Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 15,1998 00:00
stexcagorcakan miutyun

Բոլոր ստեղծագործական միություններն այսօր գրեթե ոչ մի դեր չեն կատարում. ո՛չ նպաստում են մշակույթին, ո՛չ էլ գոնե՝ վերահսկում։ Իներցիայով նույնկերպ աշխատում են ինչպես սովետական տարիներին, պարզապես ավելի աղքատացած կարգավիճակով։ Պե՞տք են այդ միությունները, թե՞ ոչ։ Ի վերջո, ստեղծագործողին այդ միությունը ստեղծագործական իմաստով ոչինչ չի տալիս։ Միությունների հիմնական անդամներն այսօր նրանք են, ովքեր օրգանապես եւ մտածողությամբ սովոր են ինչ-որ մի կազմակերպության, կառույցի մեջքները դեմ տալուն, արտոնություններ ստանալուն, հանգստյան տներից օգտվելուն…

Ու կարեւոր չէ՝ այսօր նրանք ստեղծագործո՞ւմ են, թե՞ ոչ, կամ՝ քանի՞ բանաստեղծություն կամ ասենք՝ երաժշտություն ունեն ստեղծագործած։ Ավագ սերնդի ճարպիկ բազմաթիվ մտավորականներից շատերն էլ կան, որ միանգամից մի քանի ստեղծագործությունների անդամներ են, սիրում են ձեւական միջոցառումներ կազմակերպել եւ մասնակցել, առիթի դեպքում՝ բողոքել օգնություններ չստանալուց, սոցիալական վատ վիճակից, ֆինանսներից… Ինչի՞ են պետք բոլոր այդ ստեղծագործական միությունները, եւ ո՞րն է դրանց պահպանելու նպատակը։ Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահների առաջարկով վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ հանդիպեց նրանց։

Պարզվեց, որ միությունների նախագահները նախապես գրություններ էին ուղարկել վարչապետին, որոնցում խոսվել է նաեւ Հայաստան, հայ եւ հայկական բառերի գործածության համար 600 հազար դրամ պետական տուրք վճարելու մասին։ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը վիրավորական էր համարում այն, որ իրենք կարող են գոյություն ունենալ առանց Հայաստան անվանման, որ իրենց կարող են հավասար դիտել առեւտրական որեւէ կազմակերպության հետ։ Ի՞նչն է վիրավորական. չէ՞ր կարելի ավելի ճկուն ու պրակտիկ լինել, այսինքն՝ միության անվանումից հանել Հայաստան բառը եւ ազատվել տուրքից էլ, ավելորդ խնդրանքից էլ։ Թե՞ առանց այդ բառերի կշփոթեն Հայաստանի ժուռնալիստների միությունն, ասենք՝ Մոնղոլիայի ժուռնալիստների միության հետ։

Ա. Գեւորգյանն իր գործընկերների անունից ներկայացրեց նրանց հուզող հիմնական խնդիրները։ Նա խնդրում էր ստեղծագործական միությունների կառավարական հեռախոսավարձը հավասարեցնել բյուջետային հիմնարկների կապի միջոցների վարձին, վետերաններին, որոնց արժանապատիվ ձեւով օգնություն ցույց տրվի, բայց ոչ մեկ-երկու կիլոգրամ մթերքի տեսքով, որ ստեղծագործական միությունները, որոնք օգտվում են իրենց տարածքների վարձակալական գումարներից, ազատվեն հարկային բեռից, որպեսզի կարողանան այդ գումարներով օգնել միության անդամներին։ Ա. Գեւորգյանը պատմեց նաեւ, որ եղել են դեպքեր, երբ կառավարության կամ նախագահի պահուստային ֆոնդից որոշ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ստեղծագործական մեկ-երկու կազմակերպությունների։ Նա խնդրում էր նման եւս մի հնարավորության դեպքում հավասար մոտեցում ցուցաբերել. «Եթե մեկ տարի կարելի է պահել երկու միություն, ապա թող 6 ամիս պահվեն բոլոր միությունները»։

Ա. Գեւորգյանը վարչապետին մատնացույց արեց ՀՀ նախկին նախագահի լավ արարքը, երբ նա իր նախագահական ընտրությունից ավելացած գումարներից 5-ական մլն դրամ տվեց ստեղծագործական միություններին։ Ավագ լրագրողը հետաքրքրվում էր, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի ընտրությունից չի՞ մնացել որեւէ գումար, որպեսզի նման հատկացում էլի արվի։ Կառավարական դաչաներից երկու քոթեջ էր խնդրում՝ հանգստի բազա չունեցող միությունների համար, պահանջում, որ կոչումներ ունեցող մտավորականները օգտվեն նախկին արտոնություններից։ Նշեց նաեւ գրանտների մասին օրենքի բացակայության մասին, որ առայսօր առանց օրենքի են գրանտներ ստանում։

Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանը չէր ցանկանում գրաշուկայի ծանր վիճակի եւ գրքեր չվաճառվելու ողբերգությունը վարչապետի առջեւ դնել, քանզի վերջինս դրա պատասխանը չի կարող ունենալ, բայց առաջարկեց ֆինանսավորել գրական մամուլին։ «Այս 2 տարի է աշխատում եմ գրողների միությունում, որը դարձել է սոցապ նախարարության պես մի բան. մուրացկանների շարանը իրենց թաղումների, հարսանիքների առիթներով անընդհատ ձեռքները մեկնած գալիս են… Եթե կարողանայիք գրական մամուլը ֆինանսավորել, օգնել 20 մլն դրամի չափով, ապա այդ հեղինակները՝ երիտասարդները եւ վաստակավոր ծերերը, կկարողանան սնվել մեր գրական մամուլից։ … Ես մի 15-20 մլն փող եմ ուզում ձեզանից, ուրիշ բան չեմ ուզում… Մի տարի է, մենք ձեզանից ոչ մի կոպեկ չենք ստացել, եւ եթե ինչ-որ փոքր գումարներ ունեինք, ապա դրանք սպառվելու վրա են եւ վաղը, մյուս օրը միությունը կանգնած է լուծարման վտանգի տակ»։

Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի կարծիքով, եթե օպերան կարող է Իսպանիայում լինել, պատանի հանդիսատեսի թատրոնը՝ Բուլղարիա գնալ, «Գոյ» թատրոն-լաբորատորիան եւ Խամաճիկների թատրոնը՝ Գերմանիա, երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ Վրաստան, դրամատիկական թատրոնը՝ Մոսկվա, ուրեմն՝ մենք ունենք արտաքին շուկա, եւ ուրեմն ճիշտ չէ ասել, թե մեր թատրոնը մեռած է։ Պարոն Ղազանչյանը բողոքում էր, որ մարզպետարաններին է տրված թատրոնները տնօրինելու խնդիրը, եւ բողոքեց մամուլից, ասելով, որ տպավորություն ունի, թե մեր մամուլում աշխատում են ուրիշ երկրից եկած մարդիկ. «Ավելին ասեմ, աշխատում են կուշտ երկրի մամուլի մարդիկ»։

Ըստ երեւույթին, պրն Ղազանչյանը կուզեր, որ մամուլն իրենց հետ գումարների համար լաց լինի, որ գովերգեին այսօրվա անորակ ներկայացումները եւ Իսպանիայում կամ Վրաստանում լինելը չափանիշ համարեին։ Ե. Ղազանչյանը վարչապետից ուշադրություն էր խնդրում Գյումրիի նկատմամբ. «Ուզում եմ Գյումրին ազատվի Աստծո կողմից մոռացված հող դառնալուց»։ Իսկ խոսքի վերջում նա վարչապետին հաջողություն մաղթեց Բաքու գնալու կապակցությամբ։ Ճարտարապետների միության նախագահի խոսքից կարելի էր կարծել, թե նա մամուլ չի կարդում, եւ այնպես էր խոսում, կարծես ինքը չլիներ ճարտարապետության միության նախագահը։ Ասում է՝ քաղաքը ձեռքից գնում է, հողահատկացումներն արվում են առանց գլխավոր հատակագծի։ Նշեց, որ 94 թ. հետո օրենքը թույլ չի տալիս մշակույթի գործիչներին սեփականաշնորհել իրենց ստեղծագործական արվեստանոցները։

Նկարիչների միության ներկայացուցիչ Գագիկ Աբրահամյանը հիշեցրեց 1988 թ. բնակելի շինարարության հետ կապված մի պատմություն, երբ միության 54 նկարիչներից Դավիթաշենում կոոպերատիվ շինարարության համար գումար հավաքվեց եւ առայսօր նրանք այդ բնակարանները չեն ստացել։

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի փոխարեն եկել էր Ալբերտ Յավուրյանը։ Նա ասաց, որ առաջին հերթին նրանք պետք է ապահովեն կինոշուկան, հետո նոր մտածեն կինոարտադրության մասին։

Եվ վերջինը՝ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը երկար խոսեց մեր կյանքում տեղ գտած դիլետանտության, անպատժելիության եւ լկտիության սինդրոմների, հովանավորչական մեխանիզմ ստեղծելու եւ հեղինակային իրավունքների մասին։

Ամբողջ այս խոսակցություններից վարչապետն առաջին հերթին գլխի ընկավ, որ իշխանության եւ կառավարության պահանջը պետք է լինի ստեղծագործողների, միությունների ղեկավարների, հայ մշակույթը եւ արվեստը զարգացնող անձանց հետ հանդիպելը։ Նա ասաց, որ մշակույթի մասին օրենքի նախագիծը քննարկման ընթացքի մեջ է, որ պետությունը պետք է պատվիրի համապատասխան արժեքների վերարտադրությունը ստեղծագործողների միջոցով, իսկ մշակույթի գործիչները պետք է կարողանան այն կատարել։ Խրախուսեց մշակույթի որոշ բնագավառների կոմերցիալիազացումը։

Կարեւորեց հեղինակների իրավունքների պաշտպանությունը, ասելով, թե համաձայն իր հանձնարարականի՝ միջազգային իրավագետների մասնակցությամբ հատուկ խումբ է ձեւավորվելու, որոնք փորձելու են պաշտպանել հայ հեղինակների իրավունքները։ Նա չողջունեց հարկային արտոնությունների կիրառումը տնտեսության եւ որեւէ այլ ոլորտում։ Խոստացավ, որ կքննարկի քոթեջների հարցը։

Ա. Դարբինյանը հայտարարեց, որ աղավաղել, այլասերվածությունների աստիճանի են հասցրել Աբովյան փողոցը եւ օրերս կայացած կառավարության նիստում քաղաքապետին հանձնարարվել է ընդհանրապես դադարեցնել քաղաքի կենտրոնում հողահատկացումները՝ մինչեւ գլխավոր հատակագծի ստեղծումը։ Վարչապետը կոչումների վերականգնման եւ արտոնությունների վերականգնման մասին հարցին պատասխանեց, որ պետությունը պետք է ստեղծի պարգեւների ինստիտուտ եւ վերականգնի նախկին պարգեւները։

«Պարգեւների մասին որոշումները պետք է ընդունվեն կշռադատված, հավասարակշռված մոտեցման հիման վրա, եւ դա չպետք է դառնա Զատկի նվեր»,- ասաց վարչապետը՝ կարծես ասել կուզեր, որ ՀՀ նախագահի ընտրվելուց հետո մինչ օրս շնորհված բազում պարգեւները Զատկի նվերներ էին։ Այս են մեր ստեղծագործական միությունները, այս են նրանց բարձրացրած հարցերը։ Նախագահներն ամեն գնով փորձում են պահպանել իրենց բաժին հասած կազմակերպությունը, սակայն հարցերից պարզ է, որ բացի պահպանվելուց եւ պաշտպանվելուց նրանք այլ նպատակ չունեն։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31