Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ «ԴՎԻՆԸ» ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՄ ԶԻՋԵԼՈՒ»

Օգոստոս 20,1998 00:00
dvin

«Դվին» հյուրանոցի գլխավոր տնօրեն Վանիկ Թորոսյանի այս խոսքերը զուրկ չեն հիմքից։

Արտասահմանցու ջուրն ուրի՞շ ջրեն է

«Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների սեփականաշնորհման լուրը վերջերս լրագրողներիս հաղորդելու ժամանակ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանը հայտնեց նաեւ, որ այս հյուրանոցների ցանկում է եղել նաեւ «Դվինը», սակայն հայտեր չլինելու պատճառով վաճառքը չի կայացել։ Քանի որ կառավարության որոշումն ու կամքը անսասան են, շուտով կանցկացվի միջազգային նոր տենդեր։ Ու «բալքիմ» մի օտարերկրացի բիզնեսմեն մի քանի միլիոնով այն գնի ու մի կլորիկ գումարի էլ ներդրումների ծրագիր ներկայացնի։ Մեր պետության խոշոր տնտեսական կառույցների գլխում օտարին տեսնելը արդեն նորմալ ենք ընկալում։ Բայց թե ինչո՞ւ կառավարությունը ոչ մի կերպ չի ուզում հավատալ մեր գործարարների արհեստավարժությանն ու գործարար ունակություններին, անհասկանալի է։

Ո՞ւմ աչքն է «Դվինի» վրա

Մինչ այս վերջին միջազգային մրցույթը, «Դվինը» սեփականաշնորհելու նման առիթ էլ ներկայացել է 97 թվականին, Անգլիայում։ Մրցույթին մասնակցել ու հաղթող է ճանաչվել «Դվին» հյուրանոցի ներկայիս տնօրեն Վանիկ Թորոսյանը։ «Դվինի» արժեքը (իր պարտքերով) 7-8 միլիոն դոլար էր։ Սակայն մրցույթի հաղթողը սեփականատեր ճանաչվեց, քանի որ պայմանագրի կետերը շատ արագ փոփոխվում էին, հյուրանոցի գինը բարձրանում էր։ Նրա առջեւ որոշակի արգելքներ դրվեցին, իսկ հետո, արդեն վերջնական պայմանագրով Վանիկ Թորոսյանին առաջարկել են գումարը վճարել, իսկ տասը օր անց նոր կտան սեփականատիրոջ «վկայականը»։ Քանի որ մեզ մոտ անազնվությունը աշխատանքի (նաեւ գործարքների) պարտադիր ատրիբուտ է, ուստի նման համաձայնության գալ պրն Թորոսյանը չի կամեցել։

Ի սկզբանե դրսի պատերն էին

«Դվինը» այն միակ հյուրանոցն է, որ անլույս տարիներին ապահովված էր տաք ջրով, լույսով։ Եվ, դա, ասում են, տնօրենի շնորհիվ։ Այս հյուրանոցն ունի 450 տեղ։ Մեկ տեղանի սենյակը (նախաճաշով) արժե 50 դոլար, երկու տեղանին՝ 70 դոլար, «լյուքսը» (երկու հոգու համար) 85 դոլար, իսկ «ապարտամենտ» ասվածը՝ 150։ Հյուրանոցն ունի 290 աշխատող, որոնց միջին աշխատավարձը՝ 7000 դրամ է (այն էլ 4 ամիս է՝ չեն ստացել)։ Այս տնօրենն աշխատում է 89-90 թվականներից եւ, ինչպես ինքն է ասում, «Դվինի» միայն արտաքին պատերն էին նորմալ վիճակում։ 92-ին իր միջոցներով վերանորոգել է հյուրանոցը։ Անգամ գույքը իր գրպանից է գնել։ Կրճատումներ չի արել։ 96-ի շախմատի օլիմպիադային էլ էր պետք հյուրանոցը նախապատրաստել։ Ի տարբերություն մյուս բոլոր հյուրանոցների՝ պետությունը չի վարկավորել «Դվինը»։ Այնպես որ, այդ անգամ էլ է հյուրանոցի «թարմացումը» միայն տնօրենի միջոցներով արվել։

Ի դեպ, Օլիմպիադային հյուրանոցը կարգի բերելու խնդրանք-պահանջը կառավարությանն էր, իսկ 10 օր անց, որպես շնորհակալություն՝ պրն Թորոսյանից պահանջեցին աշխատանքից ազատվել։ Փաստորեն, Վանիկ Թորոսյանը բավական լուրջ հիմքեր ու պատճառներ ունի հյուրանոցը որեւէ մեկին չզիջելու։ Մանավանդ որ, պետական գանձարան լուրջ գումարներ է մուծում, իսկ պետությունից հյուրանոցը ոչ մի կոպեկ չի ստանում։

«Ես «Դվինը» ոչ մեկի չեմ զիջի, քանի որ այստեղ ամեն ինչ վերանորոգվել է իմ միջոցներով ու իմ առողջության հաշվին։ Եթե ես այստեղից վերցնեմ այն, ինչ ինձ է պատկանում, կմնան միայն դատարկ պատերը, որոնք գնելու ցանկություն, չեմ կարծում, որ որեւէ մեկը ունենա։ Հետո, Կոնդում էլ ոչ ոք չի կարող աշխատել, իսկ ես բնիկ կոնդեցի եմ եւ այստեղի բոլոր առանձնահատկությունները գիտեմ։ Մի խոսքով, այս հյուրանոցը որեւէ ուրիշի չի կարող պատկանել»։ Թե կառավարության՝ միջազգային նոր մրցույթ կազմակերպելը ինչ ելք կունենա, դժվար է ասել։ Սակայն կոնկրետ այս հյուրանոցի շուրջ բորբոքված եւ տարիների պատմություն ունեցող կրքերը դեռ չեն հանդարտվել։ Հետաքրքիր է կառավարության դիրքորոշումը. չի ցանկանում, որ ասենք, այս տնօրենը լինի հյուրանոցի սեփականատեր, եւ որեւէ պարտավորվածություն չի էլ փորձում զգալ «Դվին» հյուրանոցի վրա այսքան «ամագ» ունեցողի հանդեպ։

Այսինքն՝ ընդհանուր եզրեր գտնելու որեւէ փորձ չի անում իր քաղաքացու նկատմամբ, երբ օտարին զիջելու կամ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը առավել քան աչք է ծակում։ Թերեւս կարեւոր մանրուք «Դվինի» տնօրենի գլխավերեւում չկար նախագահի նկարը։ Փոխարենը՝ խաչ էր կախված։ «Նախագահները գալիս են ու գնում, իսկ Աստված մնում է»։ Ինչեւէ։ Սեփական քաղաքացու (անկախ՝ տնօրեն է, թե ոչ) հանդեպ պետության հարգանքի դրսեւորումը դժվար թե խանգարի նոր ինվեստորների հոսքին Հայաստան։ Սեփական գործարարներին գնահատելը կամ նրանց համար էլ գործելու ոլորտ ապահովելը (կամ գոնե չխանգարելը)՝ նույնպես։ Իսկ առջեւում նոր մրցույթներն են։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ.Գ. Չգիտես ինչու՝ բավական դժվարությամբ կորզեցի տնօրենից այս նկարը։ Ամաչում էր, որ իր մասին գրվի, հետն էլ՝ նկարով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31