Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ՝ ՈՒԶՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԻ»

Օգոստոս 20,1998 00:00
kisakaruyc

Ամեն օր Երեւանում մի նոր խանութ, սրճարան է բացվում կամ մարմարով երեսպատվում։ Աչքի համար հաճելի թվացող այդ փոփոխությունները, սակայն, խաթարում են քաղաքի ճարտարապետական ընդհանուր տրամաբանությունը, հակասում են ճարտարապետական նորմերին եւ նախկին ճարտարապետների հեղինակային իրավունքներին։ Մարգարիտա Հայրապետյանը տիկնիկային թատրոնի եւ հարակից 2 բարձրահարկ բնակելիների ճարտարապետն է։

1979 թ. շահագործման հանձնված այս կառույցը նախագծել է որպես Երեւաննախագիծ ինստիտուտի աշխատակից։ Տիկին Մարգարիտան այժմ թոշակառու է եւ հուզմունքից դողացող ձայնով պատմում է. «1997-ի հոկտեմբերին նկատեցի, որ ինչ-որ շինարարություն է իրականացվում, հետո պարզվեց, որ սրճարան է։ Որոշ ժամանակ անց, ձախ անկյունում կառուցվեց կանացի ներքնազգեստի խանութ։ Պատկերացնում եք, մանուկների համար նախատեսված մշակույթի օջախում ցուցադրվում եւ վաճառվում են ներքնազգեստներ։ Այդ ժամանակ շինարարությունը նոր էր սկսվում եւ իմ հեղինակային իրավունքները պաշտպանելու եւ շենքի նախնական տեսքը չխաթարելու պահանջով դիմեցի քաղաքապետարանին, քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնին, սակայն որեւէ դրական արդյունք չստացվեց։ Ընդհակառակը, այդ ընթացքում նրանք ավարտեցին իրենց շինարարությունը»։

Սպիտակ մազերով, կլորիկ, բայց կնճռոտված դեմքով այս տիկինը որոշում է դիմել Սպանդարյանի ժողդատարան. «Հայցս ուղղված էր քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչության եւ թատրոնի տնօրինության դեմ։ Սակայն թատրոնի նոր տնօրենն այժմ ընդունում է իմ պահանջի օրինականությունը, իսկ վարչությունից ես պահանջում եմ քանդել այդ ապօրինի կառույցը եւ փոխհատուցել ինձ պատճառած բարոյական վնասը։ Նրանց համար հեղինակային իրավունք ասվածը զարմանք է հարուցում։ ՔՃ բաժնի աշխատակիցը, որը զբաղվում է նախագծերի համապատասխանեցմամբ, դատարանում զարմացավ նման իրավունքի գոյության փաստից։ Դատավորի այն հարցին, թե դուք վերափոխումներ կատարելիս չե՞ք համաձայնեցնում հեղինակի հետ, այս աշխատակիցը կտրուկ պատասխանեց՝ ոչ»։

ՆԳ նախարարության մշակույթի պալատի չորսհարկանի մասնաշենքի վրա եւս մեկ հարկ է կառուցվում։ Այն շահագործման է հանձնվել 60-ականի կեսերին։ Շենքի հիմքը փորելիս հայտնաբերել են, որ այն նախկինում եղել է Գետառի հին հունը եւ լցված է տիղմով։ Կատարված ամրացման աշխատանքներից հետո միայն հնարավոր եղավ կառուցել չորսհարկանին։ Այժմ էլ հինգերորդը… Շենքի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանն այժմ էլ աշխատում է Երեւաննախագծում եւ պարզվեց, որ ինքն էլ է բողոքել իր հեղինակային իրավունքը ոտնահարելու դեմ։

«Նկատելով շինարարությունը, զեկուցագիր գրեցի Երեւանի գլխավոր ճարտարապետի անունով, բողոքելով, որ խախտվում են իմ իրավունքները։ Բացի հեղինակային իրավունքից, կա նաեւ անվտանգության խնդիր։ Նոր հարկի կառուցումը նշանակում է քաշի ավելացում։ Իսկ շենքի հիմքն անկայուն է, բացի այդ՝ կառուցված 60-ականների սեյսմիկ չափանիշներով։ Զեկուցագիր գրելուց հետո ինձ մոտեցավ ՆԳ նախարարության մի աշխատակից եւ շատ բարձր տոնով պահանջեց, որ տամ իմ համաձայնությունը։ Ես հրաժարվեցի, քանի որ ուժային կառույց չէ, ուզում է նախագահը լինի, ես իմ սկզբունքները չեմ զիջի։ Կենդանի հեղինակը ես եմ եւ եթե ինձ չէին պատվիրել, ապա պարտավոր էին գոնե ինձ հետ համաձայնեցնել»։

Երեւանի գլխավոր ճարտարապետ պրն Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ եւ մենք զրուցեցինք նրա տեղակալ Ռուբեն Ազատյանի հետ։ Պրն Ազատյանը պարզաբանեց, որ իրենց եւս անհանգստացնում է այս խնդիրը եւ եթե իրենք կտրուկ միջոցներ չձեռնարկեն, ապա խախտումներն ավելի մասսայական բնույթ կստանան։ «Շատ դեպքերում կառույցը շատ գեղեցիկ է ստացվում եւ անիմաստ է խոսել այն քանդելու մասին, սակայն ճիշտ կլիներ, որ այն համաձայնեցվեր մեզ հետ»։ «Ստացվում է, որ դուք ընդամենը արձանագրում եք կառույցի լավ կամ վատ լինելը»,- հարցին պրն Ազատյանը պատասխանեց. «Այսօր գործում է վերահսկողության վարչությունը, որը զբաղված է շինարարությունների ընթացքին հետեւելով։ Բերեմ մեր ակտիվ միջամտության մեկ օրինակ։Վերջերս, մեր միջամտությունից հետո ապամոնտաժվեցին Շիրազի փողոցի վրա կառուցվող 3 բենզալցման կայաններ»։

Իհարկե, օրինակը շատ ազդեցիկ է, սակայն կասկածում ենք, որ միջամտություն կլինի ՆԳՆ մշակույթի պալատի 5-րդ հարկի շինարարության գործում, որը, ըստ մեր ունեցած տվյալների, կոնֆերանսների դահլիճ է լինելու եւ որի շինարարության ու հարդարման համար ծախսվելու է մոտ 500 հազար դոլար։ Ճիշտ այնքան, որքան Գյումրիում 5 կիսակառույց շենք շահագործման հանձնելու համար։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31