Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԷԻՆ»

Օգոստոս 22,1998 00:00
Levon Mkrtchyan

Վաղը կավարտվեն բուհերի ընդունելության քննությունները, իսկ երեկ կրթության եւ գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Լեւոն Մկրտչյանից փորձեցինք ճշտել՝ իրականացա՞վ ՀՀ վարչապետի երազանքը, այս քննությունները դարձա՞ն հայ ժողովրդի պատմության մեջ ամենաարդար քննությունները։

Արդարը 451 թվականինն էր

– Մեր պատմության ամենաարդար քննությունները հաստատ չէին, որովհետեւ ես վստահ եմ, որ 451 թվականին երեւի ավելի արդար քննություններ էին։ Իսկ ավելի լուրջ, հարցին երեւի պիտի պատասխանի ժողովուրդը։ Բայց մոտ 11 հազար դիմորդ շուրջ 33 հազար քննություն է հանձնել, իսկ ՀԸՀ-ին ուղղված բողոք-դիմումները՝ սխալ գնահատման, բողոքարկման առնչությամբ, ընդամենը 100-ն են։ Նման հարաբերությունը ցույց է տալիս, որ հաջողվել է քննությունները լավ անցկացնել։ Բնական է, որ քննության գործընթացում կլինեն վրիպումներ, որոշ բացասական երեւույթներ, բայց սա ավելի շատ մեր հասարակության ընդհանուր բարոյական, հոգեբանական խնդիրներն են։ Եվ ինչքան մեղավոր է չարաշահում կատարողը, այնքան էլ մեղավոր են նրանք, ովքեր ուղղակի հալածում, ստիպում են մարդուն, որ օրական մերժի չարաշահման տասնյակ առաջարկներ։ Ընդհանուր առմամբ հաջող անցան քննությունները, եթե վերջին երկու օրը արտառոց դեպքեր չլինեն։

– Ընդհանրապես, ըստ «ավանդույթի», ե՞րբ են ճնշումներն ակտիվանում՝ քննությունների սկզբո՞ւմ, մեջտեղո՞ւմ, թե՞ վերջում։

– Ես հանձնաժողովների նախագահներից պահանջել եմ, որպեսզի այն չափանիշով, որով սկսել են քննությունները, դրանով էլ ավարտեն։ Չի կարելի քննական պրոցեսի ընթացքում թույլատրել մոտեցումների փոփոխություն։ Վերջին երեք-չորս օրն առավել ծանր են, որովհետեւ նախ քննությունները ինչ-ինչ պատճառներով հետաձգածներն են վերջին օրերին քննություն հանձնում, եւ նրանց մի մասը փորձում է ինչ-ինչ ուղիներ որոնել։ Ու ճնշումն ավելի ուժեղանում է։

– Ոնց որ թե լուրջ խախտումներ ո՛չ մամուլը, ո՛չ հասարակությունը «չարձանագրեց», իսկ իրավապահ մարմիննե՞րը, որ հետեւում են քննությունների ընթացքին։

– Կոնկրետ դեպք չի կարող լինել։ Մի դեպք եղավ երեկ եւ կարծեմ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Մնացյալի դեպքում որպես սկզբունք մենք որդեգրեցինք կանխելու ձեւը։ Այսինքն, եթե ստանում էինք որեւէ ինֆորմացիա կամ քննական հանձնաժողովի ինչ-որ անդամ իրեն ավելի «ազատ» էր զգում, մենք խնդրում էինք, որպեսզի հանձնաժողովի նախագահն ինքը միջոցներ ձեռնարկի։ Հանձնաժողովների կազմում դրա հետ կապված որոշ փոփոխություններ եղան, եւ հանձնաժողովները «ձգվեցին»։ Իրեն արդարացրեց նաեւ լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը։ Այնպիսի համակարգ էր ստեղծված, որ քննությունների ողջ ընթացքում մի քանի օղակ իրար վերահսկում էին եւ սա բավականին թեթեւացնում էր տարատեսակ խնդրանքները մերժելու հարցը։ Մտադիր ենք մամուլում կազմակերպել կլոր սեղաններ, որպեսզի ամփոփենք քննությունների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները։ Եվ պիտի մտածենք այնպիսի մի ընդունելության համակարգի ստեղծման մասին, որը մեր ժողովրդին այսպիսի սթրեսի չի ենթարկի, որովհետեւ 16 տարեկան երեխայի համար իսկապես սթրես է լսարաններում խստությունը, լիազոր վերահսկողությունը, ծնողների հուզված վիճակը…

Ռիսկային աստիճանը՝ 5-10 %

– Կան թվեր, որոնք պիտի հաշվի առնենք. 11 հազար դիմորդից մոտ կեսը ռեպետիտորների մոտ պարապում են՝ յուրաքանչյուր առարկայի համար վճարելով մոտ 500 դոլար։ Հսկայական գումար է ծնողը մուծում, բայց այդ վարժանքը ինքնանպատակ է, երեխան առարկան չի յուրացնում։ Մինչդեռ կարելի է այդ գումարներն այնպես օգտագործել, որ ծնողն այդ նույն գումարը ներդնի, բայց նաեւ երեխան գիտելիք ստանա։ Այսինքն, եթե այդ վճարները կարողանանք օգտագործել համալսարանական կամ ավագ դպրոցների բյուջեներում, ապա շատ ավելի մեծ արդյունք կստանանք։

– Աշոտ Բլեյանն էլ էր այդ նույնն ասում, բայց նրա ասածը սվիններով ընդունվեց, իսկ վճարովի կրթության գաղափարներն էլ կատարման ընթացքում խեղաթյուրվեցին։ Ի՞նչ երաշխիք կա, որ նույնն էլ ձեր ասածին չի սպառնում, թե՞ Բլեյանն էր վատ կազմակերպիչ։

– Պիտի այնպիսի համակարգ ստեղծենք, որ այսօր շատ քիչ վարձատրվող ուսուցիչն ու դասախոսը օրինական ճանապարհով այնքան աշխատավարձ ստանան, որ ընտանիք պահելու համար հույսները մասնավոր պարապմունքների վրա չդնեն։ Այսինքն՝ գումարների վերաբաշխման մասին է խոսքը։ Ես կատեգորիկ դեմ եմ, որ սկսենք մի փորձ, երբ այդ գումարները կտեղաբաշխվեն անհատ մարդկանց գրպաններում։ Այս իմաստով ես պահպանողական եմ. ավելի լավ է ոչինչ չանես, քան անես մի բան, որի արդյունքը չգիտես եւ հետեւանքը կարող է շատ ավելի վատ լինել։ Դրա համար պետք է լուրջ նախապատրաստվել։ Եվ երաշխիքը մեկն է՝ մամուլով քննարկում, հասարակական կարծիքի ձեւավորում, անդրադարձի ստացում, այնուհետեւ գաղափարի փորձարկում փոքր մասշտաբներով։ Կրթության համակարգում մի գործ անելիս ռիսկի աստիճանը չպիտի գերազանցի 5-10 տոկոսը։

Մամուլն ու դիտորդները

– Մամուլից եւ հատկապես հասարակական-քաղաքական կազմակերպությունների դիտորդներից ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ քննությունների սկզբում ուղղած իմ խնդրանքը՝ չքաղաքականացնել քննությունները, հարգվեց։ Եղան եւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ քննադատություններ։ Քննություններ են, ամեն ինչ կլինեն։ Բայց ընդհանուր առմամբ թե՛ մամուլի, թե՛ դիտորդների հետաքրքրությունը շատ առողջ էր եւ ամենակարեւորը՝ բարյացակամ։ Եվս մեկ անգամ ապացուցվում է մի պարզ ճշմարտություն, եթե փորձում ես դրական ինչ-որ բան անել, եւ մարդիկ զգում են, որ այդ ձգտումը կա, ապա եւ սխալներն են հաճույքով ներում եւ ընդհանուր բարյացակամ մթնոլորտ է ստեղծվում։ Իմ կարծիքով, կարելի է սա տարածել մեր կյանքի տարբեր ոլորտների վրա, որովհետեւ ժողովուրդն ամենաշատը հոգնում է այս սկզբունքների անընդհատ ոտնահարումից։

Նաեւ բովանդակային բարեփոխումներ

– Մտահոգություն ունեմ, որ ընդունելության քննությունների բարեփոխում ասելով, ավելի շատ նկատի է առնվում չարաշահումները բացառող մեխանիզմների ստեղծումը՝ մինչդեռ բովանդակայինը հետին պլան է մղվում։

– Միանշանակ համաձայն եմ ձեր ասածին, եւ նոր համակարգ չի նշանակում հսկողության ձեւերի կատարելագործում։ Ինչքան էլ կատարելագործենք հսկողության ձեւերը, կգտնվեն դրանց հակաքայլերը, շրջանցելու մեխանիզմները։ Մենք պիտի կարողանանք ընդունելության քննությունները դարձնել ավագ դպրոցը բարձրագույն դպրոցին կապող սահուն օղակ։ Եվ պիտի երկու սկզբունք ապահովվի. վճարունակ ծնողները պետք է կարողանան իրենց երեխաներին հանգիստ տեղավորել սովորելու, բայց դա չպետք է ազդի որակի վրա, եւ հետո՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները պետք է հնարավորություն ունենան ազատ մրցույթի ձեւով զբաղեցնել իրենց տեղերը… Եթե ինչ-որ բան ուզում ենք փոխել, դա պիտի արվի մինչեւ նոյեմբեր, որպեսզի երեխաները 6-7 ամիս ունենան պատրաստվելու համար։ Բայց ընդունելության քննությունները սերտորեն կապված են բուհական համակարգում իրականացնելիք հսկողության եւ բարեփոխման հետ։ Այս տարվա պետական քննությունները, ուզում եմ 5-րդ կուրսեցիներին էլ զգուշացնել, իրոք դառնալու են պետության կողմից խստորեն վերահսկվող քննություններ։

Ո՞նց եւ ե՞րբ են կիսելու փողերը

– Մենք հատկացված եւ ծախսված միջոցների մասին մանրամասն տեղեկագիր կհրապարակենք մամուլում, որպեսզի բացառենք այդ առնչությամբ այնպիսի խոսակցությունները, որ եղան անցյալ տարի, եւ ես մտածում եմ՝ արդարացի։ Ունենք ֆինանսավորման երկու աղբյուր. շուրջ 30 մլն դրամ հատկացված է բյուջեով, ներառյալ հանձնաժողովների անդամների եւ լիազոր ներկայացուցիչների աշխատավարձը։ Երկրորդ աղբյուրը քննությունների համար բնակչությունից գանձված միջոցներն են, որոնց մի մասը, երեւի 35-40 տոկոսը, կթողնենք բուհի ընդունող հանձնաժողովին, իբրեւ վարձատրություն։ Հիմնականը աշխատանքի դիմաց վճարի հարցն է։ Շուրջ 300 հոգի միայն առարկայական հանձնաժողովներում են ընդգրկված։

– Հանձնաժողովներից մեկի նախագահն ասաց, որ խիստ կվիրավորվի, եթե 1000 դոլարից պակաս վճարվի։ Այդքան կտա՞ք։

– Ոչ մի դեպքում։ Եթե կարողանանք յուրաքանչյուրին 150-200 դոլար տալ, արդեն բավականին լավ կլինի։

– Խիստ քիչ չի՞ այն մարդկանց համար, որոնցից պահանջել եք մեկ ամիս օրուգիշեր, ընդ որում՝ ազնիվ աշխատել։

– Խիստ քիչ է։ Բայց սկզբում, երբ հրավիրում էի նրանց աշխատանքի ու երբ վճարման մասին խոսում էին, ես նրանց հանգիստ խղճով ասում էի, որ այս տարի կարեւոր չեմ համարում վճարի խնդիրը։ Այսինքն՝ ես երբեք խոստում չեմ տվել։ Առաջին տեղում բարոյականության սկզբունքն է դրվել, եւ նրանցից շատերի հետ գումարային խնդիրներ չենք քննարկել։

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հ.Գ. Առանձին հանձնաժողովների աշխատանքը գնահատելու մեր առաջարկին ի պատասխան՝ պարոն նախարարը խոստացավ, որ լրագրողների մուտքն ազատ կլինի կոլեգիայի այն նիստի ժամանակ, երբ ինքն այդ մասին մանրամասն հաշվետվությամբ հանդես կգա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31