Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ՈՒՄ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈ՞ՒՏ ԿԳԱ

Օգոստոս 18,1998 00:00
orenq

Ինչպե՞ս են պատկերացնում կուսակցությունները խորհրդարանական ընտրությունները՝ առանց ընտրությունների մասին նոր օրենքի:

Խորհրդարանը նախորդ նստաշրջանում անդրադարձել էր խորհրդարանական ընտրությունների մասին նոր օրենք ընդունելու հարցին, սակայն չէր հասել համաձայնեցված տարբերակի ընդունման։ Անշուշտ նոր օրենքի ընդունման աշխատանքները պետք է միտված լինեն ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելուն։ Այս մասին կարծիքներ եւ տեսակետներ են հայտնում Հայաստանի քաղաքական կուսակցությունները։

Հրանտ Խաչատրյան – ՍԻՄ

Եթե խոսում ենք ընտրությունների մասին, մենք նկատի ենք ունենում 89172ից ի վեր Հայաստանում անցկացրած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։ Ամբողջ փորձը հուշում է, որ դեռեւս մեր հասարակության կողմից նույնիսկ կիսով չափ իրացված չեն օրենքի տված բոլոր հնարավորությունները։ Ընտրություններում տեղ գտած անարդարությունների հիմնական պատճառը ոչ թե օրենքի անկատարությունն է, այլ իշխանությունների վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։ Գտնում ենք, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանում պետք է լինի մտքի եւ բարոյականության հեղափոխություն։ Իսկ եթե օրենքների մեջ կան թերություններ, նրանց կատարյալ դարձնելը ամենօրյա գործ է, որը պահպանվում է քաղաքակիրթ հասարակություններում։ ՍԻՄ-ը պնդում է ընտրություններում կիրառել 100% համամասնական համակարգ։

Պարույր Հայրիկյան – ԻՄ

Հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին նոր օրենքը կընդունվի։ Նոր օրենքի խնդիրը, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ժողովրդավարության շահերից բխող իսկապես ներկայացուցչական խորհրդարան ընտրելու խնդիր է հետապնդելու, դրան զուգահեռ՝ արդար ընտրություններ նախապատրաստող։ Օրենքները գրվում են արդարությունը պահպանելու, խախտում կատարելու հանգամանքն ընդգծելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Անկասկած նույնիսկ ամենալավ օրենքի պայմաններում կարելի է խախտել այդ օրենքը. եթե խախտվեց, անպայման պիտի ընդգծված լինի։ Անցյալ ընտրություններին օրենքն ինքն էր նախապատրաստում խախտումների մթնոլորտը։

Անդրանիկ Մարգարյան – ՀՀԿ

Օրենքի չընդունումն ու ձգձգումը քաղաքական անհասկանալի նպատակներ էր հետապնդում։ Մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է ընդունել ընտրությունների մասին օրենքը։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրակարգի վերաբերյալ մեր կուսակցության դիրքորոշումն է՝ 50% տալ համամասնականին (66 տեղ), 50%՝ մեծամասնականին (65 տեղ)։ Մեր կուսակցությունն ավելի շատ համամասնականի կողմնակից է. ասենք, 70%։ «Երկրապահ» պատգամավորական խումբն ավելի շատ մեծամասնականին է կողմ։ Մենք քաղաքական կոմպրոմիսների տեղ ենք թողնում, որպեսզի երկու կողմից կարողանանք մոտենալ, եւ խնդիր լուծվի։

Շավարշ Քոչարյան – ԱԺՄ

Օրենքն անհրաժեշտ է ընդունել. բնական է, առանց օրենքի ընտրություններ չեն լինում։ Բայց նույնիսկ եթե ընդունվի լավագույն օրենք, դա դեռ բավարար չի, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցնեն նորմալ մթնոլորտում։ Հանրապետությունում արդեն ձեւավորված է ավանդույթ՝ ուժով, կեղծիքով լուծել ընտրությունների խնդիրը։ Այդ երկրորդ հիմնական հարցը լուծելու համար, օրենքից բացի, անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի որոշակի համախմբում եւ, ամենակարեւորը, իշխանությունները պետք է շահագրգռված լինեն, որպեսզի ընտրություններն անցնեն արդար, չլինեն կեղծիքով. մի բան, որ մինչեւ հիմա իշխանություն ունեցողը կատարել է՝ սկսած 35 թվականից։ Օրենքը թերեւս կընդունվի, չնայած որ խորհրդարանի մեծամասնությունը շահագրգռված չի, որ այն արագ ընդունվի, որովհետեւ այդ դեպքում լուծարման խնդիր կառաջանա։

Սերգեյ Բադալյան – ՀԿԿ

Հասկանալի է, որ չպետք է տեղի ունենան այնպիսի ընտրություններ, որոնք եղան 95 թվականին այսօրվա գործող օրենքով։ Ժամանակն է գտնել ընդունելի տարբերակ, որն այսօր, ցավոք, դեռ այնքան հասունացած չէ։ Մարդկանց հուզում է միայն մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի հարաբերակցությունը։ Ընտրությունների օրենսգիրքը պետք է պարունակի առաջին հերթին ազատ, արդար ընտրությունների մեխանիզմը։ Եվ հետո պետք է մտածենք երկու ընտրակարգերը հարաբերակցելու մասին։ ՀԿԿ-ն ներկայացրել էր իր տարբերակը, որը շատերի կարծիքով ամենակատարյալն էր։ Դա նպաստում էր բազմակուսակցական ժողովրդավարության կայացմանը եւ ուներ այլ առավելություններ, որոնք հնարավորություն էին տալիս, որ ոչ թե «թաղի տղերքը» ընտրվեն, այլ նրանք, ովքեր ներկայացնում են այս կամ այն գաղափարախոսությունը։

Համլետ Դալլաքյան – ՀՌԱԿ

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները չեմ պատկերացնում առանց ընտրությունների մասին նոր օրենքի։ Բոլոր դեպքերում աշնանը խորհրդարանը պետք է անդրադառնա այդ հարցին եւ անպայման ընդունի նոր օրենք։ Այլապես ստիպված կլինենք հին օրենքով ղեկավարվել, իսկ դա, հայտնի է, թե ինչի հանգեցրեց դեռ 95 թվականին։ Անպայման պետք է համաձայնության գալ եւ ընդունել համաձայնեցված տարբերակ։ Հին օրենքում բավականին լուրջ թերություններ կան, նաեւ որոնցով էին պայմանավորված 95 թ. ընտրություններում տեղ գտած թերությունները։ Նոր օրենք ընդունելիս անպայման պետք է հաշվի առնել այս իրողությունը եւ շտկումներ կատարել։ Մենք նախնական փուլում կողմնակից էինք համամասնական ընտրակարգի, բայց կարծում ենք, որ մի քիչ ավելի ձայն համամասնականին տալով՝ կարելի է գտնել համաձայնեցված տարբերակ։ Համոզված եմ, որ աշնանը նոր օրենք կընդունվի։

ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31