Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ՜, ԷՍՊԵՍ ԲԱՆԵՐ, ՊԱՐՈ՛Ն ԽՈՍՐՈՎ Ե.

Օգոստոս 22,1998 00:00
caxrankar

Ժուկով-ժամանակով… Էս չեղավ, հեքիաթի նման ստացվեց։ Լինում է, չի լինում։ Էս մեկն էլ ինչ-որ հեքիաթի է նման։ Ախր ես հեքիաթ չեմ ուզում պատմել, այլ հեքիաթանման իրողություն։ Հա՜, գտա… Եղել է, կա ու կլի… Չէ, այդ մեկը հաստատ չգիտեմ՝ կլինի՞, թե՞ չի լինի։ Հա, այսօր էլ դեռ կա Խոսրով անունով մի թագավոր։ Բայց էս Խոսրովը էն չորրորդ դարի Խոսրով Ա.Բ.Գ.Դ. թագավորների նման չէ, որ ախմախ-ախմախ Դվին քաղաք էին կառուցո՜ւմ, անտառ էին հիմնո՜ւմ, բայց չէին սիրում իրենց տերությունում շատ ման գալ։ Նազիր-վեզիր-մեզիրներին էին ուղարկում, թե՝ գյադե՛ք, գնացե՛ք տիրությունում ման եկեք, տեսեք ինչ կա-չկա, եկեք ասեք։ Նրանք էլ գնում-գալիս էին, մեկ ճիշտ էին ասում, մեկ սուտ էին ասում։ Ի՞նչ իմանաս, ասում էին, էլի՛։

Չէ, էս նոր Խոսրով թագավորը (Խոսրով Ե-ն) ուրիշ որակի թագավոր է։ Սա, իհարկե, քաղաք չէ, մի հոլիկ էլ չի կառուցել, անտառ չէ, մի ծառ էլ չի տնկել, բայց արհեստավարժ, պրակտիկ թագավոր է։ Դրա համար էլ չի վստահում նազիր-վեզիրներին, ներողություն, հիմա ասում են խորհրդականներին, նախարար-մախարարներին։ Սա սիրում է անձամբ գնալ տերության խորքերը, իր աչքով տեսնել ամեն ինչ, իր ձեռքով շոշափել, անձնապես արմատապես ուսումնասիրել տերությունում եղած լավն ու վատը, սեւն ու սիպտակը։

Ու մի գեղեցիկ օր էլ Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահների, նախարարների ու փոխնախարարների, խորհրդական-մորհրդականների հետ, ոստիկանների ուղեկցությամբ, չայկա-վոլգաներով, ջիպ-մերսեդեսներով մոտ կես կիլոմետրանոց շքա-շարասյունով դուրս է գալիս Երեւանից ու թե՝ – Գեղարքունյաց աշխարհ, որտե՞ղ ես, եկա, բաց գիրկդ արքայիդ առաջ։ Հա՜, չնայած հաճելի չէր, բայց իր հետ վերցրել էր նաեւ մի պատկառելի խումբ լրագրող-ժուռնալիստների, գրող-մրողների։

Ճանապարհին հետաքրքրվեց ու իմացավ, որ ձախ կողմի կապույտ գույնը Սեւանա լիճն է, աջ կողմինը՝ դաշտեր են, լեռներ, քարեր, իսկ ճանապարհը տանում է դեպի տերության սոված-ծարավ գյուղերն ու քաղաքները։ Այդ ամենը ականջին փսփսացին իր խորհրդատու խորհրդականները։ Այսքանը՝ իբրեւ նախաբան։

Առավոտ էր, Գեղարքունյաց աշխարհի լուսապայծառ առավոտներից մեկը։ Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ավտո-շքաշարասյունը կանգ առավ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմացի հրապարակում։ Աչքի պոչով նայեց, տեսավ Գավառ քաղաքի մոտակա հիասքանչ շինությունները՝ եկեղեցին, մշակույթի պալատը, ունիվերմագը, թատրոնը։ Մի պահ թվաց, թե այդ ամենը իր արածն է։ Տրամադրությունը բարձրացավ։ Հետո հիշեց, որ չէ՛, ինքը մի մազի լումա էլ չունի։ Տխրեց։

Մարզպետարանի դահլիճն էին հավաքվել համայնքների ղեկավարները, ավագներ ու ավագանիներ, գրա-գրա այլ ջոջեր ամբողջ մարզից։ Ասացին, որ պետք է ասուլիս լինի, իմա՝ հարցուպատասխան։ Հասարակ մահկանացուները պետք է հարցեր տան, ինքը պատասխանի։ Հարցնողները առաջարկում էին, ինքը խուսանավում էր, հարցնողները պահանջում էին, ինքը մերժում էր։ Երբ շատ հոգնեց, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դ. Հովհաննիսյանի հարցին ստիպված պատասխանեց քաղաքաշինության նախարար Ֆ.Փիրումյանը։ Ու տեղնուտեղն էլ մերժեց բավականաչափ խելացի մի առաջարկ՝ կապված քաղաքաշինության հարցի հետ։ Հավաքվածները դեռ չէին հասցրել մի կարգին զարմանալ ու զայրանալ նախարարի սխալ ու չոր պատասխանից, երբ Խոսրովը նայեց ժամացույցին ու ասաց.

– Բավական է, ասուլիսի ռեկլամենտը սպառվեց, ես հազար ու մի գործ ունեմ։ Չերկարացնեմ։

Քիչ անց ավտոշարասյունը կտրեց-անցավ Գավառ-Մարտունի մայրուղին ու կանգ առավ Թազագյուղում։ Լսել էր, որ գյուղի նախկին բնակիչներ, եղբայրներ Մուրադյանները երկու միլիոն դոլար են տրամադրել գյուղում դպրոցի նոր շենք կառուցելու համար։ Այն արդեն ավարտվելու վրա է։ Նախագահը գովեց հայրենասիրական այդ արարքը, աշխարհով մեկ եղավ։ Մի պահ թվաց, թե ինքն է խրախուսել այդ բարեգործությունը, հպարտ զգաց իրեն։ Բայց միայն մի պահ։ Այստեղ էր, որ տեղի ունեցավ մի զավեշտական միջադեպ։ Մի սմքած, տարեց կին, որ ինչ-ինչ հնարքով հաջողացրել էր համեմատաբար մոտիկից դիտել նախագահին, ակնապիշ նայեց-նայեց ու թե.

– Էս ի՜նչ խորոտ թագավոր ունենք, մեռնիմ հիդա չինար, սասուն բոյ-բուսաթին, հիդա չառլստո, բալթա բեղերուն, չրաղվան աչքերուն։ Հմնօր քեզի տենանք, բոլա, էլ մեզի խաց ու ջուր պետք չէ… Պարոն Խոսրով, չնկատեցիր, թե ինչպես խելքը գլխին մի ոստիկան, հասկանալով սմքած պառավի հումորը, անմիջապես նրան հեռու թռցրեց, չթողեց, որ շարունակի։ Ճիշտ արեց, զգաց, որ այդ հետամնաց պառավը անեծքով ու լուտանքներով է ավարտելու իր գովքը։

Հաջորդ կանգառը Մարտունի քաղաքի՝ կնոջ առողջական կենտրոնն էր։ Պարոն Խոսրով, ուրախությամբ իմացար, որ այդ կենտրոնում նախորդ տարվա համեմատությամբ այս տարի 30 տոկոսով ավելացել է ծննդաբերողների թիվը։ Պարզ է, ի պատիվ թագավորի այցի։ Բայց այս կենտրոնում կար ֆինանսական մի հարց։ Ֆինանսների փոխնախարար Ա. Ասլիկյանն ասաց.

– Մեկ շաբաթում կհարթեմ այդ կնճիռը։

Երեւի մերսում (հայերեն՝ մասաժ) պետք է աներ։ Բայց անցել է երկու շաբաթ ու երեկ ցավով իմացա, որ այդ կնճիռն ավելի է խորացել եւ ոչ մի մերսում արդեն ի զորու չէ օգնելու դրան։ Նախավերջին կանգառդ, պարոն Խոսրով, Վարդենիսի Սոդքում էր։ Այդտեղ իմացար, որ հանքերում 24 միլիոն տոննա հանքաքար կա։ Ոսկին քնած է ու սպասում է բազմաթիվ հարցերի լուծման, որ ոսկի դառնա։ Աշխարհով մեկ եղար, ուրախացար։ «Ուրեմն իմ տերությունում այդքան ոսկի կա ու ես չգիտե՞մ»։

Զայրացար, թարս նայեցիր խորհրդականներիդ, նախարարներին ու փոխնախարարներին, չգիտեմ ինչու՝ նաեւ խեղճ ու կրակ գրող-մրողներին ու թե՝ գյադեք, գնացինք։ Դարձյալ մի փոքր, բայց զուտ անձնական զվարճալի միջադեպ։ Սոդքում քամի էր, վարորդդ էլ թարսի պես ինքնագնացիդ ֆորտուշկան բաց էր թողել ու քամին (անտե՜ր քամի) խփել, բեղերդ վիդից գցել էր, ինքնագնացի հայելու մեջ նկատեցիր այդ ու մի կես ժամով մի տեղ մտար, բեղերդ վիդի բերեցիր ու վերադարձար։ Դե ո՞ւմ ինչ գործն է, քո սեփական բեղերն են, դու էլ տնօրինում ես դրանց ճակատագիրը:

Ո՞ւմ ինչ գործն է։ Ինչպես քո սիրելի Հրանտ Մաթեւոսյանը կասեր. «Մե՛նք ենք, մեր սարերը»։ Հիմա էլ՝ դու ես, քո բեղերը, ինչ ուզես, կանես։ Աշխատանքային գերլարված օրդ, պարոն Խոսրով, ավարտեցիր Ճամբարակ ավանում։ Այստեղ խոստովանեցիր մի լուրջ ու խորիմաստ գաղտնիք։ «Ավանի բնակիչները,- ասացիր,- ոչ միայն լավատեղյակ են օրենքներին, այլեւ զգում են դրանց նրբություններն ու ուզում են օրենքով ապրել»։ Եվ պահանջեցիր գրանցել արված մի քանի լուրջ առաջարկություններ՝ հետագայում օրենքով քննարկելու համար։ Այստեղ՝ Ճամբարակում, մի տարեց մարդ անընդհատ փնթփնթում էր։ Բայց ասածները լավ չէի հասկանում, որովհետեւ ճամբարակերեն լավ չգիտեմ։ Միայն պռոշների շարժման նոտաներից այսքանը հասկացա. «Ինչո՞ւ եկար, մեր բերքահավաքին խանգարեցիր, քո տված օգուտն ի՞նչ էր, չես օգնում, գոնե մի՛ վնասիր։ Գնալդ լինի, գալդ էլ չլինի»-ն։ Դե ցնդած բիձա էր երեւում, գլխից դուրս խոսում էր, էլի՛։

Ուշ երեկոյան արքայական շքա-շարասյունդ բարձր տրամադրությամբ, մեծ հաջողությամբ, անկորուստ վերադարձավ Երեւան։ Մեկ օրում, ներողություն, կես օրում, այսինքն՝ մի ցերեկում, կտրել-անցնել ողջ Գեղարքունյաց աշխարհը, ուսումնասիրել, վերլուծել հինգ շրջանի՝ (իմա՝ հինգ համայնքի) հոգսերն ու հիմնահարցերը եզակի երեւույթ է, եւ ապագայում պատմությունը պետք է հատուկ էջ նվիրի դրան։ Ո՛չ մի Տիգրան Պետրոսյան, ոչ մի Ֆիշեր ու Տալլ կայծակնային մրցաշարերում, մարաթոնյան վազքի ոչ մի հաղթող այդպիսի արագություն չէր կարող զարգացնել։ Ուղղակի, ես կասեի, ճառագայթային արագություն։ Դե կայծակնայինը քիչ է։

Փակագծում ասեմ, պարոն Խոսրով, ուրախալի է, որ այս անգամ «արտակարգ» սիրալիր էիր էդ գրող-մրող, ժուռնալիստ-լրագրողների նկատմամբ։ Մի առիթով նույնիսկ բեղիդ մի կողմով ստալինաբար ժպտացիր նրանց։ Ասել կուզեր, թե՝ տեսեք, ձեզ էլ եմ մարդատեղ դնում։ Երեւի Պարույր Հայրիկյանի հետ խորհրդակցել, տվել-առել էր ու վերջապես արդեն համոզվել, որ լրագրողների հետ ահուսարսափով, դատ ու դատաստանով խոսել չի լինի։ Ախր, պրոլետարները դեռ շղթա ունեին կորցնելու, իսկ էդ չփլաղները հեչ բան չունեն, է՜։ Մի-մի գրիչ չի՞։ Էն էլ էնա բազարներում լիքը թափած՝ հատը 10-20 դրամ (դոլա՛ր չէ, դրա՛մ)։ Որ ուզես, դու էլ կառնես։ Բայց առնես, ի՞նչ անես։ Ախր էդ անտեր էժան գրչի հետ մի բան էլ է պետք՝ թանկ, նույնիսկ գին չունեցող բան։ Էդ բանից ո՛չ մի տեղ. ո՛չ մի գնով չեն ծախում, պետք է ծնված օրից ունենաս։ Բա էլ դու առնես, ի՞նչ անես։

Հա՛, մի բան էլ ասեմ, պարոն Խոսրով, մտածեցի՞ր, որ այդ օրը դու խլեցիր մարզպետ Ռ. Ղուկասյանի, մարզի մյուս ղեկավարների մեկ օրը։ Չէ՞ որ նրանք այդ մեկ օրում տասնյակ հարցեր ունեին լուծելու։ Բայց երանի միայն այդ օրվա տվածդ վնասով ամեն ինչ վերջանար։ Մի քանի օր անց, այցելությանդ հաջորդ երկուշաբթի, պահանջել էիր, որ մարզպետ Ռ. Ղուկասյանը շտապ ԱԺ հասնի։ Պետք է քննեիր-քննարկեիր այցիդ արդյունքները։ Այդ օրն էլ, հակառակի պես, մարզպետի մոտ մարզի բնակիչների ընդունելության օրն էր։ Տարբեր համայնքներից տասնյակ մարդիկ էին ճամփա կտրել-եկել։ Արժե հիշել Ճամբարակից եկած զույգ հենակներով մի ծերունու, Մարտունուց՝ զույգ երեխաները գրկին մի ջահել կնոջ, էլի ուրիշների։ Եկել էին, որ իրենց հոգսերը պատմեն մարզպետին, որովհետեւ հավատում են նրան, փորձով համոզվել են, որ իրենց դիմումը անպատասխան չի մնա։

Դրա համար էլ ե՛ւ մարզպետը, ե՛ւ մարզպետարանը հարգանք են վայելում ազգաբնակչության շրջանում։ Բայց, ավա՜ղ, ընդունելության եկողները ցավով իմացան, որ այդ օրը ընդունելություն չի լինի, որովհետեւ մարզպետին շտապ ԱԺ եք կանչել։ Բոլորը դժգոհելով, փնթփնթալով հեռացան, բայց էդ մարտունեցի կինը, զույգ երեխան գրկին՝ կանգնեց զույգ ոտքերի վրա, թե.

– Թաղեմ էդ Խոսրովին էլ, էդ ազգային ժանտախտին էլ, հորի՞ են մեր մարզպետին կանչել։

Դե, մարտունեցի հետամնաց կին է, ժողովն ու ժանտախտը իրարից չի ջոկում։ Համ էլ հո չանիծե՜ց… Էլ աստծու բաբելական կրակ, էլ դժոխքի ծնունդ, էլ գրողի ու սատանեքի բաժին… Ո՞ր մեկն ասեմ։ Դե, մարտունեցի հետամնաց կին էր, ոչ ամո՛թ ուներ, ոչ աբո՛ւռ, ասում էր, էլի։ Բա՜, էսպես բաներ, պարոն Խոսրով Ե։

ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ

Նախկին Խորհրդային Միության նախկին Հայրենական պատերազմի նախկին մասնակից, ներկա՝ երկրորդ խմբի հաշմանդամ։ Նախկին ԽՍՀՄ նախկին ժուռնալիստների միության նախկին անդամ, ներկա՝ պարապ-սարապ անհատական թոշակառու

Հ.Գ. Պարոն Խոսրով, երեկ գրել վերջացրել էի իմ հեքիաթանման իրապատումը, երբ այսօր «Հայաստանի Հանրապետութիւուն» պաշտոնաթերթում կարդացի Սասուն Մամյանի «Խորհրդակցություն ԱԺ նախագահի մոտ» ինֆորմացիան, որը վերաբերում է Ձեր այցի արդյունքների ամփոփմանը նվիրված հրատապ խորհրդակցությանը (տես «ՀՀ», թիվ 156)։ Դե, ինչպիսի այց, այնպիսի էլ արդյունք։ Զարմանալու ոչինչ չկա։

Հարգելի ընթերցող, խնդրում եմ զինվես գերմարդկային համբերությամբ ու կարդաս ԱԺ-ի որոշման գոնե որոշ հատվածներ, եվ եթե որեւէ բան (գեթ մի բան) կհասկանաս, խնդրում եմ ինձ էլ հասկացնես։ Համայնքի բյուջեի եկամուտները ժամանակին եւ առավելագույնս ապահովելու նպատակով մուտքագրվող հարկերի հավաքման գործընթացին համայնքների մասնակցության օրենսդրական կարգավորման հարցի շուրջ ծավալված քննարկումների արդյունքում որոշվեց առաջարկել կառավարությանը, որպեսզի տեղական բյուջեի մուտքային մասի համալրման հարցում օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունը ավելի լիարժեք դարձնելու համար քննարկվի եւ հստակեցվի նորմատիվային ակտերի միջոցով այդ փոխհարաբերությունների կարգավորման հարցը՝ ներգրավելով շահագրգիռ կողմերին։

Տարածքային կառավարման մարմնի (մարզպետարանի) մի շարք որոշումների ընդունմանը համապատասխան համայնքի մասնակցության (մասնավորապես, դպրոցների տնօրենների նշանակման հարցի համաձայնեցումը տեղական ինքնակառավարման մարմնի հետ) հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում նշվեց, որ այդ ուղղությամբ կառավարությունում արդեն որոշակի քայլեր կատարվում են։ Ինչ վերաբերում է համայնքների բարձր գոտիականության համար աշխատանքի վարձատրության հավելավճարների հաշվարկման եւ տրամադրման գործընթացում առկա թերությունների (մասնավորապես, հատկացումների ձգձգումը) հարցերին, որոնք բարձրացվել են նաեւ Մարտունու, Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքներում, նշվեց, որ ԱԺ հանձնաժողովները շահագրգիռ մասնակցություն կունենան օրենքի հիմնադրույթների քննարկմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31