Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

7 ընդհատված կյանք

Օգոստոս 20,1998 00:00
spanutyun

Կբացահայտվե՞ն ողբերգության պատճառները

Արդեն երեք օր է ինչ Շահումյանի շրջանի ժողդատարանում քննվում է N զորամասում տիրող անկարգապահ վիճակը, որը առիթ է հանդիսացել 1998 թ. փետրվարի 11-ին տեղի ունեցած ողբերգությանը։ Հիշեցնենք մեր ընթերցողին, որ այդ օրը զինծառայող Մկրտիչ Օհանյանը ինչ-ինչ պատճառներից դրդված ավտոմատ հրազենից գնդակահարել է 6 զինծառայողի եւ վերջում էլ ինքնասպանություն գործել։

Դատավորի խոսքը

Նշեմ, որ քրեական գործ է հարուցվել N զորամասի գումարտակի հրամանատար Իդրիս Խագալդյանի, տեղակալներ Ալբերտ Օհանյանի, Համազասպ Միդոյանի, շտաբի պետ Գագիկ Մխիթարյանի զորամասի պետի տեղակալ Լենդրուշ Աղաջանյանի նկատմամբ, իսկ զորամասի հրամանատարը գտնվում է հետախուզման մեջ։ Ի դեպ, այս «հերոսների» կողքին մեղադրյալի աթոռին են գամվել նաեւ նույն զորամասի զինծառայողներ՝ սերժանտ Րաֆֆի Անդրեասյանը եւ շարքային Արսեն Եղիազարյանը։

Դատավոր Ս. Ուզունյանը տեղեկացրեց, որ այս գործը առնչվում է ինքնասպանություն գործած Մկրտիչ Օհանյանի գործին, քանի որ զորամասի հրամանատարական կազմը մեղադրյալի աթոռին է նստած այդ բանի համար։ Փաստն այն է, որ այդ զորամասում տեղի են ունեցել բռնություններ։ Եվ այդ ողբերգությունից (խոսքը փետրվարի 11-ի դեպքի մասին է) հրաշքով ողջ մնացած շարքայինները նույնպես մեղադրյալի աթոռին են, որովհետեւ նրանք էլ, ինչպես զոհվածները, բռնություններ են գործադրել շարքային Օհանյանի նկատմամբ, որն էլ գնացել է այդպիսի ծայրահեղության։ Բացի այդ, այսօր ունենք 5 տուժող զինծառայողներ, որոնց նկատմամբ, ինչպես Օհանյանի նկատմամբ, կիրառվել է բռնություն։ Դատավորը տեղեկացրեց նաեւ, որ հրամանատարների դեմ գործ է հարուցվել 268 հոդվածի Ա կետով (իշխանության անգործության մասին), իսկ զինծառայողների դեմ՝ 262 հոդվածի Գ կետով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնների խախտում)։

Վադիմ Շահբազովի վկայությունը

1971 թ. ծնված, տուժող Վադիմ Շահբազովը ի հայտ բերեց այն ամենը, ինչ կատարվել է N զորամասում։ 1997 թ. դեկտեմբերի 19-ին մի քանի զինծառայողների տեղափոխել են N զորամաս, որտեղ ծավալվել է դժբախտ իրադարձությունը։ Գալով տվյալ զորամասը, երեկոյան ժամը 20-ին զինմասի «ստարիկները» շարել են նորեկներին եւ ասել. «Ո՞վ պետք է այստեղ մաքրությամբ զբաղվի, մի քայլ առաջ գա»։ Վադիմ Շահբազովն էլ մի քանի համառների շարքում գտնվելով, չի առաջացել, որն էլ N զորամասի հին ծառայողների մոտ զայրույթ է առաջացրել։

Այդ օրվանից ծեծ ու ջարդը հաջորդել է իրար։ Իսկ փետրվարի 11-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ կապված ասաց. «Մկրտիչ Օհանյանի վրա այդ ճնշումներն ավելի վատ են ազդել։ Նա մի քանի անգամ ինձ ասել է՝ Վադիմ արդեն դավադիտ եմ եղել… Մկրտիչը բողոքել է, որ այլեւս չի դիմանում եւ չգիտի ինչ անի։ Նրան ձմեռ օրով մարտական դիրքում միշտ պահակ են կանգնեցրել եւ եղել են դեպքեր, երբ նրան փոխարինել են 4-6 ժամ ուշացումով, իսկ եղել են նաեւ օրեր, որ չեն փոխել»։

Տուժող Շահբազովի վկայությանը հաջորդեց տուժող Սանամյանի խոսքը, որը գրեթե նույնի պատճեն էր։

Օգոստոսի 19-ին ժամը 18-ին դատական նիստն ընդհատվեց եւ կշարունակվի այսօր։

Ա. ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31