Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀՆԱՐԻՆ

Օգոստոս 18,1998 00:00
Tigran Paskevichyan

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին, ներկա ու ապագա նախարարներին եմ նվիրում

Մի՞թե Աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն ու հայի որդին: Րաֆֆի

Կգա 2001 թվականը: Կբոլորի քրիստոնեությանը մեր տված հրաժեշտի 1700 տարին: Հրաժեշտ, որ տրվեց երբեւէ գուցե հանդիպելու հույսով: Շուտափույթ մեկուսացումն անաստված մարդկությունից նախանշեց մեր ոչ թե համախումբ, այլ՝ անհատական հարցուպատասխանը «մարդ լինել-մարդ կենալ» թեմայով: Եւ superman-ի «Ես եմ համայնը եւ ամենքինն է պարփակված իմ մեջ» հայտարարություն-խոստովանությունը մեկուսացումից 700 տարի անց մարտահրավերի պես ուղղվեց առ Աստված եւ բումերանգի պես վերադարձավ առ ժողովուրդ՝ խոստովանողի եւ խոստովանությունն ընդունողի հետ ոչ մի կապ չունեցող: Եւ միայն այս կամ այն բռնացողի ճնշումը հարկադրեց մխիթարվել երբեւէ գուցե հանդիպելու հույսով:

Մխիթարվել, այսինքն, բծախնդրորեն խույս տալ անմխիթար վիճակի հետագա զարգացումներից կամ փորձել դիմագրավել՝ մինչեւ հերթական պատնեշի հերթական փլուզումը: Երանի նրանց, որ փլատակի տակ մնացին, որովհետեւ նրանցն է գոնե փլատակի արքայությունը: Քանզի այնտեղ՝ փլատակի արքայությունում, բոլորը հավասար են: Իսկ այստեղ՝ փլատակի վրա անհավասարներն անհավասար պայքար են մղում առավել անհավասարի տիտղոսի համար: Եւ պայքարն ընդարձակում է փլատակի տիրույթն ու նոսրացնում անհավասարների շարքերը:

-Մեռած հայն ինչո՞վ է տարբերվում ապրող հայից: Մեռած հայն անմահ է, իսկ ապրող հայը ջղաձգվում է դեպի անմահություն: Հայի կենդանությունը չափազանց անատոմիական վիճակ է, իսկ մահը՝ հոգեւոր-մշակութային: Երբ ասում են մշակույթ, անպայման պատկերանում է տապանաքար, որի տակ չկան նույնիսկ անատոմիայի հետքեր: Երբ ասում են մշակույթ, անպայման պատկերանում են գրքեր, որոնք չեն կարդացվում: Երբ ասում են մշակույթ, անպայման պատկերանում է Աստծո տան գործառույթը կորցրած շինություն, որն ինքնին տարաշխարհիկ է: Երբ ասում են մշակույթ, անպայման պատկերանում է մեծ ԱՂԱՎԱՂՈՒՄԸ:

-Ո՞վ է արտաշնչել, ասենք, Գրիգոր Նարեկացու կամ, ասենք, Եղիշե Չարենցի ներշնչանքը: Ազգային ո՞ր այրն է իր ու իրենից կտրված պորտի միջակա տարածությունը ծայրից ծայր հաղթահարել խոհեմության ուղղագծով ու համաշխարհային անվանականչին պատասխանել՝ ներկա: Համենայնդեպս ինձ անհայտ են այդ անունները: Ինքնաչիք վարքի մշտատեւ մարտավարությունը նոր պատերազմներ է ենթադրում, որպեսզի նոր ճակատներում նոր հերոսներ կայանան, որպեսզի նոր հիշատակներ ծնվեն ու որպեսզի նոր ստախոսություն լինի՝ ազգի, հայրենիքի ու հաղթանակների մասին:

Եւ որպեսզի նոր ստախոսությունը կրկին թափանցի գեների գաղտնարաններն ու դուրս բերի մի հին ու հինավուրց հայկական բանաձեւ՝ որեւէ արժեք զրոյով բազմապատկելիս ստացվում է զրո: Ով չի հաշտվում այս մտքի հետ, պիտի հնար գտնի ու դուրս պրծնի այս զրոյի շրջանակից, գնա այնտեղ, ուր իրական արժեքներ կան: Ու իրականների շարքում աննշմար մի տեղ զբաղեցնելով, համեստորեն մասնակցի բազմապատկմանն ու դառնա ուրիշի մեկը հարյուր անող զրոն: Քանզի նա, ով չի մասնակցում բազմապատկմանը, նվազմանն է մասնակցում: Իսկ ով նվազմանն է մասնակցում, նա դանդաղ մահն է: Ու որքան դանդաղ է մահը, այնքան ահարկու է նվազումը, երեւելի ոչնչագնացությանն առընթեր:

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ 

Գր. Նարեկացի «Մատյան ողբերգության»

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31