Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔ

Օգոստոս 21,1998 00:00
lxh

Արցախյան խնդրում նկատո՞ւմ եք դրական տեղաշարժեր

Պարույր Հայրիկյան (Ինքնորոշում միավորում)

Ուղղակի բանակցություններ չեն վարվում, բայց աշխատանքներ կատարվում են։ Կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտությունը հեռու է իսկապես կայացած ազգային դիվանագիտության մակարդակի համարվելու ցանկալի իրավիճակից։ Համենայնդեպս, պարտվողական հայտարարություններ չեն արվում։ Արվում են ինչ-ինչ առաջարկությունների մասին հայտարարություններ, որոնք ընկալելի են բանակցություններին առնչվող բոլոր կողմերի համար։ Հայաստանի կողմից պատրաստակամություն է արտահայտվել գնալ բանակցությունների՝ չդնելով նախապայման։ Պահանջվել է, որ Ադրբեջանը եւս չդնի նախապայման, համաձայն որի Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, որպիսի աշխատանքային մթնոլորտ ստեղծվի։

Սերգեյ Բադալյան (Հայաստանի կոմունիստական կուսակցություն)

Առայժմ ոչ մի դրական տեղաշարժ չկա։ Գործընթացը սառեցված է։ Սահմանափակվել ենք միայն հայտարարություններով, մի քիչ մատ ենք թափ տվել։ Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակվա համեմատությամբ միայն խոստումներ, հայտարարություններ են արվել, ուրիշ ոչինչ։ Իրականում ոչ մի քայլ չի կատարվել։ Գործընթացի սառեցման պատճառներից է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները, նաեւ այն, որ մարդիկ սպասում են, թե ինչպես կզարգանան գործընթացները Ռուսաստանում։ Ոչ մի առաջխաղացում չկա, եթե այսպես մնա, ԼՂՀ-ի հարցն ավելի կբարդանա։ Ճղճղան բառերով մենք այս հարցը չենք լուծի։ Հայաստանի կոմկուսը ԼՂՀ-ի հարցի վերջնական լուծումը տեսնում է նրա ընդգրկմամբ ԱՊՀ նոր միության կազմում, որպես անկախ պետություն։

Շավարշ Քոչարյան (Ազգային ժողովրդավարական միություն)

Դրական մի բան կա. դա ձեւավորվեց արդեն այն պահին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւակերպեց իր ծրագիրը։ Դա բացահայտ պարտվողական ծրագիր էր։ Ըստ էության, դա Տեր-Պետրոսյանի տապալման համար խթանիչ էր։ Դրանից հետո որեւէ իշխանություն այդպիսի քաղաքականություն չէր որդեգրելու։ Այս խնդրից ազատվեցինք։ Մեր գնահատականով արվել են իրարամերժ քայլեր եւ հայտարարություններ, որոնք դժվար թե ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծեին։ Մինչեւ Հայաստանը չդառնա զարգացող երկիր, արդյունաբերությունը զարգացնելով չհզորացնի բանակը, Արցախի հարցում դրական միտումներ չեն լինի։

Համլետ Դալլաքյան (Ռամկավար ազատական կուսակցություն)

Այս հարցում պարտվողական քաղաքականությունից անցել ենք իրատեսական, իրողություններ հաշվի առնող քաղաքականության։ Սա շատ կարեւոր է։ Խոսում ենք հաղթանակած ժողովրդի դիրքերից եւ ոչ թե հակառակը։ Այսօրվա դիրքորոշումը Հայաստանի եւ Արցախի ժողովրդի դիրքորոշումն է, եւ այն պետք է հասցնել միջազգային հանրությանը։ Նախկին նախագահը միջազգային հանրությանը մի բան էր ասում, իսկ ժողովուրդը պահանջում էր այլ բան։ Հակասություն կար այստեղ։ Այսօր Քոչարյանն իրողությունն է ասում, այն, ինչ ժողովուրդն է ցանկանում։ Մինչեւ հիմա արված բոլոր քայլերը ցույց են տալիս, որ իրադարձությունները կզարգանան մեզ համար ավելի նպաստավոր պայմաններում։

Հրանտ Խաչատրյան (Սահմանադրական իրավունք միություն)

Քաղաքականությունն իր ամբողջական համակարգով դեռ չի ուրվագծվում, բայց դիվանագիտության մեջ կտրուկ փոփոխություն է եղել։ Հայաստանի իշխանությունները հայտ են ներկայացրել նոր լուծումների եւ նոր միջազգային հասարակական կարծիքի։ Շատ կարեւոր երկրների պետական համակարգերում պատրաստվում են արցախյան խնդիրը քննարկել նոր տեսանկյուններից։ Բայց պետք է ասել, որ եթե Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտը չառողջանա, տնտեսությունը չաճի, ապա կարող է մեծ խզում առաջանալ արտաքին քաղաքականության եւ ներքին ներուժի միջեւ, ինչը վտանգավոր է։ Չէի փորձի կանխորոշումներ անել, շատ բան կախված է առաջիկա մի քանի ամսվա գործընթացներից։ Քոչարյանը շարունակում է պահպանել որոշ դրական մոտեցումներ, անկախ նրանից՝ դրանք մեզ դուր են գալիս, թե՝ ոչ։ Կա դաշտ քաղաքական գործունեության համար։

Անդրանիկ Մարգարյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն)

Արցախի խնդրի լուծումը, ցավոք սրտի, կախված չէ միայն մեր դիրքորոշումներից։ Մեր դիրքորոշումները հստակ են։ Երեւի թե պետք է ասել, որ այսօր մի քիչ սառեցված է գործընթացը, քանի որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ։ Տեղաշարժն այն է, որ ներկայիս դիրքորոշումը հաղթեց նախկին դիրքորոշմանը։

ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31