Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյանի դիմորդ որդին

Օգոստոս 22,1998 00:00
qnnutyun

Աննախադեպ լուրը, որով դիմավորեցին երեկ վաղ առավոտյան Հանրապետական ընդունող հանձնաժողով այցելած լրագրողիս, առաջին քիչ թե շատ «սկանդալային» դեպքն էր վաղն ավարտվող ընդունելության քննությունների մոտ մեկամսյա պատմության մեջ։ Նախորդ օրը, օգոստոսի 20-ին, ՀԸՀ-ի լիազոր ներկայացուցիչ, ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Վազգեն Խաչիկյանը անգլերեն գրավոր քննությանը, վերահսկման իր պարտքը կատարելիս, ի դեմս քննություն հանձնող դիմորդներից մեկի, ճանաչում է ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողի։

Սկանդալների սիրահարները թող մի լա՜վ ա՜խ անեն. պարզվում է վերջինս ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի որդին է, որը կեղծված փաստաթղթերով քննություն է հանձնում Ավետ Տերտերյանի որդու (կամ թոռան) փոխարեն։ Ի դեպ, դա առաջին քննությունը չի լինում։ Նախորդ փորձն հաջողությամբ, այն էլ՝ բարձր գնահատականով էր ավարտել։ Բախտի բերմամբ (մյուս լրատվամիջոցներս հաստատ մի լա՜վ նախանձեցինք) քննությանը ներկա է լինում նաեւ «Ար» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդումը, որն էլ հենց նույն օրը միջադեպը եթեր է հեռարձակում։

Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, եւ հետաքննությունը կպարզի՝ դեպքն առանձին ընկերական պայմանավորվածության արդյո՞ւնք է, թե՞ կազմակերպված «համաձայնություն»։ Համենայն դեպս, արդեն հիմա մի բացատրություն ունի այն իրողությունը, թե ինչու էին այս տարի այդքան մեծ այն դիմորդների թիվը, ովքեր քննության էին ներկայանում ոչ թե անձնագրերով, այլ դրանց փոխարինող «9-րդ ձեւ» կոչվող փաստաթղթով, որ տրվում է ՆԳ բաժիններիից։ Հենց դրանցից է եղել նաեւ Սադոյանի որդու մոտինը, քանի որ պարզ է՝ այդ թերթիկները կեղծելն ավելի հեշտ է, քան անձնագրերը։

Դեռեւս չհաստատված լուրերով, նման դեպքերն այս տարի եզակի չեն եւ հանձնաժողովների անդամների փոխարեն փող աշխատելու նախաձեռնությունը ստանձնած ՆԳ բաժինների աշխատակիցները յուրաքանչյուր նման փաստաթղթի դիմաց ստացել են 1500-2000 դոլար կաշառք, իսկ քննության մտնողին իբրեւ վարձատրություն յուրաքանչյուր քննության համար 500 դոլար է հասնում։ Այնպես որ, եթե հասարակությունը առանց չարաշահումների յոլա գնալ չի կարող, ապա դրա դեմն առնելն անհնար է. մի դուռը կփակես, նրանք մյուսը կբացեն։ Ու հնարամտության այս մրցույթում հաղթողները հաստատ արդարության պահապանները չեն լինի։

Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31