Օգոստոսյան տրիպտիխ
1. Բաքու չգնալու «մինուսներն» ու «պլյուսը»-Maestoso
Շուրջ մեկ ամիս քննարկվող՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բաքու գնալ-չգնալու հարցին անցած շաբաթ վերջակետ դրվեց։ Սեպտեմբերի 7-8-ին Բաքվում տեղի ունենալիք միջազգային համաժողովին կմասնակցի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Կարելի է, իհարկե, համաձայնել այն գործիչների հետ, ովքեր ասում էին, որ դա, ի վերջո, նախագահի որոշելու հարցն է։ Եվ այսօր, երբ որոշումն արդեն ընդունված է, կարելի է մտորել, թե ինչ կշահեինք մենք բոլորս եւ անձամբ նախագահ Քոչարյանը, եթե, այնուամենայնիվ, գնար Բաքու։
Ա. Այցելությունն անուղղակի ձեւով կամրապնդեր պատերազմի արդյունքները։ Եթե հաղթանակած երկրի նախագահը, որն այդ հաղթանակի գլխավոր կերտողներից մեկն էր, հյուր է գնում պարտված պետության ղեկավարին, եւ դա առարկություն չի գտնում համաժողովի մասնակից այլ երկրներում, ուրեմն, վերջիններս այսպես թե այնպես, ընդունում են պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները։ Ալիեւը կարող էր հոգեբանական եւ քաղաքական պրոբլեմներ ունենալ՝ մեր նախագահի այցելության հետ կապված, բայց համաժողովի կազմակերպիչը Ադրբեջանը չէ, այլ Եվրամիությունը, որը նշված այցելությունը նորմալ եւ բնականոն էր համարում։
Կարդացեք նաև
Բ. Այդ քայլը կդադարեցներ Հայաստանի քաղաքական մեկուսացման մասին խոսակցությունները, այն դեպքում, իհարկե, եթե դրանք թելադրված են անկեղծ մտահոգությամբ եւ ոչ թե պարզապես քաղաքական հակառակորդների շահարկումներ են։ Հայաստանը բարձրագույն մակարդակով կհաստատեր իր պատրաստակամությունը՝ մասնակցելու լուրջ տարածաշրջանային ծրագրերին, այդ թվում նաեւ՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ստեղծմանը։ Ավելի լայն իմաստով, մենք եւս մեկ անգամ ցույց կտայինք, որ պատրաստ ենք խաղալ աշխարհում ընդունված խաղի կանոններով։ Մինչդեռ Ադրբեջանը, որը համաժողովի ընթացքում, հավանաբար, կսկսի իր ավանդական լացուկոծը հայերի կողմից 20 տոկոս «իր» տարածքը գրավելու մասին, այդ ֆոնի վրա կհայտնվի ոչ բարենպաստ վիճակում։
Գ. Ռոբերտ Քոչարյանը կամրապնդեր խիզախ եւ վճռական մարդու իր «իմիջը» Հայաստանի ներսում եւ հաջող promotion կանցկացներ միջազգային ասպարեզում, քանի որ նրա այցելությունը Բաքու հետաքրքիր եւ խարդավալից փաստ լինելով՝ իսկապես կշեշտեր լրատվամիջոցների ուշադրությունը բուն համաժողովից դեպի Հայաստանի նախագահի անձը եւ գործունեությունը դեպի մեր երկիրն ընդհանրապես։ Չգնալով Բաքու, նախագահը կորցրեց այդ եւ մի քանի այլ քաղաքական «պլյուսները», քանի որ Արմեն Դարբինյանը որքան էլ արհեստավարժ վարչապետ լինի, առայժմ չի ընկալվում որպես քաղաքական դեմք։ Փոխարենը մեր երկրի ղեկավարը շահեց մեկ, չափազանց կարեւոր «պլյուս». լսելով իր քաղաքականացված խորհրդականների իմաստուն խորհուրդները՝ նախագահը արժանացավ վերջիններիս հավանությանը։
2. «Դոստիրս դուշման ին դառիլ». Andante pastorale
Այդպես էր կյանքից բողոքում Սայաթ-Նովան եւ ավելացնում. «Բաղերումեն բեզարիլ իմ»։ Այդ երկու պնդումներն էլ չափազանց արդիական են մեր քաղաքական կյանքի համար։ «Իրավիճակի փոփոխության» ազդեցությամբ վերակառուցված եւ «երկրապահացած» գործիչները դեռեւս վերջնականապես չեն կողմնորոշվել, թե որքան խորը եւ անդառնալի պետք է լինի իրենց դավաճանությունը նախկինների նկատմամբ, որպեսզի դա հաճելի եւ ընդունելի լինի ներկա իշխանավորների համար։ Այս առումով առայժմ բոլորից հեռուն է գնացել «Շամիրամի» համանախագահ Գայանե Սարուխանյանը, որը կանանց հատուկ հուզականությամբ եւ, հավանաբար, մինչեւ վերջ չգիտակցելով իր ասածի իմաստը, դժոխք է ուղարկում «Շամիրամի» հիմնադիր Վանո Սիրադեղյանին եւ իր կուսակցության մյուս համանախագահ Շողեր Մաթեւոսյանին։ Մեր թերթի օգոստոսի 7-ի համարում, նկատի ունենալով Շ. Մաթեւոսյանին, տիկին Սարուխանյանն ասաց. «Ինձ թվում է, ավելի հարմար առիթ չի գտնի այդ խոստումն իրականացնելու եւ Վանոյի հետ դժոխք գնալու համար։ Թող հենց այսօր էլ գնա»։
Մի կողմ թողնելով պրն Սիրադեղյանի գործունեության գնահատականը, ընդունենք, թե աշխարհում կատարված բոլոր սպանությունների եւ ինքնասպանությունների համար, սկսած Հուլիոս Կեսարից եւ երիտասարդ Վերթերի տառապանքներից, պատասխանատու է հենց Վանիկ Սմբատիչը։ Սակայն Գայանե Սարուխանյանը, որն իր քաղաքական կարիերայով եւ պատգամավոր դառնալով ամբողջությամբ պարտական է պրն Սիրադեղյանին, այսօր, երբ վերջինիս վիճակը ծանր է, փնովելով նրան, մեղմ ասած, չի դրսեւորում մարդկային երախտագիտության լավագույն օրինակը։ Հուսանք, որ այդ օրինակով չեն դաստիարակվի տիկին Սարուխանյանի աշակերտները, հակառակ դեպքում Չեխովի անվան դպրոցին անհրաժեշտ կլինի շնորհել Պավլիկ Մորոզովի անունը։ Միանգամայն հասկանալի է, որ մարդկանց մի ստվար զանգվածի համար իշխանությունը, պաշտոնը, կարիերան կարող են վճռորոշ դեր խաղալ։ Սակայն նույնիսկ հանուն նշված «վեհ» գաղափարների այդ աստիճանի «երկրապահանալը» արդյունավետ ճանապարհ չէ։ Նոր տերերն ու հովանավորները դա չեն գնահատի։
3. Բարլուս, զենք. Allegro con fuoco
«Ուզում եմ սպանել դավաճան կնոջս ու ինձ, բայց չգիտեմ՝ ումից սկսել»,- ասում է հին, «մորուքավոր» անեկդոտի հերոսը։ Դարասկզբի համր կինոյի նմանատիպ սյուժեները անսպասելիորեն ներթափանցել են դարավերջի անկախ Հայաստանի ուժային կառույցներ, որտեղ կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը։ Վերջին ինքնասպան Արամ Կարապետյանը, ինչպես մեզ բացատրեց պաշտոնական դատաբժիշկը, գործել է աֆեկտի ազդեցության տակ։ Այսինքն, մի քանի ժամ հրաժարականի դիմումը գրպանում եւ ատրճանակը գուլպայում սպասել է, մինչեւ գլխավոր դատախազը վերադառնա կառավարության նիստից, հետո, տեսնելով նրան, ընկել աֆեկտային վիճակի մեջ եւ կատարել իր հանցագործությունը։
Իհարկե, կյանք է, ամեն ինչ հնարավոր է։ Պարզապես պետք է գործնական հետեւություններ անել։ Քանի որ մեր ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները գիմնազիստուհիների նման փխրուն նյարդային համակարգ ունեն եւ ամեն ինչից կարող են ընկնել աֆեկտային իրավիճակի մեջ, ապա նրանց պետք է զրկել զենք կրելու իրավունքից՝ համապատասխան փոփոխություն մտցնելով «Զենքի մասին» օրենքում։ Ուզո՞ւմ են ինքնասպանություն գործել, խնդրեմ, թող մկան դեղ խմեն, միայն թե ուրիշներին վնաս չտան։ Իսկ ընդհանրապես, ինքնասպանությունների համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է կատարելագործել մեր օրենսդրությունը։ Որքան գիտեմ, վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին պարտավոր է հոգեբույժից տեղեկանք բերել, որը ժողովրդական լեզվով կոչվում է «պսիխո»։ Նույնպիսի տեղեկանք պետք է պահանջել դատախազության պաշտոնյաներից։ Աֆեկտներից խուսափելու համար։
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արամ Աբրահամյանի «Արձակուրդային ցինիզմի» եւս մի վառ վկայությունը լուսանկարում պատկերված՝ լվացքի պարանին չորացող նրա հագուստն է «Առավոտ» մակագրությամբ… Արամ Աբրահամյանի փոխարեն ընդամենն այս հագուստը հայտնաբերեց արձակուրդների մասին տեղում պատկերացում կազմել կամեցող մեր թղթակիցը։