Լրահոս
Օրվա լրահոսը

Ղեկավարները ցուցմունք են տալիս ենթականերին

Օգոստոս 15,1998 00:00
spanutyun

Հանրապետության դատախազի սպանության լուրը խիստ զգացմունքային ընկալվեց։ Կատարվածը, բնականաբար, հետք կթողնի հասարակական ու պետական կյանքի հետագա զարգացումների վրա։ Այլեւս անհնար է (ինչպես նախորդ աղմկոտ սպանություններից հետո) ձեւացնել, թե լուրջ ոչինչ չի պատահել։ Այլեւս անհնար է թաքնվել (կամ՝ արդարանալ) «անցումային շրջանի պատմական անհրաժեշտության» լոզունգի հետեւում։

Հայաստանն, իհարկե, միակ երկիրը չէ, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձի սպանություն է կատարվել։ Սակայն այս ոլորտում ցանկացած համեմատություն բացարձակապես անիմաստ է։ Քենեդիի կամ Ռաբինի սպանությունից հետո ոչ ոքի մտքով չանցավ կասկածել, որ Ամերիկան եւ Իսրայելը թույլ պետություններ են։ Մեր պարագայում պատկերը բոլորովին այլ է։ Պետության ղեկավարի սպանությունն իր բնույթով բացառապես քաղաքական է։ Այն իրագործում են ազգայնական, կրոնական, գաղափարական ծայրահեղականները։ Իսկ հանրապետության դատախազի վրա կրակում են բացառապես քրեական շարժառիթներով։ Երբ դատախազի վրա կրակում են իր աշխատասենյակում, նախ խորանում է համոզմունքը, որ քրեական տարրը հասարակական կյանքում ամենազոր է ու ամենուր։ Հետո արդեն խորանում է կասկածը, որ պետությունը չկա։

Դատաիրավական բարեփոխումներ ձեռնարկած իրավական համակարգը մի տեսակ թեւաթափ է։ Արդեն չկա առաջին օրվա համոզվածությունը, թե այս սպանությունը հեշտ բացահայտվող քրեական գործ է։ Տպավորություն է ստեղծվում, որ հերթով տարբեր վարկածներ են մտցվում շրջանառության մեջ՝ պարզելու, թե որ վարկածը կընկալի հասարակությունը։ Հանրապետության դատախազի սպանության քննությանն հետեւող մամուլում արդեն լուրջ կասկածներ են արտահայտվել։ Քննությունը վարում է հենց ինքը՝ դատախազությունը։ Դժվար է ասել՝ նման իրավիճակի նախադեպ եղե՞լ է արդյոք մեր իրավապահ կառույցների պրակտիկայում։ Հայտնի է, որ կրակոցներից հետո աշխատասենյակ առաջինը մտել են դատախազության բարձրագույն պաշտոնատար անձինք, եւ հիմա իրենք էլ իրենց ենթակա քննիչների կողմից «հրավիրվում» են որպես վկաներ՝ բացատրություն տալու։

Ընդունեք. մի քիչ դժվար է պատկերացնել իր ղեկավարին «դժվար» հարցեր տվող ենթակայի։ Փոխարենը ամենեւին էլ դժվար չէ պատկերացնել, որ աշխատանքային օրվա վերջում նույն այդ ենթական նույն այդ ղեկավարին զեկուցում է քննության ընթացքի մասին։ Ընդունեք, որ դժվար է հասկանալ դատախազի օգնականին փոխարինողի գործունեությունը։ Ընդունարանի դուռը կողպելը, իհարկե, կարելի է հիմնավորել շփոթմունքով՝ փոխարինողը, որ հարկավ անչափահաս չէ՝ շփոթվել է։ Դատախազությունում աշխատող մարդն իսկապես պետք է, որ շփոթվի կրակոցներ լսելիս։ Հետո, իհարկե, պետք է կողպի դուռը, որ դիակները չփախչեն դեպքի վայրից։

Այսօր մամուլը զբաղված է դատախազության հրապարակումներում եղած փնթի ու հակասական ինֆորմացիայի վերլուծությամբ։ Իսկ դատախազությունն այսօր թաքնվում է «քննության վրա չազդելու» եւ «գաղտնիության ապահովման» լոզունգների հետեւում։ Իսկ դրանք պետք էին անմեղության կանխավարկածը չխախտելու համար։ Ինչը, փաստորեն, փառահեղորեն խախտվեց դեպքին հաջորդած տեղեկատվության մեջ։ Հիմա մնում է միայն շարժառիթներ գտնել։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31