Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցությունների մեծանալու ժամանակը

Օգոստոս 20,1998 00:00
kusakcutyunner

Նախագահական ընտրություններից ի վեր հայաստանյան կուսակցությունները միասնականություն խաղալով հանդերձ, այնուամենայնիվ, այսպես ասենք, զուտ «նեղ կուսակցական» շահերին հետամուտ, նախապատրաստվում են գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս շրջանակում կատարվող առաջին լուրջ աշխատանքը կառույցների ընդլայնումն է որոշների համար եւ կայացումը՝ մյուսների համար։ Ըստ էության, առաջինն այս գործին ձեռնամուխ է եղել ԱԺՄ-ն, կառույցների ստեղծմամբ լրջորեն զբաղվելով 1996 թվականի նախագահական ընտրություններում չպաշտոնականացված հաջողություն արձանագրելուց հետո։

Զգալով ՀՅ Դաշնակցության շարքերի օրեցօր ավելի խտացող օտարումը նախագահի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանից, որին մեծապես սատարել էին դաշնակցականները, ԱԺՄ վարչությունը ձեռնամուխ եղավ համարժեք կառույցների ստեղծմանը տեղերում՝ որոնք, ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստ լինեին մոբիլ գործողությունների։ Դա ԱԺՄ-ի ժամանակն էր եւ հնարավորությունը օգտագործվեց երկարատեւ աշխատանք ծավալելու հիմքեր ստեղծելու համար։

Պատահական չէ, որ այսօր էլ, երբ կշեռքի նժարն այլ կողմում է ծանրացել, ԱԺՄ-ն ունենում է նորագիրներ։ 1998-ի նախագահական ընտրություններին հետեւած ժամանակահատվածում որոշակի հոսք նկատվեց առ Ռոբերտ Քոչարյանին սատարած կուսակցությունները։ Հայդեմկուսի ղեկավարների «վոյաժները» դեպի մարզերը, ըստ էության, սկսեցին իրականացվել ավելի սեղմ գրաֆիկով։ Տեղերում ստեղծվում էին կառույցներ։ Նորագիրների թիվը մի պահ նույնիսկ այնքան մեծացավ, որ նպատակահարմար դիտվեց նրանց անդամագրումն իրականացնել ոչ թե կուսակցության նախագահության նիստերում, ինչպես արվում էր սովորաբար, այլ տեղերում՝ պատասխանատվությունը դնելով սկզբնական կազմակերպությունների վրա։

ՍԻՄ-ը շարունակեց շարքերի համալրման եւ կառույցների ստեղծման գործընթացը, որը սկսել էր 1996-ի նախագահական ընտրություններից հետո՝ իհարկե, ավելի փոքր չափերի մեջ։ Հարկ է նկատել, որ այս ընթացքում համախմբման առաջին քայլերն արեցին կոմունիստասոցիալիստական ուժերը՝ Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ։ Կուսակցական կառույցների լուրջ վերադասավորմամբ է զբաղվում նաեւ ԱԻՄ-ը։ Գալիք տարվա սկզբին 1000-ից ավելի սկզբնական կազմակերպություն ունենալու նպատակն ամենեւին էլ պատահական չէ։ Առջեւում խորհրդարանական ընտրություններ են։ Այս իրադարձությունն աչքի առջեւ ունենալով է նաեւ, որ կազմակերպչական մեծ ծավալի աշխատանքներ են տարվում ինչպես Կարեն Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության կազմավորման, այնպես էլ Հանրապետական անվան տակ համախմբվող երկրապահների ու հանրապետականների կուսակցական կառույցի ձեւավորման ուղղությամբ։

1999-ին գարունն ավելի թեժ է լինելու…

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31