Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԵՐԴԻՆԱՆԴ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՂԲԱԿՈՒՅՏԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Օգոստոս 18,1998 00:00
Ferdinant manukyan

Գյումրիի Սեւյանի անվան մշակույթի պալատը երկրաշարժից առաջ քաղաքի մշակույթի իսկական կենտրոն էր, որն այժմ ավերակների մեջ է ու կողքին առաջացած շուկայի նպարավաճառների համար բացօթյա աղբանոցի է վերածվել։

Մշակույթի կենտրոնի ներսի պատերից մեկի վրա 16 մետր երկարությամբ ու չորս մետր բարձրությամբ ֆլորենտական ոճով արված որմնանկարն է, որն անխղճորեն փչացվում է մարդկանց կողմից։ Հեղինակի՝ հանրապետության վաստակավոր նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի հետ մեր զրույցը կայացավ այս շենքի կողքին, բարբարոսությանը զոհ գնացող արվեստի ստեղծագործությունը դիտելուց հետո։

– 1968-1971 թվականներին ես՝ երիտասարդ մասնագետս, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նորավարտ նկարիչ, վերադարձել էի հարազատ քաղաք, որպես նրա գլխավոր նկարիչ,- ասաց նա։

– Այդ շրջանում մեր քաղաքում երիտասարդ նկարիչներ չկային, մի քանի մշտաբնակ ավագներ էին աշխատում միայն։ Բայց քաղաքին թարմ շունչ էր պետք, նորավարտ նկարիչներ էին պետք, որ գեղեցկացնեին Լենինականը։ Ի պաշտոնե սկսեցի հրավիրել մեր լավագույն նկարիչներին՝ Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Ռաֆայել Աթոյան, Ռուբեն Ղեւոնդյան, Անատոլի Գրիգորյան, Ֆելիքս Գուլանյան, նույնիսկ տոնակատարությունների հանդերձանքը պատրաստելու համար էին գալիս, բազմազան ձեւավորումներ անում։ Այդ շրջանում էր, որ քաղաքում ծնունդ առավ մոնումենտալ գեղանկարչությունը։ Ինքս մի քանի աշխատանքներ ձեռնարկեցի, ապա եկավ Աշոտ Մելքոնյանը, կոնդենսատորների գործարանում կատարեց «թաց որմնանկարչություն»՝ միակն ամբողջ Հայաստանում։

Սեւյանի պալատում արածս այս աշխատանքը կոչվում է «Սասունցիների պարը». սա խճանկարի «ֆլորենտական ոճ» է կոչվում, որովհետեւ այս ձեւի որմնանկարչություն արել են միայն Ֆլորենցիայում։ Կատարման տեխնիկան տառապալի պրոցես է, ուստի տարածում չի գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ընդհանրապես։ Հայաստանում միայն երկու հոգի ենք այս ոճով աշխատել։ «Մերգելյան» ինստիտուտի մաթեմատիկական մեքենաների սրահում մի աշխատանք կատարել է հանգուցյալ նկարիչ Հովհաննես Մինասյանը՝ մեծատաղանդ արվեստագետ։

Առաջինը Հայաստանում։ Այդ աշխատանքը կոչվում է «Երկրաչափական կորեր»։ Ես երկուսն եմ արել։ Առաջինը, ավելի փոքր չափի, «Գյումրեցիներ», տեղադրված է քաղաքի «Գյումրի» ռեստորանում։ Երեք տարում, մենմենակ արեցի այս աշխատանքս՝ խճանկարը պատրաստելուց մինչեւ տեղադրելը։ Քարերով նկարչություն է սա։ Կոմունիստական տարիներին փորձում էին արգելել. ի՞նչ գործ ունի «Սասունցիների պարը» մեր քաղաքում։ Ես բացատրում էի, որ այդ պարը ամբողջ ժողովրդի պարն է, եւ ոչ թե մի էթնիկական խմբի։ Տեսնում եք՝ երկրաշարժից հետո պատը չի փչացել, դիմացել է, իսկ մարդիկ, ահա, այս օրի են հասցրել։

Երբ առաջին անգամ այսպես տեսա՝ սիրտս կանգ առավ։ Աղմուկ բարձրացրի։ Քաղաքի նախկին ղեկավարությանը դիմեցի, այս սրահի դուռ-լուսամուտ մուտքերին պատ շարեցին, որ պահպանվի։ Բայց ահա, անխիղճները այդ պատերը քանդել են, որմնանկարիս սենյակը նորից աղբանոց դարձրել։ Դիմել եմ քաղաքի նոր ղեկավարությանը, նորից են արգելապատեր դրել, բայց նորից են քանդել։ Նույնիսկ նկարի քարերը քանդելու փորձ են անում, ինչո՞ւ, չգիտեմ։ Ասեմ, որ այս աշխատանքը որմնանկարչության միջազգային մրցույթներից մեկից ոսկե մեդալ է բերել Խորհրդային Միությանը։ Այն տեսնելու համար Լենինական էին գալիս շատ գրողներ ու արվեստագետներ՝ Երվանդ Քոչարը, Սերգեյ Փարաջանովը, հիշում եմ վերջինիս խոսքերը՝ Լենինյան մրցանակի արժանի գործ։ …

Ֆերդինանդ Մանուկյանի դեմքին եւ ցավ կա, եւ ափսոսանք, եւ հիասթափություն։ Չէ որ որմնանկարչությունն արված է ոչ մեկ սերնդի համար…

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Արմենպրեսի հատուկ թղթակից

Գյումրի-Երեւան «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31