Մինչեւ ջրերը պարզվեն
ՀՀ վճռաբեկ դատարանում երեկ լսվեց պրոֆեսոր Սարգիս Անանյանի հայցն ընդդեմ Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի։
«Առավոտը» պարբերաբար եւ հանգամանալից լուսաբանել է այս գործը եւ դրան առնչվող մանրամասները։ Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք միայն երեկ տեղի ունեցածը։ Դատարանի չօդափոխվող միջանցքներում ժամերով սպասելը բնավ լավատեսության չէր տրամադրում, մանավանդ որ միջանցքի հեղձուկը տեղափոխվեց դահլիճ։ Ի դեպ, դատարանի դահլիճում ներկա էին եւ ԵԲՀ ղեկավարությանը «ՊցւՏՉվՈ255 տՏՊՊպՐՋՍՈ» էին անում կլինիկայի աշխատողները եւ ԵԲՀ մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ։ Ամառային այս եղանակին նման «մոբիլիզացիան» կհարուցեր անգամ ուժային կառույցների նախանձը։ Վճռաբեկ դատարանի կազմը քիչ էր մնում հենց սկզբից վճռական սխալ կատարեր՝ փորձելով հայցվորին զրկել առաջինը ելույթ ունենալու իրավունքից։ Միայն վերջինիս փաստաբան Ժուդեքս Շաքարյանի պահանջից հետո՝ չխախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301 հոդվածը (որն իրավունք է տալիս հայցվորին ելույթ ունենալ իր փաստաբանից առաջ), դատարանը ելույթի իրավունքը տվեց Սարգիս Անանյանին։ Պրոֆեսորը նշեց անցած դատավարություններում կատարված խախտումների, ԵԲՀ ռեկտորի հրամանների անօրինականության մասին՝ բերելով համապատասխան փաստեր։ Ժուդեքս Շաքարյանը հույս հայտնեց, որ բարեփոխված ատյանը օբյեկտիվ վճիռ կարձակի։ Նա ասաց, որ ԵԲՀ ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով հեռացնել Սարգիս Անանյանին եւ դրա համար փնտրում է տարբերակներ։ Հայցվորը պատասխանեց դատարանի հարցերին եւ պարզաբանումներ տվեց վիճահարույց փաստարկների շուրջ։ Ամենահետաքրքիրը դրանց շարքում բժշկական համալսարանում իր նկատմամբ եղած անբարյացակամության պատճառների բացահայտումն էր, ըստ որի, հալածանքների պատճառը պրոֆեսորի ղեկավարած ամբիոնի վերցրած խստության եւ օբյեկտիվության կուրսն էր ընթացիկ քննությունների ժամանակ։ Պարզ դարձավ նաեւ, որ առողջապահության նախարարությունը որեւէ կերպ իր դիրքորոշումը այս ամենի նկատմամբ երբեւէ չի արտահայտել։ Իսկ ամենահետաքրքիրը, ավելի ճիշտ զվարճալին, ԵԲՀ-ի իրավաբանի ելույթն էր, իր ասելով, հակափաստարկներ ներկայացնելը։ Դեռ հեչ, որ նսեմացրեց Չորրորդ իշխանության դերը («Ձեզ համար «ՀՀ» մի հոդվածն ավելի կարեւոր է, քան այս գործը»,- ասաց նա Ժուդեքս Շաքարյանին), իրեն լեզվաբանական եւ իրավաբանական եզրերի ոչ պակաս զվարճալի շփոթ թույլ տվեց։ Իրենց համալսարանի ռեկտորի հրամանը բնորոշեց. «ոչ սխալ, բայց ստիլիստիկ տեսակետից մի քիչ…», այս արտահայտության վերջը դահլիճը համերաշխորեն խեղդեց ծիծաղի մեջ։ Անհնար էր չնկատել, որ դատարանը շեշտը դնում է միայն մեկ՝ պրոֆեսոր Անանյանին 8-րդ հիվանդանոցի դիմածնոտային կլինիկայից Միքայելյան ինստիտուտ տեղափոխելու մասին ԵԲՀ ռեկտորի հրամանի իրավաբանական ոչ պատշաճ ձեւակերպման վրա։ Դատարանին մտահոգում էր նաեւ այն, որ ներկաներն իրենց առաջին ատյան չդարձնեն՝ անընդհատ «տեղից ակտիվանալով»։ Վճռաբեկ դատարանը շուտով ներկայացրեց իր, կարելի է ասել, ոչ այնքան վճռական վճիռը՝ Էրեբունու շրջանային դատարանի վճիռը մասնակի բեկանելու մասին։ Այն մասը, որը վերաբերում է Սարգիս Անանյանին ուրիշ ամբիոն տեղափոխելուն, բեկանվեց եւ գործը ուղարկվեց նոր քննության, սակայն անբեկանելի մնացին մյուս երկու հրամանները, որոնցից բխում էր բեկանված հրամանը։ Դա նշանակում է, որ պրոֆեսորը չի վերականգնվում բժշկական համալսարանում իր զբաղեցրած պաշտոնում։ Այս ճկուն՝ «նալին էլ, մեխին էլ» սկզբունքի կիրառումը այնքան էլ տարօրինակ չի թվում այն ֆոնի վրա, որ պրոֆ. Անանյանի գործին տեղյակ է վարչապետ Արմեն Դարբինյանը, եւ նրա հանձնարարությամբ այդ գործով զբաղվում են (իհարկե ինչ վերաբերում է պրոֆեսորի ստեղծած կլինիկայի սարքավորումների բռնագրավմանը)։ Վճռի մասին հարցրինք Ժուդեքս Շաքարյանին. «Սա դատ չէր, իսկական ֆարս էր»։ ՀՀ-ում դեռեւս իրավաբանական աշխատանքային օրենսգրքով վճռաբեկ դատարանից հետո էլ դեռ կարելի է վճռի բեկանման հույսեր ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազին դիմելով։ Սակայն դա մինչեւ հունվար, դրանից հետո, ըստ պրն Շաքարյանի, ՀՀ-ում կսկսի գործել իրավական նոր համակարգ ու վճռաբեկ դատարանի վճիռները կլինեն անբեկանելի։ Չի բացառվում, որ այս գործը կձգձգվի մինչեւ հունվար, դրանով ԵԲՀ ղեկավարությանը հնարավորություն տալով իրավաբանորեն ավելի գրագետ ձեւակերպել իր վերոհիշյալ հրամանը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ