Երկուշաբթին «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հերթական նիստերի օրն է, սակայն օգոստոսի 17-ին նշյալ դաշինքի նիստ չի գումարվել։ Պատճառը, ԱՄՀ-ի գործադիր քարտուղար Սուսաննա Պողոսյանի մատուցմամբ, արդարության եւ միասնության կողմնակիցների ժամանակավոր արձակուրդն է, որը կտեւի 2-3 շաբաթ։ Իրենք եւս կհանգստանան այնքան, որքան նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի վերադարձից հետո ԱՄՀ-ի անդամներն ակնկալում են Քաղաքական խորհրդի առաջին նիստի գումարումը։ Ինքը՝ Սուսաննա Պողոսյանը, հանգստացել է Սեւանում, իսկ ԱՄՀ անդամ կուսակցություններից մեկի ներկայացուցիչն օրերս մեկնել է Էսենտուկի։
1000 ՍԿԶԲՆԱԿԱՆ
ԻՄ փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս փուլում կուսակցությունը զբաղված է ներկազմակերպական հարցերի լուծմամբ, աչքի առաջ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ ԻՄ փոխնախագահի խոսքերով, գալիք գարնանն իրենց կուսակցությունը կունենա ավելի քան 1000 սկզբնական կազմակերպություն, եւ այդպիսով ձեռք կբերի հնարավորություն ներկայացուցիչներ ունենալ ընտրական բոլոր տեղամասային հանձնաժողովներում։
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ
Կարդացեք նաև
Այսօր Մոսկվայում աշխատանքն է սկսում ԱՊՀ երկրների մի կինոփառատոն, ուր ներկայացվելու է «Երեւան» ստուդիայի տնօրեն Տիգրան Խզմալյանի «1973-ֆուտբոլ» վավերագրական ֆիլմը։ Ռեժիսորը Անատոլի Մոկացյանն է, իսկ սցենարիստը՝ Տիգրան Խզմալյանը։ Վավերագրական ֆիլմում առատորեն արխիվային նյութ է օգտագործվել, որն ավելի շատ պատմում է 70-ական թվականների հայության ընդհանուր մտածելակերպի, քան զուտ ֆուտբոլային հաղթանակի մասին։