Օգոստոսի 22-ին ՄԵՆՔ՝ ժուռնալիստներս, քնահարամ եղած, քաղաքի տարբեր ծայրերից քաղաքային շների հաչոցները ճեղքելով, առավոտյան ժամը 7-ն անց 15-ին հավաքվեցինք Ռադիոյի տան մոտ, որպեսզի մարդատար երկու ավտոբուսներով գնանք Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Լոնդոնից ժամանող Ամենայն Հայոց կաթողիկոսին։ (Շնորհակալություն Հայաստանի կառավարության մամուլի ծառայությանը այս փափուկ ուղեւորությունը կազմակերպելու համար)։ Սակայն տեղնուտեղը նույն ծառայությունից մեզ ասացին, թե քանի որ օդանավակայանում ժուռնալիստները չեն մոտենալու Վեհափառին, Վեհափառը չի խոսելու։
Քանի որ տվյալ օրը մեր գործը բացառապես Աստծո ու նրա երկրային հանձնակատարների հետ է լինելու, մենք էլ բորբոքեցինք մեր հավատի կրակը հանուն Աստվածաշնչի ճշմարտության ու, առանց «Զվարթնոցի» այդ օրվա զվարթ երեսը տեսնելու, կատարեցինք ինչպես ասացին։ Նստեցինք ավտոբուս, բացառությամբ Հայկական հեռուստատեսության օպերատորի եւ կառավարությանն ամրացրած հեռուստաթղթակից Մերի Հարությունյանի, որոնց մենք այդպես էլ Մայր տաճարում չտեսանք։ Բայց ո՜վ զարմանք. երեկոյան ժամը 8-ին պտտեցնում ենք Հայկական հեռուստատեսության փառաբանված լրատվական ծառայության «կոճակը» եւ տեսնում Վեհափառ Հայրապետի ժամանումի տեսագրությունը, ավելին. Վեհափառի խոսքը, որը մենք նույնպես կկամենայինք ձայնագրել կամ տեսագրել, նկարահանել։
Մի խելոք, որ այս տողերը կարդա, կասի՝ հարսանիքից հետո դհոլն ինչո՞ւ ես զարկում։ Պիտի զարկել, այլապես այս «դեմոկրատիա» ասածդ աստիճանաբար հեռանում է դեպի 19-րդ դար ու թաքնվում Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունների հետեւում։ Հիշո՞ւմ եք. «Առաջ» կպոռանք ու հետ-հետ կերթանք…»։
Սույն ՄԵՆՔ-ի՝ «Արմենպրես», «Նոյյան տապան», «Սնարք» գործակալությունների, «ԱՐ» հեռուստատեսության թղթակիցների հանձնարարությամբ՝ ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ
Կարդացեք նաև
Մասնավոր «Առավոտի» համար
P.S Երբ բոլորս հուզված այս հարցը քննարկում էինք ավտոբուսում, թե՝ ինչ անենք, «Առավոտի» թղթակիցը ժպտալով ասաց. «Հիմա որ գրենք, էլի պիտի ասեն, թե «Առավոտը» «կպավ»։