Օգոստոսի 15-ի գիշերը, մյուս օրերի համեմատ, բոլորովին ուրիշ կերպ անցավ «պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժնում։
Անսպասելի հայտնվեց Արտո Բոյաջյանը (Արտո Թունք Բոյաջյան), որն առաջին անգամ էր Հայաստան եկել։ «Դրսում»՝ ի տարբերություն Հայաստանի, նրան գրեթե բոլորը գիտեն։ Ապրում է Նյու Յորքում։ Առաջին հայացքից սովորական՝ մի քիչ էլ սեւական (նեգրական) ոճի հագնված այդ երիտասարդին սկզբում միայն մի քանի երաժիշտներ ճանաչեցին։ Քիչ անց (արդեն գիշերը՝ ժամը 2-ին), որ արդեն նրա անվան ալիքը տարածվել էր սրճարանում, Արտոն մոտեցավ կոնգաներին։
Ջազմեն Վահագն Հայրապետյանը հայտարարեց՝ Արտո Բոյաջյան, այսինքն՝ նա, որ երգել-նվագակցել եւ ձայնագրվել է հայտնի երաժիշտներ Ջո Զավինուլի, Ալ Դի Միոլայի, Մայք Մաինիերիի եւ շատերի հետ։ Արտոյի՝ ազգային, արեւելյան իմպրովիզներով ջազային կատարումներն անմիջապես փոխեցին երեւանյան միապաղաղ մթնոլորտը։ Անգամ երաժիշտները՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Ալեքսանդր Աղամյան (թմբուկներ), Նիկոլայ Վարդանյան (բաս) նոր տրամադրությամբ եւ մի ուրիշ ոգեւորությամբ այդ օրը նվագեցին։ Ինչ խոսք, հաճելի է լավ երաժշտի հետ նվագելը։ Արտոյի կատարումները հիմնականում հորինված բառերով տեքստեր էին։ Սկզբում նվագում եւ երգում էր միայն կոնգաներով, այնուհետեւ գործիքներն ավելացան։
Մատուցողները բերեցին մետաղյա սկուտեղ եւ հայկական ջերմուկ։ Թվում էր, թե պետք է խմի, սակայն բացելուց հետո Արտոն սկսեց շշով սուլելով եւ միաժամանակ կոնգաներով նվագել ու երգել։ Ապա ջերմուկի շշին միացավ մետաղյա սկուտեղը։ Արտոյին նվագակցելու միացավ նաեւ երաժիշտ Արսեն Ներսիսյանը (դարձյալ կոնգաներ էր նվագում)։ Պետք էր տեսնել մի քանի գործիքներով, մարմնի՝ սեւական շարժումներով նրա կատարումները։ Արտոյին եւ մեր երաժիշտներին միայն լսելը քիչ էր, պետք էր նաեւ նայել, տեսնել նվագելու ընթացքում նրանց ներքին շփումը, դիմախաղերով խոսակցությունները…
Կարդացեք նաև
Արտոն, որին ոգեւորել էր մթնոլորտը, նոր իմպրովիզացիաներ էր անում, հայերեն բառակապակցություններ օգտագործում, երգելով խոսում, ասենք՝ «Մալխաս ախպորը» (Լեւոն Մալխասյանին) կանչում նվագելու, կոնյակ-կոնյակ ուզում… Այսպես մինչեւ առավոտյան ժամը 6-ը շարունակվեց Արտոյի ակցիան։
Կիրակի օրը նրա վերջին օրն էր, քանզի հաջորդ առավոտյան մեկնում էր Նյու Յորք։ Այդ օրը նույն սրճարանում արդեն կրկնակի բազմություն էր կուտակվել։ Արտոն շարժեց մթնոլորտը, ինչպես նախորդ օրը։ Սրճարանում հավաքված մի շարք հայ աղջիկներ, որ ցանկացած երաժշտության մեջ եղած արեւելյան մոտիվից ձեռքները վերեւ են բարձրացնում ու ոտքերը գետնին «զարկում», պարային շարժումներով միացան երաժշտին։
Այդ օրը, կարելի է ասել, որ Արտոն ավելի շատ աշխատում էր հանդիսատեսի վրա՝ արձագանքելով նրանց ոգեւորություններին։ Երաժիշտները հիացած էին նրա կատարումով. մեր սեղանի շուրջ հավաքվածներից մեկը ակամայից մտածեց՝ «Էս մարդը 16-րդ հարկից թքած ունի բոլորի ու ամեն ինչի վրա»։ Մեկ ուրիշն էլ, թե՝ «Այսօր 500 դոլարանոց անվճար համերգ լսեցինք»։
Տեքստը եւ լուսանկարը՝ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ