Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐ-3

Օգոստոս 19,1998 00:00
mayr ator

Էջմիածնի ժողդատարանում երեկ վերջապես սկսվեց եւ շարունակվեց Մայր Աթոռ սբ. Էջմիածին-Ֆերջուլյան ընտանիք գործի քննությունը։ Հիշեցնենք, որ Անահիտ Ֆերջուլյանը հայցադիմում է ներկայացրել, ըստ որի պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսությանը հետ վերադարձնել ի պահ տրված ժառանգական հարստությունը։ Հարցազրույց նիստից առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմը ներկայացնող իրավաբան, «Ոսկե երակ» իրավաբանական ընկերության նախագահ Հայկ Խաչատրյանի հետ։

Նախ հարցրի, թե ինչո՞ւ անցյալ դատական նիստին պատասխանող կողմը չներկայացավ։ Պարոն իրավաբանը ոչ ավելի, ոչ պակաս պատասխանեց, թե այդ նիստի մասին ինքը իմացել է «Առավոտ» օրաթերթից միայն։ Իմ այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունի պրն Խաչատրյանը դատարանից, վերջինս պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի, միայն կարող եմ ասել, որ օրենքի տեսանկյունից հայցը պետք է մերժվի միանշանակ։ Ես սա ասում եմ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ բարոյական առումով։ Ամեն ոք, ով կծանոթանա փաստաթղթերին, խղճի դեմ մեղք գործած կլինի, որ մեղադրի եկեղեցուն»։

Դատավարությունից առաջ իմ հաջորդ զրուցակիցը Անահիտ Ֆերջուլյանի փաստաբան Հայկ Ալումյանն էր։

– Դատավարությունից իմ սպասելիքներն ակնհայտ են։ Եթե հաղթանակից բացի այլ բան սպասեի, պարզապես այս գործը չէի վերցնի։ Խնդիրը բարդանում է նրանով, որ Անահիտ Ֆերջուլյանի հակառակորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Ամենայն Հայոց կաթողիկոսությունն է, որը շատ հեղինակավոր կազմակերպություն է։ Դատարանից շատ մեծ արիություն է պահանջվելու այս հայցը բավարարելու համար։ Այնուհանդերձ, ես հուսով եմ, նաեւ վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվ կլինի ու կկայացնի արդարադատ վճիռ։ Ուզում եմ նշել նաեւ, որ ես, որպես Անահիտ Ֆերջուլյանի փաստաբան, չորս ամիս աշխատում էի անել ամեն ինչ, որ դատարանում հայց չհարուցվի, որովհետեւ ես ոչ միայն փաստաբան եմ, այլեւ հայ եմ, որը շատ է զգում այդ արտահայտությունը (պատասխանող կողմը՝ Հայ Առաքելական եկեղեցի- Մ. Ե.) գրելու բարոյական բեռը։

Ինձ համար դա ծանր էր։ Սակայն, ի վերջո, եկա այն համոզման, որ եթե ինձ համար թանկ է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը, ապա այն ոչ այնքան թանկ է եկեղեցու որոշ աշխատողների համար։ Եվ վերջին անգամ ստանալով շատ կոպիտ պատասխան, մոտավորապես այն կարգի, որ եթե Ֆերջուլյանին վերադարձնեն, ապա ստիպված կլինեն ուրիշներին էլ տալ, որոշեցի ներկայացնել հայցը։ Մ.թ.ա. սեղան-աթոռներ եւ ժամանակակից փոշի Էջմիածնի ժողդատարանին ի սրտե մաղթում ենք, որ վերջապես մարզային դատարանների վերակառուցման եւ վերազինման որոշումը հասնի այստեղ, եւ դատարանը սկսի դատարանի նմանվել։

Մեր խեղճ իրավաբաններն իրենց գործի լրջությունն առավել խորությամբ կզգան, եթե նորմալ կահավորված դատական նիստերի դահլիճներ, աշխատասենյակներ եւ աշխատանքի այլ պայմաններով ապահովված լինեն։ Իսկ մինչ այդ ստիպված են աշխատել գավառայինից էլ վատ պայմաններում։ Իսկ փողը թող Հովհաննես Թումանյանը տա Ամենայն Հայոց կաթողիկոսության՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ Հ. Խաչատրյանի՝ դատարանի դահլիճում հնչած խոսքը մի քիչ դժվար ընկալելի էր, քանի որ պրն իրավաբանը մերթընդմերթ հակասում էր ինքն իրեն։ Նախ պրն իրավաբանն ասաց, թե մերժում է հայցադիմումը, սակայն անմիջապես հետո փորձեց պարզաբանումներ եւ բացատրություններ տալ հօգուտ եկեղեցու։

Ի վերջո, բանը հասավ այնտեղ, որ Ֆերջուլյանների ունեցվածքը իբրեւ թե ի պահ է տրված ոչ թե Մայր Աթոռին («եթե հոգեւորական գործիչը ստորագրում է այս կամ այն փաստաթղթի տակ, բոլորը վերագրվում է Հայ Առաքելական եկեղեցուն»), այլ «1914 թ. ստեղծվեցին բարեգործական կազմակերպություններ, այդ կազմակերպություններից մեկն էլ Երեւանի եղբայրական կոմիտեն էր…»։ Այնուհետեւ, երկար-բարակ բացատրություններից հետո, պրն Խաչատրյանը հասավ հայ ժողովրդի պատմության այն հատվածին, երբ ստեղծվում է Հայ օգնության կոմիտեն (նախագահ՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյան), որի կազմում է եղել նաեւ Խորեն Մուրադբեկյանը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս)։

Հավանաբար, պետք է շնորհակալ լինենք պրն իրավաբանից, որ վերջինս զսպեց իրեն եւ չառաջարկեց Ֆերջուլյան ընտանիքին իր հարստությունը պահանջել Ամենայն Հայոց բանաստեղծից։

«Նաղդից լավը չկա»

Գործով վկա Ժորա Սարգսյանը (հայցվոր Անահիտ Ֆերջուլյանի ամուսինը) մանրամասն ներկայացրեց գործի ընթացքը մինչեւ դատարան դիմելը։ Մասնավորապես ներկայացրեց այն ամբողջ պատմությունը, որը մեկ անգամ մենք արդեն ներկայացրել ենք, սակայն ի հավելումն ասվեց, որ հարստությունը Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի հետ հաշվարկելիս, պայմանավորվել են 14 հազար ԱՄՆ դոլարի մի գումարի շուրջ։ Եվ քանի որ հայցվորը հարստության մեծ մասը մտադիր էր նվիրել եկեղեցուն, ապա պայմանավորվում են, որ մի քանի օրից նրան կտրվի մնացած 5 հազար դոլարը։ Երբ Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ զրույցի եւ վերջնական պայմանավորվածության ընթացքում Ժ. Սարգսյանը մի փոքրիկ առաջարկ է անում, Ներսես սրբազանն ընդհատում է նրան, ասելով. «Տղաս, նաղդից մի հրաժարվի, նաղդից լավը չկա»։ Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 28-ին եւ իբրեւ գործով վկա, դատարանի դահլիճ կհրավիրվի Ամենայն Հայոց կաթողիկոսի քարտուղար Արտակ աբեղա Տիգրանյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Դատական նիստի ժամանակ ժողդատավոր Հ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե ո՞ւմ մոտ կա «Առավոտի» այն համարը, որում գրվել է հետաձգված նիստի մասին։ Թերթի փնտրված համարը չգտնվեց, սակայն հեղինակային իրավունքով հիշեցրի հրապարակման հարկավոր տողերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31