Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ՏՈՆ

Օգոստոս 22,1998 00:00
Suren Abrahamyan

Ասուլիս, որ պետք էր քաղաքապետին

Օգոստոսի 21-ին հրավիրելով որեւէ իրադարձության հետ չկապված մամլո ասուլիս, Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, թե հենց սկզբից պետք է հիասթափեցնի սկանդալի սիրահարներին, որովհետեւ արտառոց բաներ չի ասելու։ Սովորական հանդիպում է լինելու, որն ավելի շատ իրեն է հարկավոր։ Սուրեն Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելով պարզել է, որ կա քաղաքային օրգանիզմը ղեկավարելու երկու ճանապարհ։ Մեկ, որ հարցերը լուծվում են առանց աղմուկի, իսկ հետո ներկայացվում է կատարվածը ու իմիջ է ձեւավորում։ Սակայն պարզվել է, որ դրա համար ոչ ժամանակ կա, եւ ոչ էլ բյուջեի հնարավորություններն են դա թույլ տալիս։ Քաղաքապետը ընտրել է երկրորդ ճանապարհը։

Մայրաքաղաքի առջեւ ծառացած բոլոր խնդիրները ներկայացնել ամբողջ սրբությամբ, մանավանդ նրանք, որոնք վերաբերում են անօրինականություններին ու ապօրինություններին։ Դա, ըստ էության, ինչպես քաղաքապետն է գնահատում, դժվար ճանապարհ է եւ բումերանգի էֆեկտով կարող է հարվածել հենց իրեն։ Այո, հստակ է, որ այսօր Երեւանի պրոբլեմների մասին խոսում են ամենուրեք, սակայն, դրանով հանդերձ, բարձրացված հարցերի վերաբերյալ քաղաքապետից նաեւ հաշիվ են պահանջում։ Այստեղ Սուրեն Աբրահամյանը մի քնարագործնական զեղում կատարեց։ Նա ասաց, որ քաղաքապետարանի լրատվական ծառայությունը չկարողացավ ընկալելի դարձնել իր գործունեությունը։ Այս փուլում էլ «իմ լրատվական ծառայությունը երկունքի ցավերի մեջ է եւ ես նրան տղա ունենալ եմ մաղթում»։ Ակնհայտ է, որ քաղաքապետը նկատի ուներ լրատվական ծառայության պետ Լիլիթ Մելքոնյանին։

Երեք չարաբաստիկ հարց

Այս տիրույթը Սուրեն Աբրահամյանը սկսեց մեկ դռնանի ավտոբուսների խնդրի ներկայացմամբ։ Նա ասաց, որ իր որոշումը, ըստ էության, հաշվի է առնում բազմաթիվ կոմպոնենտներ։ Լիցենզավորված չեն եղել երթուղիներն ու փողոցները։ Դրանք տնօրինել են կասկածելի մարդիկ։ Մեկ դռնանի ավտոբուսների հետ քաղաքապետարանի պայմանագրային բոլոր ձեւակերպումները արդեն օգոստոսի 1-ին ուժը կորցրած էին ճանաչվելու։ Աստիճանաբար քայլեր են ձեռնարկվում համակարգն ամբողջությամբ կառավարելի դարձնելու համար։ Սակայն աշխատանքների նորմալ ընթացքին խոչընդոտում է նույն մեկ դռնանիների վարորդների շարժումը, որոնք արդեն հովանավորներ ունեն։

Քաղաքապետն ասաց, որ ինքը չի նպաստել գործազրկությանը, որովհետեւ ա վարորդը փոխարինվելու է բ վարորդով։ Երկրորդ էական խնդիրը, որի համար Սուրեն Աբրահամյանը մամուլի հարվածների տակ է հայտնվել, դպրոցների տնօրեններին կենսաթոշակի ուղարկելու հարցն է։ Կա կենսաթոշակային տարիքին մոտեցած 42 դպրոցի տնօրեն, որոնց ցուցակը կազմել է քաղաքապետարանի կրթության վարչությունը։ Դրանցից 9-ն արդեն հատել են կենսաթոշակային տարիքի սահմանագիծը, եւ շուտով մեծարման երեկոներով կուղարկվեն վաստակած հանգստի։ Մինչդեռ նրանցից երեքը աղմուկ են բարձրացրել ու չեն ուզում գնալ։ Նրանցից մեկը, ինչպես նշեց քաղաքապետը, մինիստրի զոքանչ է։

«Առավոտի» ռեպլիկին, թե ո՞ր նախարարի՝ քաղաքապետն ասաց, թե կասի եթե շարունակեն աղմկել։ Ըստ էության, այդ մարդիկ պետք է կենսաթոշակի անցնեին շնորհակալ լռությամբ, քանի որ նախկին քաղաքապետը եւս նույն հիմքերով նրանց ազատել է աշխատանքից։ Սակայն մեկ տարով այնուհետեւ երկարաձգվել է վերջիններիս հետ աշխատելու պայմանագիրը։ Իսկ այդ փաստաթղթերի ժամկետներն այլեւս ավարտված են։ Մյուս հարցադրումը վերաբերում էր փողոցային առեւտրին։ Քաղաքապետի արտահայտած տեսակետն, ըստ էության եկավ հաստատելու նախընթաց տարիներին ընդդիմության բոլոր պնդումները։

Երեւանի կրպակների կեսը անօրինական են։ Բայց դե, բոլոր դեպքերում, դրանք գոնե մեկ-երկու ընտանիք կերակրում են։ Ինչ վերաբերում է թերթի կրպակներին, ապա քաղաքապետը որոշել էր մամուլի ներկայացուցիչներին սիրաշահել։ Անշուք տաղավարները կփոխարինվեն նորերով։ Էրեբունի փողոցում քաղաքապետն իր առջեւ դրված լուրջ խնդիր է տեսնում։ Ըստ էության այնտեղ այնքան են «հոռացել», որ վաճառակետերը հասցրել են մինչեւ տրամվայի գիծ։ Այդ ամբողջը պետք է մաքրել։ Այստեղ քաղաքապետն իր ամենածանրակշիռ հայտարարությունն արեց։ Իրեն պետք է օգնի մամուլը, որպեսզի հետագայում եւս կարողանա շարունակել կարգուկանոնի հաստատման ընթացքը, այլապես. «Բա որ բինգոներին, կազինոներին, տոնավաճառներին անցնեմ, ինձ կուտեն։ Երկիրը խղճով ու ճշտով չեն կառուցում, այլ օրենքներով եւ կարգուկանոն հաստատելով»։

Երեւանցուն տոն է պետք

Ըստ էության մոտ ժամանակներս ականատես կլինենք մի քանի շնորհակալ ձեռնարկումների։ Քաղաքապետը կազմակերպելու է անշարժ գույքի վաճառքի բորսա՝ քաղաքակիրթ ձեւերի մեջ։ Պետությունը ձեռնամուխ կլինի վճարովի ավտոկանգառների կենտրոնացված համակարգի ստեղծմանը։ Կհամադրվեն նաեւ բնակչության սպասարկման բոլոր ծառայությունների աշխատանքները։ Մինչեւ սեպտեմբեր, այսինքն մինչեւ Սուրբ խաչ, կարգի կբերվեն գերեզմանների ճանապարհները, դրանց շուրջ կիրականացվեն մաքրման աշխատանքներ։ Սուրբ խաչի օրն էլ քաղաքապետարանը կտրամադրի փոխադրամիջոցներ, որոնք բնակչությանը կտեղափոխեն գերեզմանատներ եւ հակառակ ուղղություններով։ Քաղաքապետը վճռական է տրամադրված նաեւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության վերականգնման եւ Էրեբունու հիմնադրման 2780-ամյակը նշելու հարցում, որովհետեւ, նրա համոզմամբ, երեւանցուն տոն է պետք։ Սեպտեմբերի 1-ից կսկսի դպրության շաբաթը։ Իսկ ամենակարեւորը, որ իր խոսքում առանձնացրեց քաղաքապետը, մեր գնահատմամբ այն է, որ Սուրեն Աբրահամյանը կարեւորեց մայրաքաղաքը բարոյական արժեքների մեջ հաստատ պահելու գործը։

«Առավոտ»-քաղաքապետ

Մեր հարցադրումներին քաղաքապետը պատասխանեց բոլոր երանգները հաշվի առնելով։ Իր ցավը համարեց, որ քաղաքապետարանը չունի մամուլ։ Մինչդեռ դա շատ կարեւոր խնդիր է։ Տարբեր գործերի նորմալ ընթացքը խոչընդոտող շրջանակներին նշելու մեր առաջարկը հավանության չարժանացավ, որովհետեւ քաղաքապետն ասաց, թե Դուդո կամ այլ անուն տալով կնպաստի մեր վերջիններիս վարկանիշի բարձրացմանը, իսկ նրանք արժանի չեն, որ «ես իրենց մասին խոսեմ»։ Քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու առաջարկն էլ Սուրեն Աբրահամյանը այս փուլում նպատակահարմար չի համարում, որովհետեւ բյուջետային գանձումները 70%-ով կատարվում են մայրաքաղաքում, ինչը յուրաքանչյուր քաղաքապետի անկառավարելի դառնալու հնարավորություն կտա։ Իսկ դա պատերազմող երկրի մեջ անթույլատրելի է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31