Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿՐԵԼ ԱԻՄ-Ը

Օգոստոս 20,1998 00:00
aim

Այս թեմայի շուրջ էր մեր զրույցն Ինքնորոշում միավորման նախկին փոխնախագահ, իսկ այժմ՝ գաղափարախոսության, արտաքին կապերի լրատվության եւ տեխնիկական մասի պատասխանատու ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

– Ինքնորոշում միավորման ղեկավարն այսօր նախագահի խորհրդական է, կուսակցության այլեւայլ ներկայացուցիչներ պետական հանձնաժողովների անդամներ են եւ այլն։ Ըստ այդմ, կհամաձայնե՞ք այն գնահատականին, որ ԻՄ-ն այսօր, փաստորեն, իշխանությանը մաս է կազմում։

– Ինքնորոշում միավորումը վաղուց է իշխանության մի մասը կազմում, քանզի մեր բոլոր ծրագրերն արդեն իրականություն են դարձել։ Անգամ եթե սկզբնական փուլում մեր գաղափարների դեմ պայքարում էին՝ հետագայում իշխանություններն իրականացնում էին դրանք։ Հետեւաբար, ԱԻՄ-ի՝ իշխանությանը մաս կազմելը նորություն չէ։

– Այնուամենայնիվ նախկինում պետական համակարգին մաս կազմելով՝ դուք ընդդիմադիր դիրքերից էիք առավել հանդես գալիս։ Այժմ, երբ դիրքի փոփոխություն է տեղի ունեցել, եւ հնարավորություն ունեք ներսից դիտարկել խնդիրները՝ ձեր գնահատականները մեղմացրե՞լ եք նախկինում միայն քննադատելի որոշ երեւույթների նկատմամբ։

– Այստեղ անհրաժեշտ է տարբերակել ընդդիմադիր կեցվածքը ճշմարտությունից։ Հարցն այն է, թե իշխանությունն ինչպես է ընդունում քո ճշմարտացի ասելիքը, առաջարկած ծրագիրը եւ այլն։ Այժմ մեր սկզբունքայնությունը գնահատականների մեջ չենք փոխել, բայց ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ մեր ծրագրերն իրականացնելու համար։ Դա նախագահի վերաբերմունքն է կուսակցություններին։ Հետագան արդեն ցույց կտա, թե ինչ չափով է պատրաստ նախագահը իրագործել մեր առաջարկությունները։

– «Բարենպաստ պայմաններով» էլ ամեն ինչ ավարտվո՞ւմ է։ Այսօրվա դրությամբ ԱԻՄ-ը որքանո՞վ է կարողացել պարտադրել իր առաջարկներն ու ծրագրերը։

– Ծրագրեր առաջարկելուց կամ ընդունելուց հետո ամենադժվար փուլն է մնում՝ դրանք իրագործելը։ Եվ ամեն կուսակցություն պիտի հետեւողական լինի այդ ծրագրերի իրականացմանը հետամուտ լինելիս։ Ասենք, կարելի է խոսել մասնավորապես Սահմանադրության վերաբերյալ մեր առաջարկների մասին։ Արդեն տեղյակ եք, որ ԻՄ վեհաժողովը քննարկել է Հայրիկյանի՝ սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի նախագահ մնալու հարցը։ Սա տեղի ունեցավ մեր այն մոտեցումների մերժվելուց հետո, թե նախագահի եւ վարչապետի պաշտոնները պիտի համատեղվեն, եւ Հայաստանի պետական համակարգը ունենա նախագահական կառուցվածք։ Սակայն մասնավորապես այդ հարցում ընտրությունների ժամանակ համաձայնությունը մնացել էր անորոշ։ Որոշակի պայմանավորվածությունների վերաբերյալ էլ ժամանակը ցույց կտա, թե Սահմանադրության փոփոխությունների մեր առաջարկներն ինչ չափով կընդունի նախագահը։ Մեր մնալն էլ հանձնաժողովում եւ աշխատանքները շարունակելը պետության ղեկավարման համակարգի համար էական այդ առաջարկների ընդունումով են պայմանավորված։

– Ձեր դիտարկումների համաձայն, այս ընթացքում որքանո՞վ է փոխվել մարդկանց վերաբերմունքը Ձեր կազմակերպության նկատմամբ։ Ենթադրելի է, որ այժմ ԱԻՄ-ին ավելի շատ գործուն միջամտության ակնկալիքով են դիմում՝ աշխատանք, փող, սոցիալական այլեւայլ հարցեր։

– Ե՛վ տարիներ առաջ, ե՛ւ հիմա առաջնային են մնում սոցիալական խնդիրները։ Հետեւաբար, դիմողների հարցերի մեծ մասը հենց այս խնդիրներին են վերաբերում։ Մեր նկատմամբ վերաբերմունքն էլ պայմանավորվում է նաեւ նրանով, թե իշխանությունները հետագայում սոցիալական ոլորտում ինչպիսի քայլեր կկատարեն, նկատելի առաջընթաց կլինի՞։ Եթե կուսակցությունն այսպես թե այնպես իշխանությունների կողքին է (ոչ այն առումով, որ փորձում է 100%-ով պաշտպանել իշխանությանը, այլ որ պատասխանատվություն է զգում որոշակի հարցերի վերաբերյալ), կուսակցության վարկանիշն էլ, բնականաբար, պայմանավորված է լինում իշխանությունների պահվածքով։

– Եվ վերջապես, կարծես նկատելի է մամուլի հանդեպ ԱԻՄ-ի վերաբերմունքի փոփոխություն։ Նախկինում դուք չէիք խուսափում անգամ ձեր նկատմամբ ամենաբացասական զգացումները չթաքցնող լրագրողների հարցադրումներին պատասխանել։ Այժմ անհանդուրժող եք դարձել, ասուլիսներին ընտրողաբար եք հրավիրում։

– Այս գնահատականի հետ համաձայն չեմ։ Մեր աշխատանքները միշտ բաց են եղել, անկախ նրանից, թե թղթակիցն ինչ վերաբերմունք ունի մեր նկատմամբ՝ երբ էլ դիմել են, փորձել ենք պատասխանել նրանց հարցերին։ Մի որոշակի օրինակ բերեմ. մարդու իրավունքների հանձնաժողովի վերջին նիստին, որին Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց, նախագահի մամուլի գրասենյակը հրավիրել էր միայն այն լրատվամիջոցներին, որոնց նպատակահարմար էին գտել։ Իսկ մենք ասացինք, որ նիստը պիտի ազատ լինի բոլորի համար, որեւէ սահմանափակում չպիտի լինի։ Նույն վերաբերմունքը ունենք նաեւ այլ հարցերում։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31