Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես գոհ չեմ իմ աշխատանքից»

Օգոստոս 25,1998 00:00
Fadey Tachatich

Երեկ ինքնաքննադատաբար հայտարարեց ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանը ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների ու որ ամենակարեւորն է՝ նրանց հետ հանդիպման հրավիրված ՀՀ վարչապետի ներկայությամբ։ Նույն քննադատական ոգով էլ շարունակեց. «Մենք գոհ չենք մեր վիճակից», նկատի ունենալով ակադեմիայի վիճակը, որը պարզվում է՝ «չնայած դժվարություններին, հիմնականում պահպանվել է»։ ԳԱԱ-ի նախագահը համոզված էր, որ «կարելի էր ավելին անել» ու չեն արել, բայց դրա փոխարեն նախընտրեց արածի մասին պատմել ու այնքան «ձեռբերումներ» թվարկեց, որ մի պահ տպավորություն ստեղծվեց, թե ամեն ինչ շա՜տ լավ է։ Բայց քանի որ վարչապետին կամ նախագահին սովորաբար հրավիրում են հանդիպման՝ պրոբլեմներից բողոքելու, աջակցություն (ցանկալի է ֆինանսավորման ձեւով) պահանջելու նպատակով, «նվաճումների» շարքը եզրափակվեց բացման քննադատությամբ ու վարչապետին ուղղված պահանջ-հարցերով։

Ֆադեյ Տաճատիչին ու մյուս ակադեմիկոսներին շատ էր մտահոգում կրթության եւ գիտության նախարարության հետ հարաբերությունները, գիտության մասին օրենքի ընդունման ձգձգումը, ԳԱԱ-ի պրեզիդենտի կարգավիճակը («դա ինձ չի վերաբերում, այլ ընդհանրապես, ի՛նձ, հատկապես, չի վերաբերում»,- չգիտես ինչի արդարանում էր ներկայիս պրեզիդենտը), եւ իհարկե գլխավորը՝ ֆինանսավորման հարցը։ ԳԱԱ-ի նախագահը կարծում է, որ պիտի թեմաների պետպատվեր տրվի, եւ բացի թեմատիկից, լինի նաեւ բազային ֆինանսավորում՝ «հիմնական գիտական ուղղությունները պահպանելու համար»։

ՀՀ վարչապետը երեւի խիստ հարգելով ակադեմիկոսներին՝ արծարծված «ակնթարթային» հարցերին նախընտրեց կանգնած պատասխանել՝ չնայած լիովին համաձայնվեց ակադեմիայի ինքնաքննադատության հետ եւ դեռ մի բան էլ ինքը հավելեց։ Բազային եւ թեմատիկ ֆինանսավորման հարցը վարչապետը որակեց իբրեւ «լրջագույն» հարց եւ հավատացրեց, որ սկզբունքորեն դեմ չէ պետության մասնակցությանը գիտական հիմնական ուղղությունների պահպանման եւ զարգացման գործում, բայց ավելի շատ կողմնակից է ակադեմիային ինքնուրույնություն տալուն։ Այս վերջինը ակադեմիկոսներն ավելի հակված էին ընկալել պետության կողմից՝ գիտական ինստիտուտները պահելու հոգսից «ձեռքերը լվանալու» նման մի բան։

Պետությունից «անկախանալու» մտադրություն ակադեմիան ամենեւին չունի, բայց կրթության եւ գիտության նախարարությունից անկախանալու ցանկությունը շա՜տ մեծ է։ Մինչդեռ ինքնուրույնության անհրաժեշտությունից անընդհատ խոսող վարչապետի համար դա ընդունելի չէ եւ գտնում է, որ «պետությունը ակադեմիայի հետ պետք է հարաբերվի համապատասխան օղակների (այս դեպքում՝ կրթության եւ գիտության նախարարության) միջոցով»։

Այս եւ վարչապետի մյուս պնդումը, թե «ակադեմիան հասարակական կազմակերպություն է», լուրջ ընդդիմության արժանացավ Ֆադեյ Տաճատիչի կողմից։ Վիճաբանությունը երեւի երկար շարունակվեր, եթե ԳԱԱ նախագահը չորոշեր վարչապետին նեղը գցել՝ հիշեցնելով, որ անցյալ տարվա ֆինանսավորումից 600 մլն չեն ստացել, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նախատեսված էր 1,3%, բայց 0,6% են ստացել, ու ամեն ամիս աշխատավարձերն ուշանում են։ Վարչապետն արդարացավ եւ հավաստիացրեց, որ բյուջետային ֆինանսավորման հարցերը երկրորդ կիսամյակում կկարգավորեն։

Դրանից հետո նեղացած Ֆադեյ Տաճատիչը պաշտոնապես հայտարարեց, որ «եթե մենք միայն բյուջեի հաշվին ապրեինք, մեր ակադեմիան գոյություն չէր ունենա»։ Բոլոր մեղադրանքները վարչապետը հակադարձում էր այն «լրջագույն» մեղադրանքով, թե ակադեմիան նոր ժամանակներին համապատասխան չի վրակառուցվում, կոպիտ ասած՝ ինքնուրույն գումարներ աշխատելու շնորհք չունի։ ՀՀ վարչապետը մի «գյուտ» էլ արեց. պնդելով, թե գիտությունը դուրս մղելու հատուկ քաղաքականություն չի եղել եւ ոչ թե գիտությանը տրվող ֆինանսավորումն է կրճատվել, այլ պետության սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տվել շատ վճարել։ Դրան ի պատասխան, ակադեմիկոսներից մեկը շատ դիպուկ նկատեց, թե հավատում են, որ հատուկ չեն որոշել, որ ֆինանսավորումից զրկեն, բայց հատուկ պիտի մտածեին գիտության համակարգը պահպանելու մասին։

Հետաքրքիր էր հատկապես Լեւոն Հախվերդյանի ելույթը, որին Ֆադեյ Տաճատիչը համաձայնեց խոսք տալ միայն, երբ հավաստիացավ, որ քաղաքականությունից չի խոսի։ Վիճարկելով Լենինի հուշարձանը, որ «հանճարեղ աշխատանք էր», քանդելու որոշումը, հետո էլ հարցրեց. «Էն Մաշտոցի ու Խորենացու շքանշանները, որ տվեցիք, բա Էդգար Հովհաննիսյանին չարժե՞ր տալ, բա Էդիկ Միրզոյանին, Գեւորգ Էմինին չարժե՞ր տալ… ես չեմ ասում գրականագետներին տվեք, պատմաբաններին, պետք չի մեզ էդ շքանշանները… եթե խորհուրդ հարցնեիք, կասեինք»։ Հետո էլ մտածելով, որ բոլոր իր մեղադրանքները վարչապետն իրեն կվերագրի, Լեւոն Հախվերդյանը հավաստիացրեց, թե «անձամբ ձեզ նկատի չունեմ, դուք ձեր ջահելությամբ, ձեր գրոսմայստերական տեսքով ինձ շատ դուր եք գալիս», ինչին, բնականաբար, հետեւեց լրագրողներիս անզուսպ փռթկոցը ու ակադեմիկոսների ու վարչապետի աշխատակազմի անդամների զսպված ծիծաղը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31