Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԼՈՒԾՎԻ…

Օգոստոս 21,1998 00:00
amn despanutyun

Մամուլ

Երեկ տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթըր Թոմսընի հրաժեշտի ասուլիսը, որի ընթացքում մասնավորապես պարզվեց, որ Հայաստանն ամենամեծ առաջընթացն ունեցել է ազատ մամուլի զարգացման գործում։ Իսկ Հայաստանում ազատ մամուլը բեկում մտցրեց այն ժամանակ, երբ կառավարությանը չհաջողվեց փոխել «Ազգ» օրաթերթի խմբագրությունը։ ԱՄՆ դեսպանատունը ժամանակին այնքան էլ չի տխրել այն լուրերից, թե նախատեսվում է վերացնել տեղեկատվության նախարարությունը։ ԱՄՆ-ում նման կառույցներ չկան, չկան նաեւ մամուլի գործունեությունը կարգավորող օրենքներ։

Կաշառված տնտեսություն

Հայաստանում առաջընթաց է արձանագրված նաեւ տնտեսական բարեփոխումների ոլորտում։ Նման նվաճումները մեր ղեկավարության վարած քաղաքականության արդյունքն են, եւ մենք պետք է հպարտանանք նրանցով։ Չնայած նման դրվատելի գնահատականներին, պրն Թոմսընը խնդրեց իր թարգմանչին կարդալ Հայաստանի տնտեսության վիճակը գնահատող մի քանի փաստեր, որոնք ճիշտ հակառակ տպավորություն առաջացրին։ Հայաստան ներմուծվող ապրանքների 54 %-ի դեպքում ներմուծողները հարկադրված են կաշառք տալ մաքսային ծառայությանը, իսկ 31 %-ի դեպքում՝ երկաթուղուն։ Եթե կաշառք չի տրվում, ապրանքը մաքսազերծվում է 45 ժամում, իսկ կաշառք տալու դեպքում՝ 19 ժամում։ Փոթիի նավահանգստից շարժակազմերը Երեւան են հասնում 4 օրում, այսինքն՝ 6,5 կմ/ժ արագությամբ, որը հավասար է մարդու քայլքի արագությանը։

Նորմալ ընտրություններ

Հայաստանը, ըստ պրն Թոմսընի, շարժվում է ժողովրդավարացման ճանապարհով։ Սակայն, չնայած առկա առաջընթացին, Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրը դարձյալ մնում է միջազգային եւ տեղական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը։ Պրն դեսպանը հիասթափված արձանագրեց այն փաստը, որ վերջին 8 ամիսների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ բանակցային գործընթացն ընդհատված է։ Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստանում իրեն հաջորդող դեսպան Լեմոնի Կոնգրեսում արած հայտարարությանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, պրն Թոմսընը պատասխանեց. «Շատ դրական»։ Այդ հայտարարությունը բխում է ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի քաղաքականությունից։

Դեռեւս որեւէ երկիր չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ բոլորն էլ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Զինադադարը չի կարող անվերջ շարունակվել եւ լարվածության շարունակումը կարող է հանգեցնել նոր պատերազմի։ «Եթե դուք չեք ուզում անկանխատեսելի ապագա, պետք է բանակցեք Ադրբեջանի հետ»,- ասաց Փիթըր Թոմսընը, որպես օրինակ հիշելով Գերմանիայի եւ Ֆրանսիայի 1870-1945 թթ. շարունակվող հակամարտությունը, որը ավարտվեց Եվրամիության շրջանակներում համագործակցությամբ։ «Եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, Հայաստանը չի կարող կայուն տնտեսական առաջընթաց ապահովել»,- եզրակացրեց դեսպան Թոմսընը, ավելացնելով, որ պատերազմի սերմերը շարունակում են առողջ մնալ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31