Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԱՇՈՒՆԸ

Օգոստոս 21,1998 00:00
Smbat Ayvazyan

Օրենսդրական նախաձեռնություններ

Սեպտեմբերին աշխատանքն սկսող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն առաջինն է լինելու, որը «Երկրապահ» պատգամավորական խումբը սկսելու է իբրեւ խորհրդարանական մեծամասնություն։ Դա, ըստ էության, որոշակի պատասխանատվություն է ենթադրում առաջիկայում խորհրդարանի աշխատանքի սահուն ընթացքն ապահովելու իմաստով։ Այդ պատճառով էլ զրույցի հրավիրեցինք «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանին։

Սկզբից եւեթ նա հարկ համարեց ընդգծել, որ նախորդ եւ հաջորդ նստաշրջանների աշխատանքների միջեւ նկատելի կլինի որակական տարբերությունը։ Անցյալ նստաշրջանը խիստ լարված ընթացք ունեցավ, ինչը զուտ ընթացիկ հարցեր լուծելու հնարավորություն ընձեռեց։ Իսկ այ ամառային արձակուրդը «Երկրապահը» շատ տեղին է օգտագործել՝ մշակելով մի շարք կարեւոր օրենսդրական նախագծեր։ Առաջինն իհարկե մատնանշվեց ընտրական օրենսգիրքը, որի համընդհանուր քննարկումը ԱԺ խմբերի եւ խմբակցությունների հետ կսկսվի 2 շաբաթից։ Ավարտի են հասցվել ընտրական օրենսգրքի քննարկման բոլոր նախապատրաստական ընթացքները։ Մոտ օրերս փաստաթուղթը կտրվի հանձնաժողովներին։

Պրն Այվազյանը մեկ անգամ եւս տեսակետ հայտնեց, որ ըստ էության հնարավոր է համաձայնություն ձեռք բերել ընտրական օրենսդրության բոլոր խնդիրների շուրջ, բացի 2 հարցից։ Սակայն այս դեպքում եւս առկա են տեղաշարժեր. «Մենք միգուցե առաջարկենք խորհրդարանին 40% համամասնական, 60% մեծամասնական հարաբերակցությունը։ Սա փաստորեն փոխզիջումային տարբերակ է՝ մենք գնում ենք զիջման՝ ընդառաջելով այն ուժերին, որոնք կողմ են համամասնական սկզբունքի գերակայությանը»։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների կազմավորման կարգին, ապա «Երկրապահը» որդեգրել է հետեւյալ մոտեցումը։ «Բազմաթիվ քաղաքական կոնսուլտացիաներ են արվել։

Փորձում ենք գտնել ընդհանուր եզրեր, մեր տարբերակում առաջարկելու ենք, որ հանձնաժողովները բաղկացած լինեն 15 հոգուց։ Անդամների 2/3-ը կլինեն կուսակցությունների ներկայացուցիչները, իսկ 1/3-ը գործադիր իշխանության լիազորները։ Մենք այս հարցը էլի ենք շարունակելու քննարկել։ Ընդունելի կհամարենք ցանկացած նորմալ առաջարկ, որոնք ընտրությունների համար կապահովեն անխափան ընթացք, թափանցիկ ու արդար բնույթ»։ Այս տեսակետները ձեւավորվել են Հայկոմկուսի, «Հայրենիք» եւ Հանրապետական խմբակցությունների հետ տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում։ Սակայն այսքանով չի սահմանափակվում «Երկրապահի» ամառային ձեռքբերումների շրջանակը. «Մենք աշխատել ենք մի շարք օրենքների ու օրենսդրական նախագծերի վրա, որոնցով մենք ուզում ենք հանդես գալ աշնանային նստաշրջանում»։ Տվյալ դեպքում, կարծում եմ, դրանք մեկիկ-մեկիկ թվարկելու անհրաժեշտություն կա, որովհետեւ, կարծես, ակնհայտորեն ցուցանում են խորհրդարանական ընտրությունների մերձավորությունը։

Այսպես. «Երկրապահը» պատրաստել եւ աշնանային նստաշրջանի քննարկմանն է ներկայացնելու սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերի զարգացման, տարածաշրջանային քաղաքականության, պետական մարմինների վերահսկողության, պետության կառուցվածքային քաղաքականության օրենքների նախագծերը։

Անտեսված չէ տնտեսական բնագավառի օրենսդրական դաշտը. կներկայացվեն օրինագծեր կենսաթոշակների եւ նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ նպաստների եւ պետության սակագնային քաղաքականության մասին։ Հաջորդ օրինագիծն առավել քան տպավորիչ է. «Փորձելու ենք որեւէ լուծում գտնել եւ առաջարկությամբ ներկայանալ ԱԺ, որպեսզի ապասառեցվեն խնայբանկերում գտնվող քաղաքացիների գումարները։ Այս հարցը լայնորեն քննարկվում է պատգամավորական խմբի շրջանակներում»։ Այս ամենի կողքին էլ առաջարկություն է ներկայացվելու մի շարք գործող օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ։ Այդ շրջանակում են հարկային քաղաքականության, տեղական ինքնակառավարման, բյուջետային համակարգի եւ սեփականաշնորհման օրենքները։ Թվարկյալ օրենքներից վերջինը ընդունվել է դեռեւս Գերագույն խորհրդում։

Փաստաթուղթը պահանջում է, որ ամեն տարի սեփականաշնորհման սերտիֆիկատներ բաժանվեն։ Սակայն վաուչերի խմբաքանակի հատկացում, 1998 թվականի սեփականաշնորհման ծրագրով, այլեւս չի նախատեսվում, ինչը, երկրապահների համոզմամբ, փոքր օբյեկտներ ձեռք բերածների առջեւ որոշակի դժվարություններ է հարուցում։ Վճարումների համար նախատեսված էր 6 տարի։ Սերտիֆիկատների վերացման պատճառով առաջարկվելու է այդ ժամկետը կրկնապատկել։ Ինչպես ներկայացրեց Սմբատ Այվազյանը, սա մի կողմից փոքր բիզնեսի խրախուսման դրսեւորում է, իսկ մյուս կողմից էլ հաստատում, որ կա պետություն, որը կայուն է եւ ընդունակ իրագործելու երկարատեւ ծրագրեր։ Երկրապահները չեն անտեսել նաեւ գյուղը։ Մշակվում է օրենսդրական այնպիսի նախագիծ, որով փորձ է արվելու նպաստել գյուղի զարգացմանը։ Մի խոսքով. «Ամառվա մեկ ամսվա արձակուրդը մենք օգտագործել ենք արդյունավետ, եւ ԱԺ առաջիկա նստաշրջանում հանդես կգանք բազմաթիվ առաջարկություններով»։

Սմբատ Այվազյանն, իհարկե, մասնակի վերապահումներով չժխտեց, որ իրենց առաջիկա խորհրդարանական գործունեության ծրագիրը կազմվել է ԱԺ գալիք ընտրությունները նկատի առնելով. «Շատ տեղին կլիներ նշելը, որ Հանրապետական կուսակցությունն իրոք նախապատրաստվում է ապագա ընտրություններին։ Այս խնդիրները, որոնց անդրադառնալու ենք օրենքներով, իրոք հասունացած են երկրի ներսում եւ լուծման կարիք ունեն։ Մենք չենք վախենում եւ ասում ենք՝ պատրաստ ենք վերցնել նախաձեռնությունը։ Մենք ունենք այդ խնդիրներին լուծում տալու համարձակությունը։ Իհարկե, ցանկացած նախընտրական շրջան ավելի ակտիվ է, քան հետընտրականը։ Մարդու բնույթն է այդպիսին, կազմակերպությունների աշխատաոճն ընդհանրապես։ Բնականաբար, կարելի է նաեւ նախընտրական մոտեցում համարել»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31