Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՆԱՐԻՆԸ՝ ԱԿՆՀԱՅՏ

Օգոստոս 21,1998 00:00
Vahan Hovhannisyan

Կամ՝ ինչպես է ստում Վահան Հովհաննիսյանը

Մեղքս ինչ թաքցնեմ, գրելուց շատ հեռու մարդ եմ։ Սովորական մահկանացու, որն ապրում է օրապահիկ հացի համար։ Քաղաքականությունն ինձ համար անտանելի է, ուղղակի զզվում եմ։ Բայց լինում են պահեր, երբ անկախ քեզանից ներքաշվում ես այդ զզվելի խաղի մեջ եւ… Սովորաբար հայկական հեռուստատեսությամբ ոչ մի հաղորդում չեմ նայում, քանի որ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Սակայն, երեկ ցանկություն առաջացավ հետեւել հայկական լուրերին։ Եվ ինչ…

ՀՅԴ ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը ողջ հայության առաջ սուտ խոսեց։ Երերացող բառերը, որ արտասանեց, դրա վառ ապացույցն էին։ Ես չէի ասի, որ Վահան Հովհաննիսյանը լավ հռետոր է, բայց պակաս էլ չէ։ Նրա շփոթված վիճակը կապույտ էկրանից ցայտուն էր երեւում, երբ լրագրողի հարցը վերաբերում էր հանրահայտ «Դրո» գործին։ Վահան Հովհաննիսյանը փորձեց եւս մեկ անգամ հիշեցնել հանրությանը, թե «Դրոն» կապ չուներ Դաշնակցության հետ, որն ապացուցեց գերագույն դատարանը։ Եվ նա հպարտ կեցվածքով հայտարարեց, թե նրանք, ովքեր ազատվել են կալանքից, Դաշնակցության ղեկավարներն էին, իսկ բանտում մնացողները «Դրոյի» ղեկավարներն են։ Մինչդեռ գործի մութ էջերը, որոնք առայժմ այդպես էլ անհայտ մնացին հանրությանը, այլ բան են ասում։ Միգուցե Վահան Հովհաննիսյանը շատ բան է վերցնում իր վրա… Իսկ եթե պարզվի, որ այդ նույն Դաշնակցության ղեկավարը գործել է կուսակցությունից գաղտնի՞…

Վերադառնանք Վահան Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Արմենակ Մնջոյանը կուսակցությունից հեռացվել է իր դիմումի համաձայն։ Ստում է Վահան Հովհաննիսյանը։ Արմենակ Մնջոյանը կուսակցությունից հեռացվել է ՀՅԴ Գերագույն ժողովի նախօրյակին շարքերին ուղղված շրջաբերականով. (64 Ե-695, 4.07.98 թ.), ըստ որի՝ «հակակարգապահական գործունեության պատճառով ՀՅԴ-ին հասցված բարոյական վնասների համար արտաքսվել են Արմենակ Մնջոյանը, Արմենակ Զաքարյանը եւ Արմեն Գրիգորյանը»։ Իսկ ինչու հենց ժողովի նախօրյակին. մեկ այլ՝ «Մախաթը պարկում չես թաքցնի» («Առավոտ», 19.08.98 թ.) նյութի մեջ հստակ ասվում է, որ մի խումբ դաշնակցականներ պատրաստվում էին «Դրոյի» հարցը օրակարգային դարձնել։

Իսկ ի՞նչն էր պատճառը ստելու, երեւի թե ինքը գիտի։ Պարոն Հովհաննիսյան, մի ժամանակ դուք նախորդ իշխանություններին հայհոյում էիք հենց ստախոսության համար, ինչ է, մոռացա՞ք։ Մի՞թե իշխանական աթոռը այդքան կուրացուցիչ է։ Մոռանում եք, որ դուք դաշնակցական եք։ Միթե այդպես էլ պետք է վարվեք ժողովրդի ու հայրենիքի հետ, բերաններս մի բուռ հող գցենք։ Այսուհետեւ մամուլը հեղեղված կլինի ձեր յուրաքանչյուր սուտը փաստերով ապացուցելով։

ՎՐԵԺ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արմենակ Մնջոյանի պաշտպանության կոմիտեի շարքային անդամ

Հարկ ենք համարում պարզաբանել, որ խմբագրություն ներկայացված թղթակցությունը՝ ներառյալ վերնագիրը, արտահայտում է այդ թղթակցության հեղինակի տեսակետը։ Պատրաստ ենք տպագրել հակափաստարկները, եթե այդպիսիք ներկայացվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31