«Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների սեփականաշնորհման շուրջ բորբոքված կրքերը կարծես թե հանգստացան. օգոստոսի 7-ին եւ 14-ին ստորագրվեցին «Անի» եւ «Արմենիա» հյուրանոցների սեփականաշնորհման պայմանագրերը։
Երեկվա ասուլիսում ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը նշեց, որ գործարքի մանրամասները մինչ այժմ գաղտնի են պահպվել զուտ մեր շահերից դրդված։ Այս (եւ մնացած) հյուրանոցների սեփականաշնորհումը պիտի որ նպաստի Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանը։ Ելնելով տնտեսական նպատակահարմարության եւ հյուրանոցային միջազգային շուկայի պահանջներից՝ միջազգային մրցույթի են ներկայացվել «Արմենիա», «Անի» եւ «Դվին» հյուրանոցները, սակայն վերջինս գնորդ չի ունեցել։ Շուտով կառավարությունն այս հյուրանոցը դարձյալ կներկայացնի միջազգային մրցույթի։
«Marriot-Armenia»
Միջազգային մրցույթով վաճառքի առաջարկված «Արմենիա հյուրանոցային համալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ պետությանը պատկանող բաժնետոմսերի 80 տոկոսը վաճառվեց 8 միլիոն ԱՄՆ դոլարով։ Գնորդին իրավունք է վերապահված երկու տարվա ընթացքում գնել մնացած 20 տոկոսը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլարով։ Հյուրանոցային համալիրի գնորդներն են ԱՄՆ-ի մի խումբ ներդրողներ, որոնց շահերը ներկայացնում են ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի հայազգի գործարարներ Նիշան Աթանոզյանը, Փոլ Կորյանը եւ նրանց ֆինանսական խորհրդատու «East-West Financial Sevices» ընկերությունը։
Կարդացեք նաև
Հյուրանոցի վերակառուցման, բարեկարգման եւ վերազինման համար ներդրողները պարտավորվել են ներդնել առնվազն 22 մլն դոլար։ 229 սենյանակնոց «Արմենիա» հյուրանոցի մեկ սենյակի ընդհանուր գինը, այսպիսով, 140 հազար դոլար է։ Հյուրանոցի վերազինման եւ բարեկարգման աշխատանքների վերահսկողությունը ստանձնել է «Marriot International, inc.» ընկերությունը, որը, ըստ պարոն Նանագուլյանի, միջազգային հյուրանոցային բիզնեսի ոլորտում աշխարհի մաշստաբով ամենաճանաչված ընկերություններից մեկն է եւ 1997 թվականին իրացրել է ավելի քան 9 մլրդ դոլարի ծառայություններ։
«Marriot»-ը իրականացնում է մոտ 1500 հյուրանոցային համալիրների, 3500 հանգստյան առանձնատների, 27 կոնֆերանսային պալատների եւ… 17 գոլֆի հրապարակների մենեջմենթը ԱՄՆ-ում եւ աշխարհի ավելի քան 53 երկրներում։ «Արմենիա» հյուրանոցի վերազինման եւ բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2001 թվականի հունվարի 1-ը։ Այնպես որ, Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Երեւան ժամանող հյուրերը հնարավորություն կունենան հյուրընկալվել արդեն նոր «Marriot-Armenia» հյուրանոցում։
Ի դեպ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Էդուարդ Մուրադյանը մեծ ցանկություն ուներ հնարավորինս շուտ «Արմենիայի» կողքին տեսնել «Marriot» անվանումը, իսկ «Արմենիա» անվանումը նրան այնքան էլ դուր չի գալիս. «Հայաստանում լիքը «Արմենիա» կա»։ Իսկ ինչ վերաբերում է «Անի» հյուրանոցի անվանմանը, պրն Մուրադյանը մեծահոգաբար համաձայնեց, որ «Անին» «Անի» մնա՝ «Սիրուն անուն ա»։
Տեսնեմ «Անին» ու նոր…
«Անի» հյուրանոցի սեփականաշնորհման պայմանագիրը կնքվել է Merrili Lynch ընկերության լոնդոնյան գրասենյակում։ Հյուրանոցի գնորդը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում գրանցված ANI Enterprises LLC ընկերությունն է։ Այս ընկերությունը ներկայացնում են հայազգի գործարար Կոստի Շիրվանյանը, հասարակական գործիչներ եւ բարերարներ Ռալֆ եւ Սավի Թուֆենկյանները, ճարտարապետ Մարգո Բրանբիլան եւ շինարար Միմո Բառրոյանը։ Հյուրանոցը վաճառվեց 4 մլն ԱՄՆ դոլարով։ Նրա վերակառուցման եւ վերազինման նպատակով գնորդը պարտավորվել է ներդնել ավելի քան 10 մլն դոլար։ Նախատեսված է եղած շենքի անմիջական հարեւանությամբ կառուցել բազմահարկ առեւտրային կենտրոն, իսկ հյուրանոցային համալիրում հիմնել առողջության սրահ, ռեստորաններ, ավտոմեքենաների վարձույթի սրահ, բիզնես-կենտրոն։ Վերակառուցման աշխատանքները պետք է սկսվեն 1999 թ. սկզբներին եւ ավարտվեն Հայաստանում Քրիստոնեության հաստատման հետ առնչվող տոնակատարությունների նախաշեմին։Հավանաբար, այդ տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ այս հյուրանոցում կտեղավորվի։
Նախնական տվյալներով
Ըստ պրն Նանագուլյանի՝ երկու հյուրանոցների տնօրենների՝ իրենց տեղում մնալու հարցին նոր տերերը կարծես դեմ չեն։ Չի բացառվում, որ հյուրանոցների սպասարկող անձնակազմը կրճատվի։ Մնացողներին հնարավորություն կընձեռվի անցնել համապատասխան վերապատրաստում եւ որակավորում, որից հետո նոր նրանք կկարողանան աշխատել հյուրանոցներում։
Հերթական փայլուն գործարքի մանրամասները
Այս հյուրանոցները միջազգային մրցույթով գնելու բանավոր առաջարկները շատ էին, իսկ լուրջ հայտերը՝ քիչ։ «Արմենիայի» համար եղել է 2 հայտ, «Անիի»՝ ընդամենը 1։ Մեր կառավարությունը հյուրանոցների նոր տերերին երաշխավորել է նրանց է գործունեության ընթացքում չստեղծել անհաղթահարելի խոչընդոտներ։ Կառավարությունն էլ՝ որպես վաճառող, գնորդից երաշխիք է ստացել, որ ներդրումային ծրագիրը կիրականացվի, հյուրանոցը կստանա «Marriot» անվանումը։ Որպես ներդրման անհրաժեշտ գումար նշված է 22 միլիոնը։ Եթե ներդրվի ոչ թե 22, այլ ասենք՝ 20 մլն դոլար, կառավարությունն իրավունք ունի աուդիտ պահանջելու։ Վերոնշյալ պայմանները չապահովելու դեպքում գնորդը կկորցնի հյուրանոցը եւ դրա դիմաց վճարված գումարը։
«Marriot»-ն արդեն սեպտեմբերի 1-ից կստանձնի «Արմենիայի» կառավարումը։ Հյուրանոցը վերազինելուց հետո, «հույս ունենք», որ «Marriot»-ն իր անունը կփակցնի «Արմենիա»-ի կողքին (առջեւից)։ «Արմենիան» սրանով կմտնի միջազգային ցանց։ «Արմենիա» հյուրանոցի տարեկան միջին զբաղվածությունը, ըստ տնօրենի, չի անցնում 40 տոկոսը։ «Marriot» ընկերությունը խոստացել է ապահովել առնվազն 70-75 տոկոս զբաղվածություն։ Հյուրանոցի շահույթը շնորհիվ նոր ծառայությունների կավելանա 20-30 տոկոսով։ Հյուրանոցի արտաքին տեսքը չի խախտվի՝ ի վնաս շենքի եւ տեղանքի ճարտարապետության։
«Արմենիա» հարյավ ի մեռելո՞ց…
Փաստորեն, երկու հյուրանոցները պատրաստ կլինեն զբոսաշրջիկությունը Հայաստանում ծաղկեցնել 2001 թվականից հետո։ Իսկ մինչ այդ, գուցե խելոք կլիներ սեփականաշնորհել Գառնին ու Գեղարդը. Հայաստանում հեթանոսությունը թոթափելու 1700-ամյակին էլ պակաս թվով զբոսաշրջիկներ չենք ունենա։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ