համոզված էին իրենց անպատժելիության մեջ եւ հենվում էին ինչ-որ խոստումների վրա, թե իրենց ոչ ոք չի կարող դատական պատասխանատվության կանչել։ Իր խնդիրը եղել է այդ տեսակետը ցրելը, իսկ «ՀՀ» օրաթերթում տպագրված իբր ստուգմամբ հայտնաբերված խախտումները թաքցնելու մասին հայտարարարությունները համարեց կեղծ եւ բողոքողների կողմից քննության վրա ճնշում գործադրելու եւս մեկ փորձ։

Արմավիրի ժողդատարանը օգոստոսի 15-21-ը քննում էր Գեւորգ Գեւորգյանի կողմից Արմավիրի հացի գործարանից ալյուր ձեռք բերելու նպատակով 288500 դրամ ստանալու եւ այն յուրացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը։ Ի սկզբանե պարզեց դատական պրոցեսի ողջ անհեթեթությունը. ինչ վճիռ էլ կայացներ դատարանը, միեւնույն է, այն բողոքարկվելու էր։ Դատական պրոցեսն ընդամենը հերթական քայլն էր՝ ուղղված հացի գործարանի ներկայիս տնօրենի դեմ։ «Ամբաստանյալ» Գեւորգ Գեւորգյանը ցանկացած հարցի պատասխանելիս շեշտում էր գլխավոր դատախազի պաշտոնակատար Ժիրայր Խառատյանի հետ ունեցած իր հանդիպումների եւ դատական պրոցեսը չեղյալ հայտարարելու պայմանավորվածությունների մասին։

Հետաքրքիր է նաեւ բողոքողների շահերի պաշտպան պրն Մինասյանի ոչ առանց հիմքի արած հայտարարությունը. «Շատ էլ լավ են արել, որ յուրացրել են։ Հանրապետությունում հիմա բոլորը դրանով են զբաղված»։ Հավանաբար, նման հայտարարություն անելու համար պրն Մինասյանը բավարար հիմքեր ուներ. նա Ժիրայր Խառատյանի համակուրսեցին է։ Պրն Խառատյանի համակուրսեցին է նաեւ արխիվի վարիչ Հենրիկ Խաչատրյանը, որը կարողացել է արխիվը ոչնչացնելու համար խուսափել քրեական պատասխանատվությունից։

«Լուրեր» հեռուստածրագրով արդարությունից եւ հացի թերակշռումից բողոքող Ալեքսան Խաչատրյանը եւս անպատժելիության բացառիկ ցույց կազմակերպեց, դատարանի դահլիճից դուրս գալիս հարձակվելով ինձ վրա։ Արդարության այդ մարտիկը, որը պարզվում է երբեւէ չի աշխատել գործարանում, սակայն ստորագրել է «Արմավիրի հացի գործարանի կոլեկտիվ» մակագրության տակ, հայհոյանքներով հարձակվեց ինձ վրա, եւ եթե չլիներ միջամտությունը, սա կարող էր վերածվել իսկական ծեծկռտուքի։ Դատական պրոցեսին հետագա իմ մասնակցությունն անիմաստ լինելը փաստեց նաեւ դատավճիռը, որով Գեւորգ Գեւորգյանը դատապարտվեց կես տարի ազատազրկման, սակայն կիրառված համաներման շնորհիվ ազատվեց պատժի հետագա կրումից։

Այս հարցում Ժիրայր Խառատյանի շահագրգիռ մոտեցումը փաստարկելու միտում ունեն նաեւ Գեւորգ Գեւորգյանի եւ Ֆելիքս Ծատուրյանի այն հայտարարությունները, թե իրենք ունեն համապատասխան պայմանավորվածություն՝ գործի վարույթը երրորդ շրջանային դատախազությանը փոխանցելու մասին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31