Սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նիստում երեկ քննարկվեցին Սահմանադրության 3-րդ գլխում առաջարկվող փոփոխությունների թեզիսները, որոնք վերաբերում են հանրապետության նախագահին։
«Ճանապարհ տվեք Սահմանադրության հայրերին»
Կեսկատակ այսպես բացականչեց մի պաշտոնյա՝ իրենից առաջ թողնելով ՆԳ եւ ԱԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Միքայել Գրիգորյանին, որը երեկ Պարույր Հայրիկյանի փոխարեն վարեց հանձնաժողովի նիստը։ Առաջ ընկնելով նշենք, որ այս փոփոխությունն առիթ դարձավ, որ նիստի ժամանակ հանձնաժողովի անդամները հանգիստ ծխեն, որը, գործընկերներիս վկայությամբ, աննախադեպ երեւույթ էր։ Ինչեւէ։ Հարակից մանրամասներից անցնենք թեզիսների քննարկումներին՝ առանձնացնելով հատկապես այն դրույթները, որոնք բանավեճերի տեղիք տվեցին։
Նախագահն այսուհետ 5 տարվա քաղաքացիություն կունենա
Կարդացեք նաև
Աշխատանքային խմբի անունից ելույթ ունենալով՝ իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը նշեց, որ առաջարկվում է քաղաքացիության եւ նստակեցության ցենզը 5 տարի սահմանել։ Բացատրությունը մոտավորապես հետեւյալն էր, թե Հայաստանն այնքան էլ մեծ երկիր չէ, որ 10 տարի պետք լինի այն ճանաչելու համար։ ՍԻՄ-ի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի խոսքից դատելով, այս կազմակերպությունը 10 տարվա քաղաքացիության ցենզի պահպանման կողմնակից է։
ԱԺ-ն կարելի է 2-3 դեպքում արձակել
Ըստ առաջարկվածի, լուծարման վտանգը ԱԺ-ին կարող է սպառնալ «կառավարությանն անընդմեջ 2 եւ ավելի անգամ անվստահություն հայտնելու դեպքում, ինչպես նաեւ կառավարության ծրագիրը 2 անգամ անընդմեջ մերժելուց հետո»։ Արմեն Հարությունյանը չբացառեց նաեւ երրորդ այնպիսի դրդապատճառի հնարավորությունը, որի դեպքում «պետական մեխանիզմի գործունեությունը կարող է փակուղի մտնել»։ Հանձնաժողովում մտահոգություններ հնչեցին, թե լուծարվելու ահից ԱԺ-ն ստիպված կլինի ծրագիրն ընդունել։ «Սա սահմանադրական հարց չէ»,- վրդովվեց Արմեն Հարությունյանը, որն իրավացիորեն գտնում էր, թե վախվորած ԱԺ-ի դեմ մեխանիզմներ հնարավոր չէ նախատեսել։ «Այսպիսով ավելի եք ուժեղացնում նախագահի լիազորությունները խորհրդարանի նկատմամբ,- նախագահի դերի նվազման մասին պնդումներին հակառակ հայտարարեց Ռուբեն Հակոբյանը։- Սրանով ԱԺ-ն, իմ կարծիքով, ավելի վատ վիճակում է հայտնվում»։
Ո՞վ է նշանակելու գլխավոր դատախազին
Նախագահը կներկայացնի, իսկ ԱԺ-ն կհաստատի գլխավոր դատախազին, եթե այս առաջարկն անցնի։ Ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի առնենք այս առնչությամբ հանձնաժողովում ծագած վեճերը։ Դրանք սկսեց Ալվինա Գյուլումյանը, որը հետաքրքրվեց, թե ինչու է նշանակման այս կարգը նախատեսվել։ Ի պատասխան Արմեն Հարությունյանը խոսեց դատախազության դերի, կարեւորության, այս «ինստիտուտը» հզորացնելու եւ դրա անկախությանը նպաստելու մասին։ Ալվինա Գյուլումյանն այս ամենից այլ եզրակացության հանգեց. որ սրանով պահպանում են դատախազությանը դեռ խորհրդային ժամանակներից վերապահվող դերը, այն դատարանից վեր են դնում։ Այստեղ արդեն Միքայել Գրիգորյանը միջամտեց, նշելով, որ ինքն էլ է դեմ դատախազի նման նշանակմանը, բայց այլ նկատառումով. «Ենթադրում եմ, որ գլխավոր դատախազի նշանակումն ԱԺ-ի կողմից կարող է նրա հետագա գործունեության ծավալման առումով որոշակի բարդությունների տեղիք տալ կոլեկտիվ մարմնից կախվածության մեջ գտնվելու կտրվածքով»։
Այս դիտողությանը հաջորդեցին որոշ արտահայտություններ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձան. «Թախանձագին խնդրում եմ, որ որեւէ խնդիր կամ հարց այստեղ չանձնավորվի։ Ուզում եմ վեր կանգնենք այսօր ցանկացած կարգի անձնավորումներից եւ պետական կառույցների մասին խոսելիս չելնենք այն դիրքորոշումներից, թե այսօր ո՛վ է դրա ղեկավարը կամ վաղն ո՛վ կարող է լինել։ Իսկ այս պարագայում ԱԺ-ի եւ գլխավոր դատախազի փոխհարաբերությունների անցած ժամանակահատվածն ինձ այն համոզման է բերում, որ կարող եմ անհամաձայնություն հայտնել գլխավոր դատախազին ԱԺ-ի կողմից նշանակելուն»։ Մինչդեռ Կարինե Դանիելյանն առաջարկում էր ԱԺ-ի հաստատմանը գլխավոր դատախազի թեկնածությունը ներկայացնել նախագահի եւ վարչապետի համաձայնությունից հետո։ «Դատախազից բան չի մնա»,- կանխատեսեց Արմեն Հարությունյանը։
Իրո՞ք նախագահի դերը նվազեցվել է
Առաջարկվում էր Սահմանադրության այս գլխում 2 նոր հոդված էլ ավելացնել։ Նախ, որ «Նախագահը կասեցնում է իր գործունեությունը քաղաքական կուսակցության մեջ եւ չի կարող իրականացնել այլ հանրային կամ մասնավոր գործառնություն» եւ 60 հոդվածից հետո պիտի ավելացնեին նախագահի անձեռնմխելիությանը վերաբերող նոր հոդված (չնայած առայժմ լիովին անհստակ է, թե ում որոշմամբ է նախագահը անձեռնմխելիությունից զրկվելու)։ Ռուբեն Հակոբյանն ամփոփեց, որ նախագահի լիազորությունների որոշ նվազեցման սկզբունքը «կարծես թե ոչ այդ չափով է այստեղ իրականացված։ Եթե ուզում ենք դրանք նվազեցնել հօգուտ վարչապետի՝ գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում, քանզի կառուցվածքը նույնն է։ Պիտի աշխատանքային խմբին առաջարկեմ, որ այդ լիազորություններն իշխանության այլ թեւերի վերաբաշխվեն»։ Ի վերջո, քվեարկության արդյունքում որոշվեց, որ ելակետ ունենալով առկա թեզիսները՝ աշխատանքային խումբը պիտի որոշակիացնի եւ լրամշակի դրանք, հաշվի առնելով այն քննադատական դիտողությունները եւ առաջարկությունները, որոնք հնչել էին շուրջ 3 ժամանոց այս նիստի ընթացքում։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ