Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային գործընթաց. Տեսլական-2

Օգոստոս 21,1998 00:00
eahk

Ակնհայտորեն, վաղ, թե ուշ, ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսվելու են։ Եթե հաշվի առնենք այն արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում են Հայաստանի ներկա իշխանությունները, ապա կարելի է մոտավորապես կռահել, թե ինչպիսի ընթացք կունենան դրանք։ Եւ այսպես, եվրոպական որեւէ մայրաքաղաք։ Դահլիճում նստած են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցիչը (որպես աշխարհ տեսած մարդ) հայտնի եւ հին կուսակցության անդամ է։ Բանակցությունները սկսում է ԱՄՆ ներկայացուցիչը։

ԱՄՆ ներկայացուցիչ.– Տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք հուսալ, որ ներկա բանակցությունները կնպաստեն տարածաշրջանի պետությունների խաղաղ գոյակցությանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացմանը։

Հայաստանի ներկայացուցիչ.– Մենք, իհարկե, նույնպես կողմ ենք պետությունների խաղաղ գոյակցությանը, եւ վստահ ենք, որ դրան լավագույնս կնպաստի «Ծովից ծով Հայաստան» ծրագրի իրականացումը։ Պաուզա։ Դահլիճում մեռելային լռություն է։ Համանախագահներն իրար երեսի են նայում։ Բայց զգացվում է, որ Ռուսաստանի ներկայացուցչի տարակուսանքը շինծու է։ ԱՄՆ ներկայացուցչի՝ ծովային հարցերով խորհրդականը շեֆին ցածրաձայն տեղեկացնում է, որ մ. թ. ա. առաջին դարում Հայաստանը քիչ էր մնում ելք ունենար միաժամանակ դեպի Սեւ եւ Միջերկրական ծովերը։ Շեֆն ըմբռնումով տմբտմբացնում է գլուխը եւ շարունակում։

ԱՄՆ ներկ.– Մեր կարծիքով, հենց սկզբից պետք է ամրագրել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Հայաստանի ներկ.– Մենք նույնպես այդ կարծիքին ենք, եւ միաժամանակ «համոզված ենք, որ միայն զենքով կա հային փրկություն»։ «Զենք» բառի վրա ԱՄՆ ներկայացուցիչը թարս-թարս նայում է Ռուսաստանի ներկայացուցչին։

Ռուսաստանի ներկ.– Մենք զենք ուղարկում ենք միայն Հայաստանում ռուսական զորքերի համար։

ԱՄՆ ներկ.– Ի՞նչ կարծիքի եք, առանց 14 մլրդ դոլարի Ռուսաստանը կհաղթահարի՞ տնտեսական ճգնաժամը։

Ռուսաստանի ներկ.– Մեր կարծիքով, 14 մլրդ վարկի տրամադրման առաջին արդյունքն այն կլինի, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազաների կարիքները խիստ կնվազեն։

ԱՄՆ ներկ.– Շարունակենք։ Պարոնայք, կարծում եմ, ոչ ոք չի առարկի, եթե ասեմ, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման դեպքում կարելի է լրջորեն քննարկել նաեւ նավթամուղը Հայաստանի տարածքով անցկացնելու խնդիրը (Ռուսաստանի ներկայացուցիչն անհանգիստ շարժումներ է անում)։

Հայաստանի ներկ.– Մենք նույնպես կարծում ենք, որ եթե հակամարտությունը բարենպաստ լուծում ստանա, չի բացառվում, որ թույլ տանք նավթամուղի անցկացումը Հայաստանի տարածքով։

Ֆրանսիայի ներկ.– Պարոնայք, ձեր դիրքորոշումը կարող է հանգեցնել Հայաստանի միջազգային մեկուսացմանը։

Ղարաբաղի ներկայացուցիչը սեղմում է «ԹպրվՈ- 202» մագնիտոֆոնի կոճակը։ Լսվում է հանրածանոթ երգը՝ «անհնար է հայոց հոգին ընկճել, անհնար է, անհնար է, անհնար»։ Եռանախագահները նորից զարմացած իրար են նայում։ ԱՄՆ ներկայացուցչի՝ երաժշտության գծով խորհրդականը կռանում է եւ շեֆի ականջին շշնջում. «Արամ Ասատրյան-89»։ ԱՄՆ ներկայացուցիչն ընդմիջում է հայտարարում։

ՄԻՔԱՅԵԼ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31