Լրահոս
Օրվա լրահոսը

Սրիկաների ու սրիկայության մասին

Օգոստոս 22,1998 00:00
srika

Իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում, որքան հիշում եմ, մեզանում միշտ մեծ տեղ են տվել սրիկաներին։ Հիմա էլ այս թեման չի կորցրել հրատապությունը։ Դեռ ավելին, նկատել եմ, որ տարեցտարի, գնալով, ավելի շատ են խոսում դրա մասին։ Մեր բազմակուսակցական ազգաբնակչության զանազան ներկայացուցիչներ շարունակ գանգատվում են սրիկաների գործունեության արդյունք սրիկայություններից։ Հատկապես՝ կոռուպցիայից, զեղծարարությունից, «ալան-թալանից», հարկերից ու ազգային բանակում ծառայելուց խուսափողներից, անորակ ապրանքով մեր ներքին շուկան հեղեղողներից, պատվասիրությունից զուրկ ֆուտբոլիստներից…

Ի՞նչ եմ գլուխ ցավացնում, դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ինչից են գանգատվում տրամվայներում, հարսանիքներում, կուսակցական համաժողովներում, հոգեբուժարանների ընդունարաններում, սիրային տեսակցություններում, տոնավաճառներում, պառլամենտում… Հետաքրքիր է, որ շատ հաճախ մի սրիկա գանգատվում է մեկ ուրիշ սրիկայի սրիկայություններից… Մի խոսքով, գանգատվելը պատմական զարգացման ներկայիս փուլում դարձել է մեր երկսեռ ազգաբնակչության ոչ միայն հիմնական զբաղմունքը, այլեւ գլխավոր առանձնահատկությունը, որով մենք տարբերվում ենք արդյունաբերական առումով զարգացած ու չզարգացած մյուս ժողովուրդներից։ Ի դեպ, բանավոր ու գրավոր գանգատվելու տեսակետից վերջին հնգամյակում իմ աչքաչափով մենք տվել-անցել ենք շուկայական տնտեսություն ունեցող բոլոր երկրներից, բայց առաջընթացն այս ուղղությամբ հաջողությամբ շարունակվում է ու շարունակվում։

Ես, որ ծագումով ՀՀ ազնիվ քաղաքացի եմ, չեմ կարող շրջանցել հասարակական բնույթի այդ երեւույթը։ Պարզապես իրավունք չունեմ ձեւացնել, որ իբր թե մեր շուրջ բոլորը, վերեւում ու ներքեւում ոչ սրիկաներ կան, ոչ էլ բազմազան սրիկայություններ են իրականացվում։ Սա այն դեպքերից է, երբ լռելը սխալ է ու վտանգավոր։ Արժեքները գնահատելու տեսակետից։ Եթե լռեմ, պատմությունը եւ ապագա սերունդներն ինձ չեն ների…

Ուրեմն, իմ շոշափած հարցի վերաբերյալ տարածված կարծիք կա. շատերը համոզված են, որ տասը հազար բնակչին ընկնող սրիկաների եւ սրիկայությունների թվով մենք առաջ ենք անցել այնպիսի քաղաքակիրթ երկրներից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Ֆրանսիան, Մոնակոն եւ նույնիսկ Իտալիան։ Ուշադրության է արժանի հատկապես վերջին փաստը։ Չէ որ Իտալիայում, ինչպես հայտնի է հեռուստատեսային սերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից, շնից շատ մաֆիոզներ կան, եւ այս երկիրը վաղուց իր սրիկաների ավելցուկն արտահանում է արտասահման։ Ի դեպ, չգիտես ինչու, այս օրինակը հաշվի չեն առնում մեզանում։ Չէ որ գործնականում ինչ-ինչ պատճառներով, մեր լեռնաշխարհը ամեն տեսակ սրիկայության ընդունակ սրիկաների անսպառ պաշար ունի։ Եվ չօգտագործել այդ հնարավորությունը տնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում ուղղակի հանցագործություն է։

Պատկերացնում եք, թե ինչքան կշահի մեր բազմաչարչար Հայրենիքը եւ նրա տարաբախտ ազգաբնակչությունը, եթե մենք սկսենք արտահանել տեղական սրիկաներին։ Չէ որ մեր սրիկաները, եթե չեն գերազանցում իրենց արտասահմանյան գործընկերներին, ապա չեն զիջում նրանց։ Կարելի է, մեր սրիկաներին մեծ խմբաքանակներով տրամադրել բոլոր երկրներին, ուր այսպիսիների պակաս կա։ Ընդ որում, առանց խտրականության։ Սա գլուխ բերելու համար կարելի է օգտագործել, ասենք, Շվեդիայի փորձը։ Վերջինս արդեն քանի տարի տաղանդավոր հոկեյիստներ է տրամադրում ԱՄՆ-ին ու Կանադային՝ ապահովելով արտասահմանյան տարադրամի մուտք իր երկիր։ Իմիջիայլոց, մեր սրիկաներին կարելի է նաեւ որպես հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա, Ադրբեջան եւ մեր ժողովրդի նկատմամբ ջերմ տրամադրված ուրիշ պետություններ…

Հանուն արդարության ասել, թե այս ուղղությամբ ոչինչ չի արվում, ազնիվ չի լինի։ Սակայն դա կրում է տարերային բնույթ։ Մինչդեռ մեր ազգային շահերը պահանջում են, որ սրիկաների պարագայում հանդես բերվի պետական մոտեցում։ Հարկավոր է օգտագործել մեր սրիկաներին։ Չէ որ նրանք ոչ կրակում են վառվում, ոչ ջրում խեղդվում։ Եվ նույնիսկ իրավապահ մարմինները անզոր են նրանց հմտության ու վարպետության առաջ…

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31