ՀՀ հարկային տեսչության ստուգումները հատկապես հացի բնագավառում տարակարծությունների տեղիք տվեցին. ինչո՞ւ, ասենք, ստուգումները նոր անցկացվեցին, ի՞նչ կարող է անել տեսչությունը հացի մաֆիայի դեմ, արդյոք այս ստուգումները պատվե՞ր չէին եւ այլն։ Մեր թղթակցի հարցերին պատասխանում է հարկային տեսչության պետ Արտաշես Թումանյանը։
– Պրն Թումանյան, հացի ոլորտի ստուգումները պլանայի՞ն էին։ Եթե ոչ, ինչո՞ւ դրանք ձեռնարկեցիք հենց վերջերս։
– Նման ստուգումներ մենք կատարել ենք նաեւ մոտ մեկ տարի առաջ։ Հացի արտադրության բնագավառի ամենախոշոր օրենսդրական փոփոխությունը հունվարի 1-ից ավելացած արժեքի ներմուծումն էր։ Տեսչության կողմից հացի արտադրության եւ առեւտրի բնագավառի իրական հսկողությունն ավելացած արժեքի իմաստով կարող է լինել առաջին եռամսյակից հետո։ Մեր ծառայությունները մայիսի սկզբից հանձնարարություն են ստացել խիստ վերահսկողության տակ վերցնել հացի բնագավառը։ Մայիսից օգոստոս օպերատիվ ծառայությունը ստուգումներ է անցկացրել մոտ 45 հացարտադրողների մոտ եւ հայտնաբերել են խախտումներ, որոնց ծավալը 37000 դրամից 15 միլիոն է։ Կազմվել է 90 միլիոնի հարկային խախտումների ակտ, որից գանձվել է 20 միլիոնը։
– Ստուգումները հանրապետակա՞ն մակարդակով էին անցկացվում։
Կարդացեք նաև
– Այո՛։ Երեւան, Շիրակ, Կոտայք, Վարդենիս, Գավառ, Արմավիր, Կապան, Աբովյան եւ այլն։ Շատ հաճախ արհեստական, կիսաարհեստական խոչընդոտներ են ստեղծվում թերեւս ժամանակ շահելու նպատակով։ Դիմադրողներ էլ են եղել։
– Որքա՞ն գումար եք ակնկալում հարկել հացի ոլորտից։
– Որոշակի թիվ չեմ կարող ասել։
– Պարոն Թումանյան, ասացիք, որ 9 մլն-ի ակտ եք կազմել։ Հացարտադրողները համաձա՞յն էին ձեր ներկայացրած թվերին։
– Առայժմ միայն մեկ գանգատարկում ենք ստացել։ Հարկատուն հիմնավորել է, որ մեր տեսչության կազմած ակտում սխալներ կան։ Հարկատուի ներկայությամբ գանգատարկման կենտրոնական հանձնաժողովը կքննարկի այդ հարցը։ Չի բացառվում, որ էլի դժգոհողներ լինեն։
– Դուք ստուգումներ եք անցկացրել ալրաղացներում, հացի գործարաններում ու փռերում եւ հացի խանութներում։ Կոնկրետ թվեր կբերե՞ք՝ որ ոլորտում որքան եւ ինչ մասշտաբի խախտումներ եք նկատել։
– Ստուգվել են Բաղրամյանի հացամթերումների կոմբինատը, Երեւանի ալրաղացը, «Սերմեր» ձեռնարկությունն ու «Հայհացահատիկը»։ Բաղրամյանի հացի գործարանում գրվել է 528 միլիոնի ակտ, Երեւանի ալրաղացում՝ 165 միլիոնի, «Սերմերում»՝ 138 միլիոնի, «Հայհացահատիկում»՝ 301 միլիոնի։ Գրեթե բոլորը հավակնություններ ունեն գրված ակտերի հանդեպ։ Կարծեմ՝ բոլորն էլ դիմել են գանգատարկման։ Մենք սիրահոժար պատրաստ ենք լսել նրանց։ Եվ եթե չլինեն լուրջ կռվաններ, պատրաստ ենք գանգատարկման ժամանակ քննարկել, քանի որ թվերն, իրոք, խոշոր են։ Ինչ վերաբերում է առեւտրի բնագավառին, այստեղ ռեյդեր, այո՛, եղել են։ Երեւանում մեկ օրվա ստուգման արդյունքում 7 միլիոնի ակտ է կազմվել։
– Ռեյդերին քանի՞ հոգի է մասնակցում։
– Երեւան քաղաքի այդ ռեյդին, որի մասին ասացի, այդ օրը տեսչությունները դրանով էին զբաղված, պրակտիկորեն չէին աշխատում։ Հարյուրավոր մարդիկ։ Հանրապետությունում ստուգումներ են անցկացվում հացի վաճառքի 420 օբյեկտում։ Սրանցից 295-ում խախտումները հայտնաբերվել են միանգամից։ Մյուսներում (երեւի տեղյակ էին պահված) հասցրել էին շտկումներ անել։ Քաշային տարբերություն է գրանցվել 67 տեղում (50-150 գ պակաս)։ 17 օբյեկտ պետական գրանցում չեն ունեցել։
– Պարոն Թումանյան, մոտ 2 շաբաթ առաջ էլ ծխախոտի ռեյդեր էիք անցկացնում։ Թեեւ Դուք դա ժխտում եք, սակայն ես անձամբ 2 օր հետեւել եմ «Զորավար Անդրանիկ» մետրոյի տարածքում գործող տոնավաճառին, ծխախոտ առհասարակ չկար, հետո հայտնվեց, բայց միայն տեղական։
– Դա նշանակում է, որ ծխախոտի առեւտուրը մոնոպոլիզացված է։ Եթե մի հարկատուի մոտ ստուգումը կաթվածահար է անում մի ոլորտ, նշանակում է մոնոպոլիա գոյություն ունի։ Այդ օրերը, որի մասին ասում եք, ընդամենը մեկ հարկատուի մոտ մեկ պահեստ ենք ստուգել։ Ի՞նչ խնդիր կա։ Սովորական ստուգում է եղել, ոչ թե ռեյդ։ Այսպիսի բան կա, որ որոշ հարկատուների չի կարելի ստուգել, որովհետեւ աղմուկն անխուսափելի է։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ.Գ. Թեեւ հացի ոլորտի ստուգումները էական որեւէ արդյունք չտվեցին, սակայն, ըստ պրն Թումանյանի, գոնե սթափեցրին օրինախախտ հարկատուներին։ Առջեւում շինարարությունների ստուգումներն են։