Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագան կանխագուշակելու փորձ․ Տեսլական-1

Օգոստոս 20,1998 00:00
javaxq

Վերջին օրերին Ջավախքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Եթե հաշվի առնենք այն ճշմարտությունը, որ պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ ֆարսի տեսքով, ապա կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները։

Եվ այսպես, Երեւանում կազմակերպվում է առաջին էկոլոգիական հանրահավաքը։ Հանկարծ հարթակ է բարձրանում Մերուժան Տեր-Գուլանյանը եւ հայտարարում, որ ստեղծվել է «Ջավախք» կոմիտե, որի նախագահն ինքն է։ Նա տեղեկացնում է, որ վրացական ՕՄՕՆ-ը ռուսական զորքերի հետ համատեղ փորձում է տեղահան անել Ջավախքի հայերին, բայց տեղի ինքնապաշտպանական ուժերը հաջողությամբ դիմադրում են։ Մի քանի ամիս անց Ախալքալաքի Ազգային Ժողովը Ջավախքը հռչակում է անկախ պետություն՝ Լեռնային Ջավախքի Հանրապետություն (ԼՋՀ)։ Եվս մի քանի ամիս անց ԼՋՀ պաշտպանության բանակի մարտիկներն ազատագրում են Սադախլոյի մարդասիրական միջանցքը, որտեղ էլ շատ արագ կառուցվում են Իմավան-1, Իմավան-2 եւ այլ ռազմականացված բնակավայրեր։ Սադախլոն վերանվանվում է Շուկաշեն։

Ավելի ուշ ԵԱՀԿ շրջանակներում ձեւավորվում է Կիեւի խումբ, որը պետք է նախապատրաստի Կիեւի կոնֆերանսը, որտեղից էլ պետք է որոշվի Ջավախքի կարգավիճակը։ Մինչ այդ, ԼՋՀ առաջին նախագահ է ընտրվում Մերուժան Տեր-Գուլանյանը։ Բանակցությունների ընթացքում ՀՀ եւ ԼՋՀ ղեկավարների տեսակետները միշտ չէ, որ համընկնում են։ Այդ ընթացքում ՀՀ արհեստավարժ կառավարությունն իրեն փայլուն է դրսեւորում, որի արդյունքում նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնն առաջարկում է ԼՋՀ նախագահին։ Վերջինս համաձայնվում է։ Բայց դրանից ջավախքյան հիմնախնդրի կարգավորումը չի մոտենում։

Այդ ժամանակ ՀՀ նախագահը գրում է «Ղարաբա՞ղ, թե՞ Ջավախք. լրջանալու պահը» հոդվածը, եւ խմբագրություններին ուղարկելուն պես, առանց ժամանակ կորցնելու հեռուստատեսությամբ հայտարարում, թե «իշխանության ձեզ հայտնի ուժերի պահանջով…» (քանի որ պատմությունն ամենալավ ուսուցիչն է, նախագահի թիկնազորի պետն ու ներքին զորքերի հրամանատարն այդ օրը տնից դուրս չեն գալիս)։

Ուղիղ 40 օր անց նախագահական ընտրություններում հաղթում է Մերուժան Տեր-Գուլանյանը, որից հետո Երեւանի փողոցներում ավելանում են «ԼՋՀ» պետհամարանիշով ջիպերն ու նիվաները, իսկ «Ար» հեռուստաընկերությունը հայտարարվում է համազգային պատմամշակութային արժեք եւ պահպանվում պետության կողմից։ Կյանքը շարունակվում է։

ՄԻՔԱՅԵԼ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31