«Սա ներկա իշխանությունների հերթական, բայց շատ մեծ սխալն էր։ Առնվազն անլուրջ է վարչապետին գործող նախագահի փոխարեն Բաքու ուղարկելը, քանզի 30-40 երկրների ղեկավարներ պիտի մասնակցեն ՏՐԱՍԵԿԱ ծրագրի քննարկմանը»,- ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանի այս հայտարարությունն ունկնդրելուց հետո «Առավոտի» թղթակիցը խնդրեց նրան մեկնաբանել մի լուր, թե միայն 2 երկրներ են նշված հանդիպմանը նախագահի մակարդակով մասնակցելու. «Ուրեմն առնվազն երրորդն էլ պիտի Հայաստանը լիներ։ Դա արդարացում չէ բացարձակապես։ Այնուամենայնիվ, դեռ ճշտված էլ չէ, որ միայն երկու նախագահ է մասնակցելու»։
Կարդացեք՝ էջ 5:
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Երկար ժամանակ հանրապետությունից բացակայում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ Նրա գտնվելու վայրի մասին բազմաթիվ կանխատեսումներ արվեցին՝ Գերմանիայում է, Չեխիայում է եւ այլն։ Օրերս ԱԺ նախկին փոխխոսնակը վերադարձել է Հայաստան։ Նա «Առավոտին» պարզաբանեց, որ իր բացակայությունը վաղուց պլանավորված էր՝ կապված տղայի ընդունելության քննությունների հետ, որը Չեխիայում երեք տարբեր բուհեր ընդունվելու հայտեր էր ներկայացրել։ Արա Սահակյանի Պողոս որդին ընդունվել է Պրահայի ընդհանուր կառավարման համալսարանի քաղաքականության եւ Պլզենի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։ Դեռեւս որոշված չէ, թե որտեղ է ուսումը շարունակելն ավելի նախընտրելի համարվելու։
Կարդացեք նաև
ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԱՄԲԱՍՈ՞ՒՄ ԵՆ
Օգոստոսի 8-ի «Առավոտի» մի լուր տեղեկացնում էր, թե հայ-ռուսական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արկադի Վարդանյանը գնել է Սերյոժա Կոտոյանի (Սերի) առանձնատունը, որը գտնվում է Չարենցի փողոցում։ Պարոն Վարդանյանն իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է հաղորդել մեր թերթի խմբագրությանը, որ ինքն այդ առանձնատունը չի գնել։