Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ, ԲԱՅՑ ՇԱՏ ՄԵԾ ՍԽԱԼՆ ԷՐ ՍԱ»

Օգոստոս 18,1998 00:00
David Shahnazaryan

Այս հրապարակումը պատրաստվել է ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի հետ «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի հարցազրույցի հիման վրա։

Լրիվ համաձայն եմ այն ձեւակերպմանը, թե Հեյդար Ալիեւի Բաքու հրավերը, որոշ իմաստով, քաղաքական մարտահրավեր էր, որը Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, չընդունեց։ Թերեւս դա միայն մարտահրավեր չէի անվանի՝ գուցե ավելի մեղմ բնորոշում կարելի էր գտնել։ Համենայնդեպս, հստակ է, որ Ալիեւը մեկ անգամ եւս ապացուցեց, որ քաղաքական ու պետական գործչի իր միջազգային հեղինակությունն անհիմն չէ։ Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիեւի նման քայլը վկայում է բարձր մակարդակի գործիչ լինելու եւ իր վստահության մասին թե՛ երկրի ներսում, թե՛ ընդհանրապես միջազգային հարաբերություններում։ Ալիեւը հաստատեց, որ ինքը պատրաստ է խոսել Հայաստանի հետ, ընդ որում՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ։ Միջազգային ասպարեզում Ալիեւի այս քայլն ակնհայտ է, որ միարժեքորեն բարձր կգնահատվի՝ իբրեւ խաղաղասեր քայլ։ Ինչո՞ւ Հայաստանի գործող, փաստացի նախագահն այդպես վարվեց։ Արտաքին քաղաքական ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Հայաստանի այսօրվա իշխանությունը։

Ըստ էության, այդ խնդիրների ցանկը երբեք չի հրապարակվել, համենայնդեպս դրանք հասարակությանը հայտնի չեն։ Այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ պետք է դրված լինեին։ Նախ, ԼՂ հիմնահարցի լուծման առումով, ըստ իս, պիտի առաջնահերթ հետեւյալ խնդիրները լինեին՝ բանակցային գործընթացի անհապաղ վերսկսում, ներկայիս անկայուն ու փխրուն զինադադարի կայունացում եւ երրորդ կարեւորագույն խնդիրը՝ ԼՂՀ իշխանությունների միջազգային ճանաչումն է։ Նախագահը մերժելով այս համաժողովին ներկա լինել՝ փաստորեն, ոչ մի քայլ չի անում այս մարտավարական խնդիրներից որեւէ մեկը լուծելու ուղղությամբ։

Արտաքին քաղաքականության խնդիրներից մեկն էլ պիտի լինի մեր տարածաշրջանում անվտանգության կայուն համակարգի ձեւավորմանը նպաստելը, որի ուղղակի ճանապարհներից մեկն է միջազգային տնտեսական կառույցներին մասնակցությունը՝ եւ առաջին հերթին «Մետաքսի ուղու» ծրագրի քննարկումներին։ Նախագահի հրաժարվելը սրան էլ չի նպաստում։ Հայաստանը պետք է իր համար արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիր դիտի նաեւ շրջափակումների վերացումը եւ մասնավորապես՝ Թուրքիայի կողմից շրջափակման վերացումը։ Գործող նախագահի չմասնակցությունն այդ հանդիպմանը նաեւ այս խնդրի լուծմանն էլ չի նպաստում։ Այս ամենից երկու հետեւություն կարելի է անել, որ Հայաստանը պատրաստ չէ այդ համաժողովին մասնակցել եւ միջազգային տնտեսաքաղաքական մեծ ծրագրերում մասնակցություն ցուցաբերել։ Եվ երկրորդը, ինչքան էլ տխուր է՝ Հայաստանն իր առջեւ երեւի ընդհանրապես չի դնում այն խնդիրները, որ ես թվարկեցի։

Ակնհայտորեն Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական փաստացի մեկուսացումն այս իմաստով ձեռնտու է ներկա իշխանություններին։ Ձեռնտու է Թուրքիայի հետ սահմանի փակված մնալը, քանզի այդ մասին ընդհանրապես չի խոսվում։ Պետական քարոզչությունն էլ անընդհատ տարածում է, որ այս շրջափակումը մեզ ոչնչով չի խանգարում։ Եվ եթե այս համատեքստում նաեւ ուշադրություն դարձնենք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների, եթե չասենք՝ սառեցմանն, ապա՝ պասիվությանը, այն դեպքում, երբ Վրաստանը հռչակել է Ադրբեջանի հետ առավելագույն մերձեցման քաղաքականություն, ապա տեսնում ենք, որ Հայաստանը, ցավոք, շարունակում է էլ ավելի դուրս մնալ թե՛ տարածաշրջանային, եւ թե՛ ընդհանրապես միջազգային գործընթացներից, ծրագրերից։ Կարծես թե ամեն ինչ սկսում է շրջանցել Հայաստանը։

Ղարս-Թիֆլիս երկաթուղու հարցը Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ արդեն հասել է տեխնիկական մակարդակով ուսումնասիրման մակարդակի, ուրեմն քաղաքական բոլոր հարցերը լուծվել են։ Եվ եթե «Մետաքսի ուղին» էլ շրջանցի Հայաստանը, ապա մենք լրիվ կղզի կդառնանք այս տարածաշրջանում։ Աստված չանի, Վրաստանի հետ փոխհարաբերություններն էլ շարունակեն վատթարանալ՝ հետեւանքները շատ ու շատ ավելի ծանր կարող են լինել։ Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պատրաստ չէ հասկանալ մի պարզ իրողություն, որ գոյություն ունեն համաշխարհային ընդհանրական շահեր, եւ Հայաստանը պետք է իր ուրույն տեղը զբաղեցնի աշխարհում եւ դառնա այդ ամենի մի մասնիկը։ Շարունակվում է նույն այն քաղաքականությունը, որ Հայաստանին տնտեսական ու քաղաքական մեկուսացման է տանում։

… Իհարկե, Հայաստանի ցանկացած ղեկավարի այցելություն Ադրբեջան, նախագահական ընտրությունների շեմին, շահարկման առարկա կդառնա։ Մանավանդ որ, Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներում, մեղմ ասած, միարժեք չի ընդունվել Ալիեւի այդ քայլը։ Բայց դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ալիեւն իսկապես վստահ է իր ուժերին, թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում։ Ուշադրություն դարձրեք, որ չնայած Ադրբեջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց վերջին 2 շաբաթվա ընթացքում Ալիեւն էական զիջումների է գնացել։ Ըստ արեւմտյան որոշ քաղաքագետների, Ալիեւը տեսնելով եւ ուսումնասիրելով Հայաստանի նախագահական ընտրությունների դառը փորձը՝ շարունակելու է քայլեր ձեռնարկել, որ իրենց ընտրությունները գոնե արտաքուստ ժողովրդավարական երեւան։ Քանզի Ալիեւը հստակ գիտակցում է (մի քանի անգամ էլ այդ մասին մամուլում ասել է), որ Հայաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունները կապված են «ընտրությունների» հետ։ Այնուամենայնիվ, վերադառնանք ՏՐԱՍԵԿԱ-ին։

Պետք էր օգտվել այս հնարավորությունից եւ քննարկում կազմակերպել ոչ թե գնալ-չգնալու, այլ՝ ինչ ծրագրով ու առաջարկներով գնալու վերաբերյալ եւ ընդհանրապես, վերադառնալ ակտիվ քաղաքականությանը եւ ոչ թե շարունակել այս… ընդհանրապես քաղաքականության բացակայությունը։ Չէ՞ որ, անկախ արցախյան հակամարտությունից, տնտեսական ընդհանուր շահեր կան։ Բացի այդ, հակամարտությունների կարգավորման միջազգային ողջ փորձն ապացուցում է, որ դրական արդյունքի կարող ենք հասնել, եթե տնտեսական համագործակցություն սկսի զարգանալ եւ դրանով հնարավոր լինի մեղմացնել քաղաքական եւ նույնիսկ գաղափարական հակասությունները։

Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է այդ լուրջ ճանապարհից, որով հնարավորություն կունենար լուծել թե՛ շրջափակման հարցերը, թե՛ մեղմել այն հակասությունները, որոնք խանգարում են բանակցությունների վերսկսմանը։ Պարզ է, որ Բաքվում միայն տնտեսական ծրագրեր չեն քննարկվելու, եւ սա Ալիեւի կողմից, փաստորեն, նաեւ շփումներն ու բանակցությունները վերսկսելու առաջարկ է։ Եթե ամիսներ առաջ միջնորդների կողմից ուղղակի առաջարկներ, փաթեթներ էին ներկայացվում՝ քանի ամիս է դրանք էլ չկան։ Իսկ բանակցությունների բացակայության պայմաններում ավելի ու ավելի է մեծանում պատերազմի վտանգը։ Չգնալը պատճառաբանող բոլոր փաստարկներից ամենաանլուրջն անվտանգության խնդիրներն են։ Այնքան անլուրջ, որ դրանց չեմ էլ ցանկանում անդրադառնալ։

Հաջորդ անլուրջ փաստարկն այն է, թե զուտ տնտեսական բնույթի այս խորհրդակցությանը փաստացի նախագահի մասնակցությունը կշեղեր ուշադրությունը քննարկվող խնդիրներից։ «Մետաքսի ուղին» 21-րդ դարի խոշոր ծրագրերից մեկն է լինելու, եւ առնվազն անհեթեթ է սա զուտ տնտեսական ծրագիր դիտելը։ Սա շատ լուրջ քաղաքական ծրագիր է, որի վրա հսկայական գումարներ պիտի ծախսվեն։ Ընդհանրապես, սրանով հստակեցվում է Կովկասի դերն աշխարհում՝ այն բերվում է քաղաքական մի մակարդակի Եվրոպայի եւ Ասիայի հետ միասին։ Պատահական չէ, որ այս գաղափարը պարունակվում է անմիջապես ՏՐԱՍԵԿԱ-ի անվանման մեջ։ Եվ եթե այս ամենը նույնիսկ միայն տնտեսական բնույթ ունենար՝ այսպիսի հզորագույն ծրագրերը միշտ էլ ոչ միայն ուղղակիորեն քաղաքականության վրա են ներազդում, այլեւ թելադրում են այն։

… Այնուամենայնիվ, իբրեւ Համազգային շարժման հիմնադիրներից մեկը՝ չեմ կարող համաձայնել հնչած այն տեսակետին, թե այսպիսով պարտության է մատնված 1988-ից առկա համոզումը, որ անկախ Հայաստանը տնտեսական ու ֆինանսական խաչմերուկ դառնալու լուրջ հնարավորություն ունի։ Որքան էլ զարմանալի է, մինչ այսօր այդ հնարավորությունները դեռ կան։ Բայց եթե ներկայիս իշխանությունը մնա եւ շարունակի իրականացնել իր հակապետական քաղաքականությունը՝ շուտով այդ հնարավորությունն էլ արդեն չի լինի։

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել