Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

Օգոստոս 22,1998 00:00
Shekoyan

1920 թվականին կազմավորված Սովետական Հայաստանի իշխանությունը ոչ միայն հիմնավորապես հրաժարվեց հանդիսանալ հայոց Առաջին Հանրապետության ժառանգորդը, այլեւ 70 տարի շարունակ ամենայն մանրակրկիտությամբ, դրվագ առ դրվագ վարկաբեկեց ընդամենը երկու տարեկան նորածնին, առանց ըմբռնելու, որ՝ եթե չլիներ իր անմիջական նախորդը, ինքը եւս գոյություն չէր ունենալու։

Հայաստանի Երրորդ Հանրապետության իշխանությունները եւս ոչ միայն հրաժարվեցին Խորհրդային Հայաստանի պատասխանատու իրավահաջորդը լինելու մտքից, այլեւ որոշակի քամահրանք որդեգրեցին իրենց անմիջական նախորդների հանդեպ, առանց ըմբռնելու (չնայած ըմբռնումն իրենց իսկ կարգախոսներից էր), որ՝ եթե Երկրորդ Հանրապետություն գոյություն ունեցած չլիներ, իրենք էլ գոյություն չէին ունենալու։ Իսկ մեր ամենավերջին եւ ամենաթարմ իշխանությունները (փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո եկած) ոչ միայն իրենց նախորդների արածի պատասխանատվության մի չնչին մասը չեն ուզում իրենց վրա վերցնել (չնայած իշխանավորների մեծ մասը նախկիններն են), այլեւ՝ իրենց իսկ արածի ու անելիքի պատասխանատվությունն էլ են փորձում իրենցից վանել։

Այս նորերը նույնպես չեն ուզում հասկանալ, որ՝ եթե իրենց անմիջական նախորդները չլինեին, իրենք ընդհանրապես եւ հատկապես գոյություն չէին ունենալու։ Պետականության ժառանգականության վերջին երկու օտարումներն ամենաաններելիներն են, քանզի երկրում սեփականաշնորհում է սկսվել եւ շարունակվում, եւ յուրացման է ներկայացվել ու ներկայացվում 70 տարիների մի քանի սերունդների ունեցվածքը։ Ինչպես իննսունականների սկզբում միտում կար Երկրորդ Հանրապետության ունեցվածքը բաժանել հիմնականում «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ վարչության անդամների ու նրանց մերձավորագույնների միջեւ, այդպես էլ այսօր միտում կա՝ մնացյալ եղածը բաժանել հիմնականում նրանց, ովքեր Լեւոնին գցելու գործի ամենագլխավոր երախտավորներն են։ Այսինքն՝ երկրորդ անգամ է նշմարելի ու տեսանելի դառնում Հայաստանի շարքային քաղաքացիներին «բորդյուրին» թողնելու իրողությունը։

Եթե դեռեւս հիշում եք, իննսունականների սկզբներին հաճախ էր շոշափվում սեփականաշնորհման ընթացքին հանրապետության բոլոր քաղաքացիների համահավասար մասնակցության եւ մեկնարկային հավասար պայմանների առկայության անհրաժեշտությունը։ Ոգեւորության ալիքներում լող տվող քաղաքացիներն, իհարկե, շատ ուշ հասկացան, որ սեփականաշնորհման թեկուզեւ անհավասար մեկնարկին մասնակից դառնալու համար իրենց առնվազն պիտի վերադարձվեին իրենց ողջ կյանքի արդար ու օրինական եկամուտները՝ խնայդրամարկղերում փոշիացած իրենց վաստակները։ Այս խոսքիս վրա ինչ-որ մեկը դարձյալ կընդվզի (քանզի մեկ անգամ արդեն մեկն ընդվզել է) իմ դեմ («Էն թվերին մենք որ պայքարում էինք, քեզ նմանները կոմունիստներից ստացած հոնորարներ էին կուտակում խնայդրամարկղերում»)։

Ես, իհարկե, սույն նկատառման ողջ դառը ճշմարտությունը ըմբռնումով կուլ տալով հանդերձ, համառորեն կշարունակեմ ծեծել այս բազմիցս ծեծված թեման։ Եթե հիշում եք, նախագահական մեր արտահերթ ընտրություններին մասնակցող 12 թեկնածուներից մեկը (Հրանտ Խաչատրյան) մյուս 11 թեկնածուների համեմատությամբ շատ ավելի կոնկրետ եւ շատ ավելի թափանցիկ էր իր նախընտրական ծրագրի մեջ ներառել ավանդատուների խնդիրներն ու հարցերը։ Նա նույնիսկ ձեւերն էր մատնանշում (ավանդները վերադարձնել վաուչերների եւ այլնի տեսքով)։ Մենք, իհարկե, այնքան կոնստրուկտիվ ժողովուրդ չենք, որ, չկորցնելով պատմական պահը, վերցնեինք ու հենց Հրանտ Խաչատրյանին ընտրեինք նախագահ, որպեսզի այսօր բարոյական իրավունք ունենայինք անձամբ Հրանտ Խաչատրյանից պահանջել մեր «հալալ» դատած փողերը։ Մեր երկրի ներկա ղեկավարը մեր երկրի նախորդ ղեկավարին հակադրվեց ոչ թե ղարաբաղյան հարցում ընդհանրապես, այլ՝ կոնկրետ, այն է՝ Արցախի խնդիրը երբեւէ չի կարող խոչընդոտել Հայաստանի տնտեսության զարգացմանն ընդհանրապես եւ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի աճին մասնավորապես։

Վերադառնանք մեր բազում ոչխարներին (ավանդների տեսքով)։ Եթե Տեր-Պետրոսյանի տնտեսագետ իշխանավորներն ասում էին, որ իրենք պատասխանատու չեն նախկին ռեժիմի օրոք տեղի ունեցածի համար (լավագույն դեպքում ասում էին, որ խնայդրամարկղերի ավանդների հարցը երկար տարիների ընթացքում լուծելիք հարց է), ապա ներկա իշխանության շարքերում արդեն իսկ գտնվել են արհեստավարժ մարդիկ, ովքեր սկսել են մեզ բացատրել, թե՝ ավանդների հարցն առավել հեշտ էր լուծել անկախության գործընթացի առաջին իսկ տարիներին։ Որքանով որ նախագահ, նախարար, մարզպետ կամ պատգամավոր դառնալն է այսօր շատերի համար անհետաձգելի ու հույժ կարեւոր (քանզի սեփականաշնորհումը դեռեւս ընթացքի մեջ է), ճիշտ այդքանով եւ նույն պատճառով էլ այսօր կարեւորվում է ավանդների շուտափույթ վերադարձը ժողովրդին։

Եթե ցանկացած բարձրագույն պաշտոնյա մեծ հաճույքով է ժառանգում իր նախորդի իրավունքներն ու արտոնությունները, ապա ինչո՞ւ է զլանում գոնե փոքր-ինչ իր վրա վերցնել նաեւ նախկինի պատասխանատվությունը՝ որեւէ սկսած կամ չսկսած գործի առումով։ Ամեն մի նոր նախագահի ու նախարարի գալստյամբ մենք պիտի վերստին զրոյի՞ց սկսենք պետություն կառուցել։ Մեր բախտը մի օր կբերի՞, որ ադրբեջանցիներն էլ մի գեղեցիկ օր սկսեն պատասխանատվություն չկրել իրենց նախորդների փոխարեն։ Պատկերացրեք՝ Ադրբեջանում ընտրված նոր նախագահը հայտարարում է, որ ինքը պատասխանատվություն չի կրում իր նախորդների արածի համար եւ, ուրեմն, դադարում է զբաղվել Ղարաբաղի հարցով։

Ժողովրդի փոշիացած ավանդների խնդիրը, վերջիվերջո, նույնպես ազգային խնդիր է, եւ համոզված ենք, որ մի օր մեր ժողովուրդը դա ազգովի կգիտակցի։ Դրա համար բնավ պարտադիր չէ լինել համաշխարհային ազգ. ընդամենը պահանջվում է ալբանացիներից պակաս չլինել։ Ավանդների ու ավանդատուների հարցն իսկապես այն հարցն է՝ հանուն որի կարելի է տարեկան երկու նախագահ փոխել՝ ընդհուպ երրորդը, որը նախապես, մինչեւ իր ընտրվելն արդեն ստիպված մտածած ու գտած կլինի ավանդներն ավանդատուներին վերադարձնելու բոլոր հնարավոր եղանակները։

Վերջիվերջո իսկապես կարելի է փորձել Հրանտ Խաչատրյանի խոստացած տարբերակը՝ ավանդները վերադարձնել վաուչերների կամ բաժնետոմսերի տեսքով, եւ փույթ չէ, թե դրանց գները կտրուկ կընկնեն (քանզի կտուժեն նրանք, ովքեր հազարապատիկ շահած են)։ Շատ բնական կլիներ, որ այս խնդիրներն ավելի շատ հուզեին իշխանություններին, քան՝ ժողովրդին, որովհետեւ վայրագ ու անհավասար սեփականաշնորհումն ի վերջո ստիպելու է, որ ժողովուրդը վերստին օտար ուժեր հրավիրի (Աստված չանի), որպեսզի վերստին օտարի հզոր ու անմաքուր ձեռքով վերաբաշխվի մեր խեղճ ու մինուճար երկրի ունեցվածքը։ Եվ այս դեպքում եւս մեծապես տուժելու են հատկապես նրանք, ովքեր երեկ ու այսօր իրավասու էին եւ իրավասու են լուծել թե՛ ավանդատուների եւ թե՛ սոցիալական ահավոր անհավասարության հարցերը։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31