Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Օգոստոս 20,1998 00:00
hay vrac

Ինչպես արդեն հաղորդվել էր, օրերս Ախալքալաքի շրջանի տարածքում վրաց-ռուսական համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով դեպի Ջավախք շարժվող զինվորական ստորաբաժանումների ճանապարհը փակել էին «հայազգի գրոհայինները»՝ ստիպելով հրետանային բրիգադին հետ քաշվել, իսկ նույն օրը տեղի վարչակազմի շենքում պայթյուն էր տեղի ունեցել եւ անհայտ անձանց կողմից թալանվել ռուսական զինապահեստը։

Ջավախքում իրավիճակի անսպասելի լարվածությունը դեռ չի լիցքաթափվել, թեեւ, առավել լավատեսների բնորոշմամբ, վատթարացում չի արձանագրվել։

Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լրատվություն հաղորդել՝ գերազանցապես վկայակոչելով վրացական ծառայություններն ու լրատվամիջոցները, կարծես թե Թբիլիսիում չկա Հայաստանի դեսպանատուն եւ վերջինիս բուն խնդիրներից մեկն էլ դեպքերի մասին ճշմարտացի տեղեկատվության ապահովումը չէ։ Զանազան իրարամերժ պատմություններին գումարվել է եւս մեկը, ըստ որի Ջավախքում իբրեւ թե կատարվել են հայազգի քաղաքացիների ձերբակալություններ։ Վրաց գեներալներն անմիջապես հերքել են այդ լուրերը՝ պնդելով, որ իրենք նման քայլերի չեն դիմել։ Երկրի կառավարությունն իր հերթին ստեղծել է հատուկ հանձնաժողով պատահարի մանրամասները քննելու համար։

Թե հայկական եւ թե վրացական առանձին գործիչներ վերստին ակնարկում են, որ կատարվածը սադրանքի հետեւանք է՝ երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու նպատակով։ Սցենարի հեղինակի հասցեն չի նշվում։ Հայաստանի դեսպանատնից ստացվող թղթակցությունների բովանդակությունը գաղտնի է պահվում՝ պատճառաբանությամբ, որ դրանք ծառայողական են եւ նախատեսված չեն հրապարակման։ Միեւնույն ժամանակ բոլոր կարգի տեղեկություններում շրջանցվում է ոչ անկարեւոր այն հանգամանքը, որ այս օրերին Թբիլիսիում է գտնվում ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը։

Վերջինս հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, նոր վարչապետի, ԱԳ նախարարի, այլ պաշտոնյաների հետ։ Հասկանալի է, որ այդ զրույցներում չէին շրջանցվելու ջավախքահայության հիմնահարցերը։ Իսկ բանակցությունների բովանդակություններում որոշակի «շտկումների» համար հրահրված միջադեպերը միանգամայն բավարար էին։

Հ. ՉԱՐԽՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31