Ցիտատ ՀԵԿՄ 33-րդ համագումարի ելույթներից, 1998 թվական 21-ը օգոստոսի։ Հայաստանի կոմունիստական երիտասարդական միության (ՀԿԵՄ) 33-րդ համագումար։
Դահլիճը լեփ-լեցուն է տարբեր մարզերից ժամանած դելեգատներով, հյուրերով։ Ծաղիկներ Լենինի «բյուստին»։ Կես ժամ հոգնեցնող սպասում։ ՀԿԵՄ առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը հավաքված ընկերներին զեկուցում է, որ 435 պատգամավորներից դահլիճում են 378-ը, 26-ը բացակայում է հարգելի պատճառով, 21-ը չարամտորեն խուսափել է ներկա գտնվել համագումարին։ Ռուսական «ԽՏՎրՏՎՏս, ՍՏՎրՏՎՏս» երգի ներքո դահլիճ է բերվում համապատասխան դրոշը, այնուհետեւ հնչում է «Սովետական Հայաստան» հիմնը։
Ընկեր Սանատրուկ Սահակյանը ներկայացրեց հյուրերին՝ Ռուսաստանի, Բելառուսի ԿԵՄ առաջին քարտուղարներին (բուռն, երկարատեւ, հոտնկայս ծափահարություններ), Վրաստանի Իոսիֆ Ստալինի անվան երիտասարդական կուսակցության առաջին քարտուղարին (օվացիա, խանդավառություն)։ Առաջարկության համար ձայնը տրվեց ընկեր Սամվելյանին (պարզվեց, որ այս ընկերը երիտասարդ աղջիկ է)։ Առաջարկվեց 33-րդ համագումարի 16-հոգանոց նախագահություն ընտրել։ Միաձայն։ Ընկեր Մուսայելյանը (դարձյալ երիտասարդուհի) առաջարկեց ընտրել 5 հոգանոց քարտուղարություն։ Սանատրուկ Սահակյանը մոտեցավ ամբիոնին. «… Այսօր թշվառության, խավարի, գործազրկության է մատնվել երիտասարդությունը։ Պսակազերծվել են խիզախելու իղձերը։ Աճուրդի են հանվել անգամ սերը, պատիվը, խիղճը, ընտանիքը։ Դոլարի, սեքսի, պոռնոգրաֆիայի կուլտը մտել է երիտասարդների անարատ հոգիները»։
170-ամյա ոսկեդարը կորցնելոսւ պատճառները ընկեր Սանատրուկը կապում էր նախկին ղեկավարների դավաճանության եւ օտար հետախուզական ծառայությունների հետ։ Երիտասարդությունը շփոթահար է, իսկ մերօրյա բիրդանաղաները «թրեւ են գալիս «Մերսեդեսներով»։ Բայց կգա՜ հատուցման ժամը։ Ընկեր Սահակյանը ներկայացրեց հայ ժողովրդի պատմության նորագույն էջերը, ուր իր փառապանծ տեղն ունի «հայրենիքի նվիրված զինվոր Սերգեյ Բադալյանը»։ Նա լռեց՝ ծափահարությունների ակնկալիքով (երկարատեւ ծափահարություններ)։ Հռետորը դահլիճին (որը բավական անտարբեր էր լսում, հորանջում էր եւ մարտական ոգու դրսեւորում ամենեւին չէր ցուցաբերում) տեղյակ պահեց, որ Կարեն Դեմիրճյանը չէր եկել նախագահ դառնալու, այլ եկել էր շեղելու ժողովրդին։ Որ դաշնակցությունը փուչիկ է եւ չունի բարոյական հեղինակություն, «դաշնակցությունը ոչնչություն է»։
Կարդացեք նաև
«Ժամանակակից երիտասարդները,- գոչում էր հռետորը,- մեկ բաժակ սուրճ խմելու կամ մեկ պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտելու հնարավորությունը չի փոխի ոչ մի այլ բանի հետ… Ի՜նչ է ցուցադրվում՝ բազմասերիանոց ֆիլմեր։ Չկան այդ սերիալներում դրական հերոսներ։ Հայ կնոջ բարոյականով հպարտացող հայ տղամարդը արդեն համակերպվել է, որ իր քույրը, ընկերուհին իրենց գոյությունը պահելու համար իրենց մարմինն են վաճառում։ Գետի՛նը մտնի, պատռվի՛ եւ հո՛ղը մտնի այդպիսի տղամարդը»։
Այս անեծքից դահլիճի կոմսոմոլների տղա տեսակը սարսափեց։ Մարքսից բերելով մի ցիտատ՝ ընկեր Սանատրուկ Սահակյանը ավարտեց իր ճառը (ծա՜փ)։ ՀԿԵՄ-ի 33-րդ համագումարի օրակարգում՝ բացի ընկեր Սանատրուկի ելույթից, ՀԿԵՄ կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ անելն էր, որին էլ ձեռնամուխ եղան ելույթ ունեցողները։ ՀԿԵՄ պատգամավոր-կոմսոմոլներն առավել քան համաձայն էին արվող առաջարկություններին՝ իրենց կարմիր մանդատները ի ցույց դնելով միայն «կողմ» կանչին։ Երիտասարդ «ընկեր» կոմսոմոլուհիները շատ զգոն, զգաստ եւ զուսպ կեցվածք ունեին։ Ներկա պատգամավորներին կոչեր էին բաժանված. կոչ էր արվում «սթափվել, ցուցաբերել բարձր քաղաքական գիտակցություն եւ պատասխանատվություն թե՛ հայրենիքի, թե՛ մեր ապագայի նկատմամբ։ Բարձր հոգեկան պոռթկումները միշտ էլ հատուկ են երիտասարդությանը»։ Դահլիճում նստած երիտասարդությունը, համենայնդեպս, բարձր հոգեկան պոռթկումի նշաններ ցույց չտվեց։ Ասենք՝ պոռթկալու առիթներ առանձնապես չեղան էլ…
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ