Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿԱՄՔԻՑ

Օգոստոս 25,1998 00:00
Armen Darbinyan

Երեկ ՀՀ վարչապետին ԳԱԱ-ում «բռնացրած» լրագրողները ու, հատկապես նրանք, ովքեր հենց միայն այդ նպատակով էլ հերթապահել էին, առիթը բաց չթողեցին, մտահոգվել Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցածով ու նրանց երիտասարդ վարչապետի հրաժարականի մասին մեր երիտասարդ վարչապետի կարծիքը պարզելով։

Ազգային ռադիոյի թղթակցի՝ ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետը ոչ թե իր վերաբերմունքը հայտնեց, այլ հրաժարականի պատճառները մեկնաբանեց։ Ըստ նրա. «Ռուսաստանը հայտնվել է բավական լուրջ ֆինանսական ճգնաժամում, որի պատճառները բավական խորն են եւ կայանում են նրանում, որ առաջին հերթին բյուջեն ծրագրավորելիս ոչ հաշվենկատ հաշվարկներ են կատարվել. երկրորդը՝ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման տեսանկյունից չափազանց ռիսկային սցենար էր վերցվել՝ պետական ներքին արժեթղթերի թողարկման տեսանկյունից, եւ երրորդը՝ բանկային համակարգի վերահսկողության տեսանկյունից թույլ են տրվել կոպիտ խախտումներ»։

Արձագանքելով վարչապետի պնդումին, որ ճգնաժամը վերացնելու համար անհրաժեշտ կլինեն «ոչ տրիվիալ» քայլեր՝ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե Վիկտոր Չեռնոմիրդինը կգնա՞ նման քայլերի։ Վարչապետի կարծիքով՝ «հավանաբար ստիպված կլինի գնալ»։

«Լրաբեր-Լուրերի» թղթակցի այն հարցին, թե Ռուսաստանում ստեղծված իրավիճակը որքանո՞վ կարող է մտահոգիչ լինել նրա ստրատեգիական գործընկերը համարվող Հայաստանի համար, պրն վարչապետն ասաց. «Մտահոգիչ է, իհարկե, որովհետեւ կայուն Ռուսաստանը, բոլոր տեսանկյուններից, մեզ անհրաժեշտ է…»։

Հաջորդ հարցին՝ ի՞նչ համագործակցություն կլինի նոր կառավարության հետ, ի պատասխան հնչեց, որ «Համագործակցությունն ամեն դեպքում կլինի բազմակողմանի, եւ այն կախված չէ այս կամ այն լիդերների քաղաքական դաշտում հայտնվելուց, այն կախված է ժողովուրդների կամքից»։

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Վ. Չեռնոմիրդինին իբրեւ քաղաքական գործիչ, գնահատեց. «Բավականին ֆունդամենտալ գործիչ է, եւ կարծում եմ նրա հայտնվելն այս իրավիճակում դրական որոշակի ազդեցություն կգործի…»։ Կիրիենկոյի հրաժարականը մեր վարչապետի համար անակնկալ չէր, նույնիսկ բնական էր այնպիսի պայմաններում, «երբ կորցված էր ֆինանսական շուկայի կայունությունը եւ վտանգված էին բյուջեի շահերը»։ Իսկ փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելու Կիրիենկոյի քայլին չնայած տեղյակ չէր, բայց կարծեց, որ «դա անձնական, մասնագիտական որոշում էր, ողջունում եմ նման որոշումը»։

Լրագրողի այն հարցին՝ այս ամենին կհետեւի՞ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականը, պրն վարչապետն ասաց. «Նման հարցադրումը կարող է տրամաբանական լինել, բայց շատ բան է կախված նրանից, թե ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի կամ ի՞նչ ծրագրեր կներկայացնի Պետդումային Վ. Չեռնոմիրդինը»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31