Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» ԲԱՌԸ ՋՆՋՎԵԼ Է

Օգոստոս 19,1998 00:00
inqnaspan

Դեռ չափազանց երկար դատախազությունը ստիպված կլինի քաղել գլխավոր դատախազի սպանությունից հետո իր գրեթե երկօրյա լռության պտուղները։ Սուրբ տեղը թափուր չի մնում, եւ նորընծա պինկերտոնները լրատվամիջոցները հեղեղում են իրենց վարկածներով ու ենթադրություններով։ «Առավոտն» առավելաբար փորձում էր ձեռնպահ մնալ այդօրինակ հրապարակումներից։ Սակայն այս մի դեպքն առանձնակի է.

Խմբագրություն այցելեց Արամ Կարապետյանի մերձավոր ազգականներից մեկը (անունն իր խնդրանքով չենք հրապարակում) եւ որոշ մանրամասներ պատմեց, որոնք «համեմված» էին սեփական վերլուծություններով, ենթադրություններով եւ առայժմ անպատասխան հարցականներով։

Շան պակաս

«Մամուլում բաց են թողնվում այս դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ, որոնք եթե պարզվեն՝ կապացուցվի, որ սա կազմակերպված սպանություն է Հենրիկ Խաչատրյանի դեպքում, իսկ Արամի ներս մտնելը կամ պատահականություն է, կամ էլ այդ պահին են սպասել, որ կարողանան իրենց ալիբին ապահովել եւ Արամի վրա «կոտրել»,- մեր զրույցի հենց սկզբում վճռականորեն հայտարարեց նա։ Զրուցակիցս համոզված էր, որ սա «ներսի» մարդկանց՝ դատախազության աշխատակիցների ձեռքի գործն է։ «Գիտեի՞ք, որ երբ Հենրիկ Խաչատրյանն ընդմիջումից վերադարձել է՝ բանալի չի եղել, որ առանձնասենյակի դուռը բացեն ու ստիպված իջել՝ վարորդից են բանալի վերցրել։ Ո՞ւր է եղել նրա առանձնասենյակի բանալին»,- ասաց մեր այցելուն։

«Նրանք շուն չբերեցին, ինչը պարտավոր էին։ Շունը հոտառությամբ կգտներ, թե այդ սենյակի այլ դռներից հեռացող եղե՞լ է»,- այս հայտարարությունից հետո հետաքրքրվեցինք, թե արդյոք վստա՞հ է, որ շուն չի բերվել, եւ դա իրո՞ք պարտադիր է։ «Իհա՛րկե չի բերվել»,- վստահ պնդեց նա։

Կարատեն է՞լ չի փրկել

Բռնի «ինքնասպանության» պարագայում ատամները պիտի փշրված լինեին՝ այս առումով զննվե՞լ է Արամ Կարապետյանի ատամնաշարը։ «Ես նրա դիակը տեսել եմ, ատամնաշարի վրա ոչինչ չկար, ոչ էլ շրթունքների վրա կապույտ հետքեր կային, որոնք կլինեին, եթե բռնություն կիրառված լիներ»,- այս խոսքերը պիտի որ վերջին տարակույսները ցրած լինեին (մանավանդ որ Արամ Կարապետյանի հարազատներն էլ նշում են նրա՝ արեւելյան մարզաձեւերով պարապած լինելը), բայց այստեղ էին հավանական բացատրություն գտել, որը հանգում էր նրան, թե երկու հոգով երեւի աթոռի ետեւում ձեռքերն անակնկալ բռնել են, նա էլ գոռացել է կամ որեւէ բան ասել, իսկ երրորդը կրակել է։ «Փորձագետները կարող են որոշել, թե առաջին գնդակն ո՞ւմ է կպել։ Ասում են, որ փողից դուրս գալուց հետո առաջին գնդակն ավելի յուղոտ է լինում, քան հաջորդները։ Իսկ եթե առաջին գնդակն Արամին է կպել… մեկնաբանություններն ավելորդ են»։

Գնդակը չի դիպչում քաջին

«Դատափորձագետներից մեկը, որին կես ժամ հետո էր բախտ վիճակվել դեպքի վայր գնալու, ինձ հայտնեց, որ այդ ժամանակ «Մակարով» ատրճանակը լուսամուտագոգին էր։ Նախ, փորձագետների բացակայության պայմաններում ինչո՞ւ են զենքին ձեռք տվել։ Հետո ասացին, որ զենքն Արամի ձեռքում էր։ Ես ասացի, որ եթե մարդն ընկնում է, զենք՝ չէ, ինչ ուզում է լինի՝ ձեռքից կընկնի։ Ինձ պատասխանեցին, որ նա չէր ընկել, աթոռին նստած էր։ Բայց հեռուստատեսությամբ դեպքի 3-րդ օրը ցույց տվեցին, որ Արամն ընկած էր սեղանի կողքը, գետնին, 35 սմ հեռավորության վրա ատրճանակն էր… Հենրիկ Խաչատրյանն էլ մուտքի դռան մոտ էր»,- ի դեպ, զրուցակցիս ենթադրությամբ գլխավոր դատախազը փախել էր, երբ տեսել էր, թե ինչ են անում Արամի հետ։ «Հետո դեռ պարզ չէ՝ ի՞ր ատրճանակն է, թե՞ հետո է բերվել։ Արամը խոշոր զենք չէր սիրում, իր ոտքին միշտ կապած ուներ արտասահմանյան փոքր ատրճանակ, որը հիմա չկա»։

Այ, սա նորություն էր

«Եվ ոչ թե էլի կորած կամ ինչ-որ այլ գործի պատճառով էր առաջին անգամ ազատման դիմում գրել, այլ ուզում էր ավելի եկամտաբեր աշխատանքի անցնել՝ բիզնեսով զբաղվել։ Իր տղաների հետ միասին ուզում էր մի օֆիս բացել, հանգիստ աշխատեին»,-պատմեց զրուցակիցս։ Այդ մասին հուլիսի 26-ին՝ Արամ Կարապետյանի ծննդյան օրն էր խոսակցություն եղել ընտանիքում։ Պատմել էր, որ չնայած բարձր պաշտոնի առաջարկին՝ ուզում է հեռանալ, քանզի հոգնել է։

Արդյոք այս ամենը միայն մխիթարանք չէ՞

Զրուցակիցս հաստատեց, թե դատաիրավական համակարգի հետ մասնագիտությամբ կապ չունի. «Ուղղակի մասնավոր հետաքննության գաղափար է ինձ մոտ առաջացել այս դարդից, վշտից դրդված։ Ես ոչ մեկի անունը որոշակի չտվեցի էլ այս զրույցի ընթացքում, եւ հաստատապես էլ չեմ պնդում, թե այս դեպքը հենց այսպես է եղել։ Ենթադրություններ են։ Ինչո՞ւ, նրանք կարո՞ղ են ենթադրություններ անել, որ սա հենց սպանություն եւ ինքնասպանություն է՝ առանց հետաքննության։ Առանց դիահերձման։ Մեզ ուզում էին եզրակացություն տալ թաղման բյուրո ներկայացնելու համար, որտեղ գրել էին, թե Արամ Կարապետյանն ինքնասպան է եղել։ Ես պնդեցի, եւ այդ բառի վրա՝ անատոմիկումի բժշկափորձագետ Էդիկ Մանուկյանն իր վերադասի հետ խորհրդակցելով, գիծ քաշեց»։

Մեր զրուցակիցն այն հարցին, թե իր գնահատականով այս գործոնները որքանո՞վ են էական իր ենթադրական դատողությունների մեջ, պատասխանեց. «Այնքանով, որ մենք ոչնչից չենք վախենում։ Մեզ ոչինչ չեն անելու, որ դրա համար պատճառաբանություններ ենք հայթայթում, գտնում, որ տակից դուրս գանք։ Այդ մարդն արդեն մահացել, հեռացել է, բայց մենք ուզում ենք, որ մեղավորը գտնվի, իսկությունը պարզվի»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31