Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ. «Ո՞Վ Է ԿՈԶԲԱԴԻՆԸ»

Օգոստոս 21,1998 00:00
Sasunci davit

Վեց ասացող՝ ձեն-ձենի տված, հայոց ազգային էպոսը վերապատմում են խիստ արդիական շեշտադրումներով

Կոզբադին իր զորքով գնաց, գնաց եւ Սասնա (Հայաստանին) մոտկացավ։ Մեջ դաշտին վրաններ զարկեց, քառսուն մարդեր (ալան-թալանը ապահովող քառասուն օգնականներ) ջոկեց զորքից, էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ, գնաց Հովանի մոտ (Կոզբադինը դիմեց Օրենսդիր իշխանությանը), որ յոթ տարվա հարկ հավաքի (որ Հայաստանը լրիվ թալանի)։ Ասաց.

– Մելիք ճամփեր է մեզ, որ յոթ տարվա հարկ տանենք (որ Հայաստանը լրիվ թալանենք)։

Հովան (Օրենսդիր իշխանությունը) էդ բան լսեց, Դավթից (Հայ ազգից) կը վախնար, կանչեց ասաց.

– Դավիթ (Հայ ազգ), էսօր իմ սիրտ վիրու օչխարի միս կուզի, գնա օչխար մի զարկ, ես ուտեմ (գնա ստից-մտից առեւտրով զբաղվիր)։

Դավիթ խաբեց ու ճամփեց սար, որ Դավիթ խաբար չըլներ, թե խարջ կը տան (որ ալան-թալանի են ենթարկվում)։ Դավիթ ելավ գնաց սար։ Վերգոն (Գործադիր իշխանությունը) ու Կոզբադին կէրթան, քառսուն աղջիկ կժողվեն, կը լցնեն մեկ մարագ (մարդաորս կանեն)… Պառվու (Հայ Մտավորականի) աղջիկն (վերջին հույսը) կտանեն… Սուդին, Չարխադին, Բադին (Հայաստանում օտարերկրյա կազմակերպություններ եւ քաղաքացիներ), Կոզբադին կը գան, կը մտնեն ոսկու զարզամբին (Հայաստանի սեփականաշնորհման մարմին)։ Կը գան, քուրսու վերան կը բազմեն (կարեւոր պաշտոն-աթոռ կգրավեն)։ Վերգոն էլ (Գործադիր իշխանությունը) կէլնի, որ ոսկին չափի, Մըսրա Մելիքի ջվալներ լցնի։ Էդ վախտ Մըսրա զորք կմտնի Սասուն քաղաք (Հայաստան), թալան-թուլան կանի։ Կնիկ ու ապրանք կը տանի։ Բայց եթե ուշադրության արժանացնենք «Սասունցի Դավիթ» էպոսի վերոհիշյալ տեսակետը, կուրվագծվի հետեւյալ պատկերը։

1. Սեփականաշնորհման այս պարտադրված տարբերակը, որպես երեւույթ, ՀԱՅԻ համար խորթ է եւ օտարածին։

2. Նման սեփականաշնորհման կոնկրետ կրողն ու կատարողը՝ Կոզբադինը, համաշխարհային տիրապետության ձգտող ինչ-որ ինքնակալական հանրապետության (Մըսրի) ներկայացուցիչ է։

3. Մինչ իր սեւ գործին անցնելը, Կոզբադինը իր համար հենք է ստեղծել (վրաններ է զարկել) Հայաստանից դուրս (մեջ դաշտին), որտեղ ընտրել է քառասուն օգնական-կատարողների (քառսուն մարդեր ու քառսուն ուղտ)։

4. Ապա Կոզբադինը դիմել է Օրենսդիր իշխանությանը (Ձենով Հովանին) եւ ստացել թալան-սեփականաշնորհում (այդպիսին է էպոսի կողմից այսպիսի սեփականաշնորհման որակավորումը) անցկացնելու օրենսդրական արտոնությունը։ Դա իշխանությունների վախն է (Հովան Դավթից կը վախնար), որ եթե ԱԶԳ-ԴԱՎԻԹԸ ընդդիմանա Կոզբադինի գործողություններին, ապա առաջ կբերի Սասունի (Հայաստանի) բնակչության համար մահացու ԿՈՆՖԼԻԿՏ։

5. Այնուհետեւ ըստ էպոսի, հերթը հասնում է Գործադիր իշխանությանը (Ցռան Վերգոյին), որի ձեռքերով էլ իրականացվում է ԹԱԼԱՆ-ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ։

Գործադիր իշխանությունը փաստորեն աջակցում է Կոզբադինի ԶՈՐՔԻՆ եւ ՕԳՆԱԿԱՆ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ, որոնք զբաղված են մարդաորսով եւ Սասունում (Հայաստանում) ունեցվածքի թալանով։ Եվ այսպես, Հայոց էպոսի տեսակետը համառոտակի հետեւյալն է։ Հայաստանում (ինչպես նաեւ ԱՊՀ-ում եւ մասնավորապես Ռուսաստանում) ԹԱԼԱՆ-ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ գործընթացը կառավարվում եւ վերահսկվում է համաշխարհային տիրապետության ձգտող նյութապաշտական գերտերության ներկայացուցիչների կողմից։ Այդ ներկայացուցիչները, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի իշխանությունները մտահոգված են հայ ժողովրդի անվտանգության համար եւ մեկուսացրել են նրան, գործում են ձեւականորեն օրինականացված հիմքի վրա։

Այդ հիմքը հանդիսանում են Հայաստանի օրենսդիր իշխանության օրենքները եւ պետության կողմից առանց ժողովրդի հավանության կնքված միջազգային համաձայնագրերը։ Այդ ներկայացուցիչը (Կոզբադինը) տնտեսական բնույթի կառույց է։ Նա իր հայեցողությամբ է որոշում Հայաստանում (կամ ԱՊՀ-ում եւ Ռուսաստանում) սեփականաշնորհվող նյութական սեփականության գինը, այն իջեցնելով իրեն ձեռնտու չափով։ Ակնհայտ է, որ Հայաստանում (կամ ԱՊՀ-ում, Ռուսաստանում) սեփականաշնորհվող սեփականության արժեքը շեշտակիորեն նվազեցված է։

Օրինակի համար սեփականաշնորհման հավատագրի (վաուչերի) նոմինալ արժեքը, որը հանդիսանում է սեփականաշնորհվող սեփականության մոտ չորս միլիոներորդ մասը, որոշված է 20 000 դրամ (ներկա կուրսով՝ մոտ ԱՄՆ-ի 40 դոլար)։ Ելնելով այդ նոմինալ արժեքից, դժվար չէ հաշվել, որ Հայաստանում սեփականաշնորհվող ողջ սեփականությունը 200 միլիոն դոլարից էլ պակաս արժե։ Համեմատության համար ասենք, որ դա երեւանյան 15 000 երկսենյականոց բնակարանի գինն է։ Ակնհայտ է, որ բացի այդ բնակարաններից, Հայաստանում կա շատ այլ ունեցվածք։

Հիշեցնենք, որ Հայաստանի ունեցած միայն հիմնական ֆոնդերը (առանց հողի եւ ընդերքի) 1987 թվականի տվյալներով, գնահատվում էին 14 միլիարդ խորհրդային ռուբլի, ինչը տվյալ ժամանակի պաշտոնական կուրսով կազմում էր 28-30 միլիարդ դոլար։ Հայտնի է նաեւ, որ հիշատակված հավատագիրն իրականում վաճառվում է նոմինալից մի քանի անգամ ցածր գնով։ Վերոնշյալ թվային տվյալները հաշվի առնելով, կարող ենք եզրակացնել, որ Հայաստանի սեփականաշնորհվող սեփականության արժեքը կանխամտածված եւ արհեստականորեն նվազեցվել է ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ (եթե ոչ հազարապատիկ) չափերով։ Նման իրավիճակում միանգամայն ակնհայտ է դառնում, որ ինչ-որ մեկն անչափ շահագրգռված է այն բանում, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ դժգոհությունը ՉՈՒՂՂՎԻ ընդդեմ այդ թալան-սեփականաշնորհման փաստացի հեղինակի եւ կրողների։ Դրա համար էլ նրանք գործում են Հայաստանի իշխանությունների ձեռքերով, որոնք ընդամենը խաղալիք են նյութապաշտության եւ կռապաշտության համար աշխարհը նվաճելու մեծ եւ անչափ վտանգավոր խաղում։

Ինչ վերաբերում է այդ ԹԱԼԱՆ-ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ վերջին, ապա այն ավելի քան հիմնավոր եւ մանրամասնորեն նկարագրված է էպոսում։ Այս նյութը այն բանի վկայությունն է, որ ԱԶԳ-ԴԱՎԻԹՆ արդեն վերադառնում է «սարից», որպեսզի.

ա) խաղաղ ճանապարհով, սակայն համոզիչ կերպով, սեփականաշնորհման գործընթացից հեռացնի իր հորեղբայրներին (այսինքն՝ Հայաստանի իշխանություններին)՝ ԱՌԱՆՑ ՊԱՏԺԵԼՈՒ (ի՞նչ պահանջես ՄԱՀ-ից ՎԱԽԵՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ)։

բ) վռնդի թալանչի Կոզբադինին, ջախջախի նրա զորքը եւ վերադարձնի ժողովրդին ազգային հարստությունը, անցկացնելով արդար սեփականաշնորհում հետեւյալ սկզբունքով. «Յուրաքանչյուր քաղաքացի ԱՆՀԱՏՈՒՅՑ եւ ԱՆՎՃԱՐ ստանում է այն սեփականությունը, որը համապատասխանում է նրա բնական ՇՆՈՐՀՔԻՆ»։

ՕԼԵԳ ԲԱԲԱՅԱՆ,

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ,

ՍՈՒՐԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ,

ՌՈԼԱՆԴ ՂԱԶԱՐՅԱՆ,

ՄԱՆՈՒԿ ՆԱԶԱՐՅԱՆ,

ԳԵՎՈՐԳ ԵՓՐԵՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31