Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՔԱՆԻ՞ ՕՐ Է ՏԵՎԵԼ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ

Օգոստոս 21,1998 00:00
Artur Shahnazaryan

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչություններից ամենախրթինը, ամեն ինչ եւ ոչինչ չասողը, թերեւս, հենց նոր նախարարի ստեղծած Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչությունն է։ Ո՞րն է այդ վարչության ստեղծման նպատակը, եւ ի՞նչ է նշանակում անվանումը։

Եվ քանի որ մշակույթի նախարարության ֆունկցիան հենց ազգային մշակույթի եւ արվեստի զարգացումն ու տարածումն է, հետեւաբար, տպավորություն է ստեղծվում, թե նախարարության մեջ եւս մեկ, ավելի ճստիկ նախարարություն է ստեղծվել։ Այդ վարչության պետը խազագետ, հայագետ, երաժշտագետ Արթուր Շահնազարյանն է, որը երեկ ասուլիս էր հրավիրել։

Ազգային մշակույթի թեմայով տեսական ասուլիսը շատ նման էր կիսատ-պռատ դասախոսության, մի մարդու մենախոսության։ Լինում են, չէ՞, նաեւ դեպքեր, երբ մարդ շատ ու խառը գրքեր է կարդում, չի մարսում եւ ամբողջ ինֆորմացիան կոկորդին է մնում։ Ստիպված մեկ ուրիշ մարդու (կամ մարդկանց) է փնտրում, որպեսզի գլխին բարդի այդ չմարսածը. մարդու ֆիզիոլոգիան է այդպիսին, ինչ արած…

Պարոն Շահնազարյանը վերացական խոսում էր ազգային մշակույթից, թե որն է մշակույթը, պետությունն ինչն է պրոպագանդելու, ինչին է տեր կանգնելու, որոնք են մեր մշակույթի «գերագույն արժեքները»… Ու բոլոր օրինակներն ու մեջբերումները Ա. Շահնազարյանը հիմնականում բերում էր Կոմիտասից, Կոմիտասի մասին իր կատարած ուսումնասիրություններից։ Ինչպես հասկանալի դարձավ, Ա. Շահնազարյանը մշակույթի մասին հայեցակարգ է մշակել։ Թեեւ սովորաբար հայեցակարգը պետական քաղաքականության մասին հայացքների կարգն է եւ մեխանիզմները, այնուամենայնիվ, այդ բառի տակ պրն Շահնազարյանն այլ բան է հասկանում. «Հայեցակարգը ցույց է տալու, թե ինչ ենք հասկանում մշակույթ ասելով, որոնք են մեր ազգային մշակույթի գերագույն արժեքները»,- ասաց նա։

Վարչության ստեղծման օրից առաջին քայլը եղել է վարչության կանոնակարգի ստեղծումը, հայեցակարգի մշակումը եւ այդ հայեցակարգի համեմատ կոնկրետ միջոցառումների (մինչեւ 2000 թ.) ծրագիրը կազմելը։ Ըստ Ա. Շահնազարյանի, վարչության հայեցակարգի մյուս հարցն այն է, որ «ընդհանրապես ժողովուրդը, հասարակարգը բաղկացած է տարբեր շերտերից եւ մատուցման ձեւի խնդիր կա։ Այսինքն՝ ո՞րն է մշակույթը, որո՞նք են համարվում արժեքներ, ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անել»։

Փաստորեն, վարչության պետը մարդկությանը բաժանել է մի քանի շերտի. «Մշակույթը ենթագիտակցորեն ընկալող հասարակական շերտին չի կարելի մատուցել նույն ձեւով, ինչ ձեւով մատուցում ենք էլիտային կամ այն մարդուն, որը զարգացած է եւ արդեն ունի որոշակի զարգացածություն, որոշակի չափով տիրապետում է բարձր համաշխարհային եւ մեր ազգային մշակույթներին, գրքեր է կարդացել…»։

Ա. Շահնազարյանի կարծիքով, իր ասած էլիտային պետք է տալ անհայտը, նորը, այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում եւ նաեւ այն, ինչը որ անցյալի մշակույթից անհայտ է, հայտնագործվում է կամ մշակութաբանության մեջ է տեղի ունենում։ Իսկ «պարզ ժողովրդին, այն մասսային, որը երբեմն ենթարկվում է պատահարների», ըստ վարչության պետի, դարձյալ պետք է բարձրակարգ մշակույթ մատուցել, սակայն ուրիշ ձեւի մեջ։ Ի պաշտպանություն իր վառ, ազգային գաղափարների, Ա. Շահնազարյանը բազմաթիվ անգամներ հիշեց Կոմիտասին (համենայնդեպս, լավ է, որ չերգեց ինչպես նա արել է հեռուստահաղորդումներից մեկում).

– Օրինակ, Կոմիտասը, իր երգերը, որ բեմից երգչախմբով կատարում էր, գրում էր, որ ժողովուրդը գործողությունից դուրս երգ չի հասկանում։ Եվ դա ինքն անում էր էլիտայի համար՝ ներկայացնելու համար մեր բարձր ժողովրդական մշակույթը։ Բայց ժողովրդի համար նա պատկերացնում էր, որ իր հարսանյաց երգերը, խմբերգերը ժողովուրդը բեմից չի լսելու։ Եթե դա բեմադրեն, գործողության կամ ծեսի մեջ լինի՝ ժողովուրդը կընկալի…

Վարչության կազմած հայեցակարգի մասին Ա. Շահնազարյանը մի բառով ասաց՝ «մեծ է», երեք բառով՝ «տարբեր խնդիրներ ունի»։ Եվ իբրեւ հայեցակարգի հիմքեր նշեց, որ իրենք հավասար չափով ազգային մշակույթը եւ համաշխարհային մշակույթը պետք է փորձեն մեջտեղ բերել եւ ստեղծել դրա միջավայրը։

– Ազգային մշակույթ ասելով մենք պետք է նկատի ունենանք մեր անցյալի եւ արդի մշակույթը, ամենաբարձր արժեքները, որոնք դարերով մնացել են, նաեւ կան գետնի վրա (օրինակ՝ գետնին ընկած հացը…- Ս. Ս.)։ … Չծանոթանալով, ժողովուրդը չմարսելով համաշխարհային բարձր մշակույթը երբեք չի կարող ըմբռնել իր ազգայինը,- ասաց նա։

Ի դեպ ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչության պետ Ա. Շահնազարյանը հայտարարեց, թե շատ հեշտ ու հասարակ բան է 1-2 տարում Հայաստանում մշակութային հեղափոխություն կատարելը եւ ինքն իրեն «ինչպես» հարցի փոխարեն «ինչու» հարցը տվեց. «Ինչո՞ւ, որովհետեւ եթե մի բան ունենք, եւ հայտնի է այդ բանը նաեւ մասնագետներին՝ դա մեր մշակույթն է։ Դրա համար պետք են ցանկություն, տարրական տրամաբանություն եւ տարրական միջոցներ»։ Վարչության պետը դատապարտում էր այն, որ նախկինում երբեմն պատահել է, որ պետականորեն ֆինանսավորվել է «ամենագռեհիկ, այլասերված մշակույթը, ռաբիսը, որի ելեւէջներն ընդհանրապես հասկանալի է որտեղից են գալիս»։

Պրն Շահնազարյանն ասում է՝ այլասերված, ամենագռեհիկ, ու միաժամանակ դրանց մասին ասում՝ մշակույթ, եւ ասուլիսում տարվող խոսակցությունից երեւում էր, որ նրա համար ռաբիսը միայն արեւելյան ազդեցություն կրած երաժշտությունն է։ Այնինչ, ավելի վտանգավոր է արեւմտյան ազդեցությունը։ 1999 եւ 2000 թթ. միջոցառումների ծրագիրը ներկայացնելիս վարչության պետը նշեց, որ մշակույթը բաժանել է երկու մասի՝ ազգային մշակույթի եւ համաշխարհային մշակույթի, վերջիններս էլ իրենց հերթին առանձին-առանձին բաժանել է ժողովրդականի եւ պրոֆեսիոնալի։ Ապա. «Այս բոլորը բաժանված է ժամանակային առումով՝ անցյալի մշակույթի եւ արդի մշակույթի, եւ խնդիրներն է դրված ապագայի հիմքերը ստեղծելու համար»։

Քանի որ Ա. Շահնազարյանի խոսքը հնարավոր չէ իրենից լավ ձեւակերպել ու արտահայտել, քան ինքը, հետեւաբար, նրա խոսքը «մատուցում եմ» առանց որեւէ փոփոխության։ Նա ավելացրեց, որ որոշել են վերականգնել ազգային ծեսերը, առաջինը, որ պետք է անեն՝ նախաքրիստոնեական «Նավասարդ» ծեսն է։ Ըստ նրա՝ մշակույթի մեջ կրոնական տարբերություն չի դրվելու։ Վերականգնվելու են հնագույն հարսանյաց 7-օրյա ծեսը, Տրընդեզը, Վարդավառը, Համբարձումը, Ջանգյուլումը, հնագույն հարսանյաց ծեսի մասին ասաց, որ խորհրդավոր ծես է, որն իր մեջ ներառում է պար, գույն, սիմվոլ, երգ եւ այլն. «բայց շատ խորհրդավոր, ուրախությունը ներսում է, դրսում չէ, գաղտնիքը դա է»։

Ասաց նաեւ, որ ծեսերը պետք է նկարահանվեն եւ կասետների տեսքով շրջանառության մեջ դրվեն։ Եվ քանի որ «Սասունցի Դավիթ» էպոսն այսօր շատ քիչ են կարդում, պրն Շահնազարյանն առաջարկում է այն «տեսանելի դարձնել»։ Խոստացավ, որ պետք է վերականգնվեն 10-15 ազգային լավագույն պարերը, պետք է կազմակերպվեն մանկական ժողովրդական հեղինակային երգերի կատարումը, ձայնագրումը եւ տարածումը, հայ մայրերի համար կվերականգնվեն օրորոցայինները, եւ այլն։ Նա ասաց, որ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ առաջինը Կոմիտասի խմբերգային երաժշտության ձայնագրությունն է, որ մինչ հիմա ավարտված չէ, եւ անտիպ են ձեռագրերի 80 տոկոսը, Արամ Խաչատրյանի 95-ամյակի առթիվ պետք է կատարվեն «Գայանե» բալետը եւ նրա մյուս ստեղծագործությունները, պետք է վերականգնվի Կոմիտասի «Անուշ» օպերան, որի նյութերն արդեն կան։

Արթուր Շահնազարյանը վստահեցրեց, որ մեր արվեստագետների համար պետք է միջավայր ստեղծեն, այսինքն՝ ամեն ամիս կլոր սեղանի շուրջ հանդիպումներ կկազմակերպեն արվեստի գործիչների հետ, ուր կհնչեն նոր գրված գործերը, կկարդացվեն գրական նոր ստեղծագործություններ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ, մի քիչ հյուրասիրություն կլինի, «կուլտուրա լինի, վերաբերմունք լինի»։ Եթե պարոն Շահնազարյանի ներկայացրած հայեցակարգով ընթանա մեր երկրի մշակութային քաղաքականությունը, դժվար է բացի մշակութային մեկուսացումից եւ հետընթացից այլ ապագա պատկերացնել հայ մշակույթի համար։ Իսկ նախարարությունը, փաստորեն, այսուհետեւ հատկապես զբաղվելու է նորապսակների հարսանիքի օրերը վերահսկելով…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31