Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԿԼԻՆԵ՞Ն ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Օգոստոս 21,1998 00:00
Arshak Sadoyan

ԱԺ պատգամավոր եւ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանի հետ զրույցի առիթը հետեւյալն էր. հաղորդվել է, թե դատախազությունը գրեթե անարձագանք է թողել 1992-95 թթ. էներգետիկ հանցագործություններին առնչվող նրա դիմումը։

Չի՞ փորձել արդյոք պարզել, թե ո՞րն է պատասխանի ձգձգման պատճառը, հարուցվա՞ծ է քրեական գործ, ի՞նչ ընթացքում է նախաքննությունը եւ այլն։ Սակայն ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ հարցերի։

Դատախազությունից պարզաբանումներ ստանալը հեշտ գործ չէ

«Ստիպված եմ կրկնել, որ այն, ինչ այսօր դատախազությունում ուսումնասիրվում է էներգետիկայի վերաբերյալ իմ բարձրացրած հարցի առնչությամբ՝ անմիջականորեն չի առնչվում խնդրի էությանը։ Միգուցե այդպես ավելի հեշտ է դատախազության աշխատակիցների համար, բայց ցավալի է, որ խնդիրը տեղափոխվում է 1997-98 թթ. տնտեսական հանցագործությունների մակարդակ, մարդիկ են ձերբակալվում եւ այլն, բայց չի կարելի շրջանցել բուն հարցը, որ ես բարձրացրել էի։ Դատախազության աշխատակիցներն այսպես են մեկնաբանում, թե շատ դժվար է 5-6 տարվա վաղեմության հարցերը քննել, պետք է փորձել աստիճանաբար հասնել այդ օրերի իրողությունների բացահայտմանը։ Օգոստոսի 19-ին, երբ ես հանդիպեցի դատախազության քննչական բաժնի ղեկավար Աղվան Հովսեփյանին, նա ասաց, որ ուզում է հատուկ փորձագետների մի խումբ ստեղծել, այդ միջոցով հարցերը հստակեցնել ու տանել մինչեւ վերջ։ Առաջարկեց, որ ես էլ մասնակցեմ այդ խմբի աշխատանքներին։ Շատ ցավալի է, որ այս առաջարկն արվեց շուրջ 4 ամսվա ուշացումից հետո։ Հավանաբար նման խումբ կարելի էր ստեղծել իմ դիմումից 5-10 օր հետո, եւ որեւէ խոչընդոտ չկար»։

Բուն հարցի վերաբերյալ նոր մանրամասներ

«Ես արտասահմանից ստացված վարկերի եւ փոխառությունների ծախսման արդյունավետության ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի անդամ եմ եւ փորձել եմ մանրամասն ծանոթանալ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի նկատմամբ Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ տվյալներին։ Պարզվեց, չնայած բարտերային ապրանքափոխանակումների անվան տակ մի քանի հարյուր միլիոն դոլար արդեն այն տարիներին փոխանցվել էր Հայաստան, իբրեւ թե բերված էներգակիրների դիմաց՝ մոտ 110-120 մլն դոլարի էլ պարտքի տակ ենք հայտնվել, որի վերաբերյալ խիստ ծիծաղելի հիմնավորումներ էին բերված։ Պատկերացրեք Հայաստանը, որ չունի նավթաթորման գործարան, ՌԴ-ից հում նավթ էր գնում (մազութի, բենզինի, դիզելային վառելիքի հետ միաժամանակ) եւ այն իբր պիտի Վրաստանում մշակվեր, դրանից հետո Հայաստան բերվեր։

Եվ բոլորովին ակնհայտ է, որ այդ ընթացքում նավթի գինն առնվազն 1,4-1,5 անգամ կաճեր միջինի համեմատ։ Եվ դեռ հարց է, թե ինչ գնով կհասներ սպառողին։ Ըստ անգամ պաշտոնական տվյալների, փաստն այն է, որ այդ գնված նավթամթերքների մոտ 35%-ը Հայաստան այդպես էլ չի հասել։ Այդ քայլին էին գնում, քանզի շատ ավելի հեշտ էր ձեւակերպել, թե մենք հում նավթ ենք գնել եւ այն դեռ ճանապարհին է, փոխանակ մազութ գնեին եւ այն ուղղակի Հայաստան բերեին։ Համենայնդեպս, նույնիսկ պաշտոնական թվերի համաձայն, ստացվում է, որ այն դաժան տարիներին, երբ Հայաստանը խիստ շրջափակման մեջ էր գտնվում, եւ երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտի մազութ, բենզին եւ այլն ներկրելու հնարավորությունները գործնականում զրոյի մոտ էին, հանկարծ պարզվում է, որ Հայաստան է ներկրվել շուրջ 260 հազար տոննա միայն մազութ, դիզելային վառելիք, բենզին եւ այլն։

Ակնհայտ է, որ նման ներկրումներ չեն եղել։ Եվ չնայած խողովակաշարերի գրեթե ամեն օր պայթեցումներին՝ իբրեւ թե 2,5-3 մլն խորանարդ մետր բնական գազ է մտել Հայաստան, օգտագործվել ջերմաէլեկտրակայաններում, եւ էներգիա արտադրվել։ Խնդիրը դատախազության համար բավական պարզ պիտի լինի. բավական է տրանսպորտային դատախազությունից համապատասխան տվյալներ վերցնել՝ ինչքա՞ն նավթամթերք է մտել Հայաստան, գազի հաշվիչներն ի՞նչ են արձանագրել, այս ամենից որքա՞նն է տրվել ջերմակայաններին եւ պարզել, թե դրանք ինչքա՞ն էներգիա են արտադրել ու սպառումն ինչքա՞ն է եղել՝ եւ այս բոլոր թվերի համադրումը բավական կլիներ ցույց տալու համար, որ այդ բոլոր պաշտոնական տվյալներն ուղղակի հերյուրանք են»։

Արտաքին պարտքի կնճիռները

«Մեզ մատակարարված էներգակիրների դիմաց Թուրքմենստանի եւ Ռուսաստանի նկատմամբ այդ տարիներին կուտակված պարտքի միայն ամենաթեթեւ դիտարկումների դեպքում անգամ ակնհայտ է, որ տեղի են ունեցել բացահայտ կեղծիքներ, անընդունելի գործարքներ։ Այսպես օրինակ, Թուրքմենիան 1994-ին մեզ իր չմատակարարած գազի պակասի դիմաց պարտք էր մնացել շուրջ 14 մլն դոլար։ Բայց, չնայած այս պարտքի առկայությանը՝ այն բոլորովին էլ հաշվի չի առնվել հետագա գործարքները կնքելիս։ Միգուցե գործարքների հանցավոր բնույթը քողարկելու ձգտումով պայմանավորված նման մոտեցումներն են պատճառը, որ փոխանակ, ըստ ընդունված կարգի, Թուրքմենիայի նկատմամբ Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ համաձայնագիրը վավերացվեր ԱԺ-ի կողմից՝ հանկարծ, իբրեւ միակ բացառություն, այն վավերացվել է միայն հանրապետության նախագահի կողմից։

Չնայած արտգործնախարար Վահան Փափազյանը գրություն էր ուղարկել վարչապետ Հրանտ Բագրատյանին (այդ փաստաթուղթը ձեռքիս տակ կա), որ անհրաժեշտ է դա վավերացնել այս Սահմանադրության 81 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԱԺ-ի կողմից։ Չեմ կարողանում հասկանալ, թե համենայնդեպս արդեն փորձված քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանին ի՞նչն էր ստիպել գնալ Սահմանադրության (որը մենք չենք ընդունում) եւ օրենքների ուղղակի խախտման եւ փոխանակ այդ համաձայնագիրը բերեին այս գրպանային խորհրդարանում ուղղակի վավերացնեին՝ իր անձնական կարգադրությամբ, հրամանագրով վավերացրեց այն։

Եվ երեւի դա էր պատճառը, որ այդ համաձայնագրի վավերացման վերաբերյալ փաստաթղթերը ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնելու վերաբերյալ կառավարությանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված մեր անընդհատ պահանջներից հետո այդ փաստաթղթերը մեծ ուշացումներից հետո տեղ հասան։ Դրանից հետո էլ հանկարծ պարզվեց, որ այդ պարտքի հարցն ԱԺ-ում ընդհանրապես չի քննարկվել։ Եվ, ցավոք սրտի, այս ամենից ոչ միայն մենք տուժեցինք այդ դաժան տարիներին, այլ տուժելու են նաեւ մեր երեխաները։ Հիմա էլ տուժում է մեր ժողովուրդը։ Արդեն ամեն տարի այդ թուրքմենական եւ ռուսական պարտքի մարման դիմաց տարեկան 10 մլն դոլարի չափով մեր սուղ հնարավորություններից նրանց է տրվում չեկած գազի, մազութի եւ այլնի համար»։

Ավարտաճառ

«Տեղի է ունեցել ժողովրդի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով հանցագործություն։ Ես այսօր թվեր ունեմ, թե որքան տարադրամ, ոսկյա զարդեր (մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ), բարտերային փոխանակման անվան տակ որքան ապրանք (գրեթե այն ամենը, ինչ այդ տարիներին արտադրվում էր Հայաստանում կամ պահեստներում էր մնացել) է տրվել Թուրքմենստանին եւ Ռուսաստանին։ Երբ ես նայում եմ միայն այդ տեղափոխված ապրանքների ցուցակին՝ նոր եմ հասկանում, թե ինչ ահավոր ծավալների տնտեսական հանցագործություն է կատարվել։ Եվ Թուրքմենստանը նույնիսկ բողոք էր ներկայացրել, թե ինչու է ուշանում 1994-ի համար նախատեսված այդ ոսկին։ Արդյունքում՝ 1 մլն մարդ է լքել Հայաստանը, ծննդաբերությունը 2 անգամ նվազել է, իսկ մահացությունը 2 անգամ ավելացել։ Իսկ այդ հանցագործությունների կազմակերպիչները հանգիստ զբոսնում են մեր մայրաքաղաքում, եւ որեւէ մեկը լուրջ պատասխան չի տալիս։ Այսպիսով մենք խրախուսում ենք նորերին՝ արհեստավարժ կամ այլ անունով՝ ցույց տալով, թե որեւէ բարդություն չկա, փորձեք ձեր անձնական շահի համար իշխանությունից քամել այնքան, որքան կա, որ ճանապարհով եւ մինչեւ որտեղ կարող եք։ Միեւնույն է, որեւէ լուրջ պատասխանատվություն չի հետեւելու»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31